HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 երեխա մեծացնող գյումրեցի ընտանիքը տեղափոխվել է նոր տուն

Սեւակն աթոռին կանգնած միջանցքի լույսն էր փոխում, երբ կինը՝ Աիդան, լացակումած ներս էր մտել ու ասել, թե «ինչ չունեինք, հիմա ունենք»: Ամուսինն ասում է՝ միանգամից հասկացավ, որ խոսքը տան մասին է, որովհետեւ մնացած բաները՝ սնունդ, հագուստ, կարողանում են ստեղծել:

Գյումրու խանութներում մեծ տորթ ենք փնտրում 9 երեխաներով ընտանիքին այցելությունից առաջ: Նրանց մայրը՝ Աիդան, ծնողական ժողովից արդեն տուն է վերադարձել եւ մեզ է սպասում: Ճանապարհին անընդհատ ճշտում ենք նոր տան հասցեն: Այս տարվա սեպտեմբերի 7-ին «Հետքը» հոդված էր հրապարակել Աիդայի մեծ ընտանիքի մասին, որից հետո շվեյցարահայ մի բարերար 3-սենյականոց բնակարան է գնել նրանց համար:

Նորակառույց շենքի պատուհանից նայելով՝ Սեւակը մեզ ձեռքով է անում: 5-հարկանի շենքի վերջին հարկում է գտնվում նոր բնակարանը: Միջանցքի պատերին մուլտհերոսներ են պատկերված: Աիդան ժպիտով մեզ դիմավորում է տան նախասրահում: Երեխաները տարբեր կողմերից խմբվում են նրա շուրջը, սակայն այս անգամ բոլորի դեմքին ժպիտ կա: Մերին միանգամից մոտենում է մեզ ու գրկում, հետո ասում, որ կարոտել է: Երեխաների դեմքերից տխրությունն անէացել է՝ տեղը լցնելով ժպիտով ու մի տեսակ անհոգությամբ:

Մենք սկզբից բոլորս խառն ենք խոսում՝ հին ու նոր տներից, երեխաների նոր դպրոցից, առօրյայից: Մի քանի շաբաթներում խոսելու նյութ այնքան է կուտակվել, որ խոսքը մեղվի բզզոցի պես տարածվում է հյուրասենյակում: Հետո տեղափոխվում ենք խոհանոց՝ տորթը կտրելու եւ երեխաների հետ զրուցելու: Ամեն մեկն իր պատմությունն ունի նույն նյութի մասին, բայց յուրաքանչյուրը յուրովի է պատմում: 

Սեւակն ու Աիդան հեռվից նայում են սեղանի շուրջ նստած երեխաներին ու ժպտում են: Հետո մեզ ուղեկցում են նոր տունը ցույց տալու: Սեւակն ասում է՝ տունը 100 քմ է եւ հարմարավետ է ամբողջ ընտանիքի համար:

Աիդան պատմում է, որ մեր հոդվածի հրապարակման օրը, իրենք չէին էլ կարդացել նյութը, մի մարդ էր զանգել իրենց՝ Ասատուր անունով: Ասել էր, որ Երեւանից է, հոդվածում գրված տեղեկություններն է ճշտել, հարցուփորձ արել, հետո նորից զանգել է՝ տան հասցեն ճշտելու: Դրանից հետո Ասատուրն այցելել է Աիդայենց տուն՝ խոսել երեխաների հետ, ծանոթացել տան պայմաններին: Աիդան ասում է՝ Գոռին էլ հարցրել է՝ հեռախո՞ս, թե՞ տուն կուզի, որդին պատասխանել է՝ տուն: Գնալուց հետո խոստացել էր օգնել ինչով կարող էր: Հետո Աիդան զանգել էր ամուսնուն, պատմել այս ամենը:

«Հաջորդ օրը Նարեկիս ծնունդն էր: Ասատուրը եկավ մեր տուն, ասեցի՝ Նարեկի ծնունդն է, հարցրեց՝ պիտի ընե՞ք, ասեցի՝ հա, թեթեւի մեջ: Նարեկին ասեց՝ ի՞նչ կուզես ծննդիդ նվեր, Նարեկն էլ թե՝ մարոժնի: Ըդեղ ըսավ՝ ես քեզ էնքան մեծ մարոժնի կառնիմ, որ սաղ կյանքդ էդ մարոժնին կհիշես»,- պատմում է Աիդան: Հետո հարեւաններին խնդրել էր մի քանի րոպեով երեխաներին նայել, իսկ ինքը Աիդային ու Նարեկին ասել էր, որ ուզում է իրենց տուն տանել՝ տնեցիների հետ ծանոթացնելու:

«Սաղ ճամփեն հեչ բան մը չասաց, եկանք շենքի դուռը, ըսավ՝ գնանք կնոջս հետ կծանոթանաս, մի-մի բաժակ էլ կոֆե կխմեք ու կուգանք: Եկանք դուռը զանգ տվեց, նայեցի, տեսնեմ սաղ տունը ռեմոնտ կենեն աշխատողները, ասեցի՝ այ քեզի բան, տունը կնիկմարդ չկա: Հետո նայեցի Ասատուրին, զգացի, որ քիչ մըն աչքերը լցրել էր, նեղվել էր, բայց թե ինչից, չիդեմ, ասեց՝ Աիդա ջան, ըսիկ ձեր տունն է, էլ ոչ էլ հասկըցա ինչ ըսեց, շոկի մեջ էի՝ լացա, ուրախացա»,- պատմում է Աիդան ու կրկին մաքրում աչքերը: Տունը նվիրած բարերարը զանգել էր ընկերոջը՝ Ասատուրին, հարցրել էր մանրամասները: Աիդան ասում է՝ մինչ օրս էլ չգիտեն, թե ով է նա:

Հետո երեքով վերադարձել էին Աիդայենց վարձակալած բնակարան: «Հարեւաններս արդեն հավաքվել էին բակում: Ավտոյի դուռը բացեցի, ասեցի՝ ինչ երազել եմ էս 13 տարիներին, էդի եղավ ինձ հետ: Հարեւաններս էլ հերթով շնորհակալություն հայտնեցին Ասատուրին, հետո գնացին խանութ, մեկը կանյակ բերավ, մյուսը՝ գինի: Ասատուրն էլ շամպայն էր առել, բացեց: Ըդպես, մեզի շատ անակնկալներ ըրավ»,- ասում է 9 երեխաների մայրը:

Նվիրատուն տունն ամբողջությամբ վերանորոգել է, կահավորել, անգամ սպասք է գնել: 120 հազար դրամ էլ տվել է՝ պակաս իրերը գնելու համար:

«Մի չունեւոր ընտանիք կար, ես էլ իմ տան ունեցածը մաքրեցի, իստըկեցի, տվեցի իրենց: Ինձի շատ մարդիկ են օգնել, ես էլ էդ մի փոքր օգնությունն եմ տվել էդ ընտանիքին»,- ասում է Աիդան՝ ավելացնելով, որ բացի այդ օգնությունից, բարերարի առաջարկով իրենց նաեւ մկրտել են, բոլորին խաչեր են նվիրել ու մկրտությունից հետո ընթրիքի հրավիրել ռեստորան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter