HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիացի խորհրդարանականները նախագահ Մակրոնին կոչ են անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը եւ կանխել հայերի էթնիկ զտումը

Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նոյեմբերի 4-ին նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունում հրաժարվել չեզոքության դիրքորոշումից։

Այս մասին թվիթերյան իր հաշվում գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն՝ հրապարակելով նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը, որը ստորագրել է եւս 39 խորհրդարանական։

Նամակի նախաբանում ներկայացնելով սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները՝ ֆրանսիացի պատգամավորը գրել է, որ Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրոպան, որի դարպասի մոտ կոնֆլիկտ է ընթանում, ներկա պայաններում չպետք է բավարարվի սառը երկչոտությամբ, որպիսին բնութագրվում է նրա դիրքորոշումը մինչ այժմ։ Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական դիվանագիտությունը չի խնայում իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

«Ի դեպ, տարածաշրջանի այլ երկրներ նպաստել են, որպեսզի այդ չեզոքությունն անհնար դառնա»,- մատնացույց անելով Թուրքիային՝ գրել է պատգամավորը։ Նա հիշատակել է Թուրքիայի անվերապահ ռազմական եւ քաղաքական աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ջիհադիստ, իսլամիստ ահաբեկիչների մատակարարման միջոցով՝ նշելով, որ Թուրքիան այս հակամարտության մեջ կողմ է դարձել։

«Առաջին հայացքից տարածքային այս վեճի հետեւում ավելի մեծամասշտաբ պայքար է ընթանում, որը մենք սխալմամբ կարող ենք անտեսել։ Ցավոք, մեր չեզոքությունը կարող է արժանի պատասխան չլինել այն հարձակումներին, որոնց վերջնական նպատակն այդ տարածաշրջանում հայկական բնակչության վերացումն է։

Կովկասում տեղի ունեցող այս ողբերգությանն առերեսվելով՝ ես Ֆրանսիային կոչ եմ անում գործել իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրեն վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած աջակցությունից, անգամ մարդասիրական, եւ դա քաջալերում է Ադրբեջանին եւ Թուրքիային էթնիկ զտում իրականացնել՝ իբրեւ համառ քաղաքական լուծում։

Ֆրանսիան, ինչպես եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամ պետությունները հրատապ կարգով պետք է իրենց ողջ քաղաքական կշիռը գործադրեն՝ դադարեցնելու ռազմական գործողությունները եւ հրադադար պարտադրելու, որը երեք անգամ արդեն խախտել է Ադրբեջանը։ Ինչպես նաեւ նպաստել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։ Ձեր պատասխանատվության ներքո է, պրն նախագահ, անցյալի հանցագործությունների կրկնությունը կանխելը։

Ես ինձ թույլ եմ տալիս հավելել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի այս նախադասությունը. «Ես կույր եմ, բայց գործում եմ, մինչդեռ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում»,- Էմանուել Մակրոնին ուղղված նամակը ավարտել է Գի Տեսիեն։    

Լուսանկարը՝ ԵԽ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter