
Արծրուն Հովհաննիսյան. «Իրավիճակը կարելի է համարել բավականին դրական»
Նոյեմբերի 8-ին ռազմաճակատի տարբեր ուղղություններում ինտենսիվ մարտերը շարունակվել են։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հյուսիսային հատվածում հակառակորդի զորքերը փոքր մարտավարական խմբերով՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել։
Մարտունու ուղղությամբ, ՊՆ ներկայացուցչի խոսքով, հակառակորդը ունեցել է դիրքային առաջխաղացում, սակայն Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հաջողվել է կանգնեցնել հակառակորդին և հետ շպրտել ելման բնագծեր։
Շուշի քաղաքում և հարակից տարածքներում ամբողջ օրվա ընթացքում սաստիկ մարտեր են եղել, որոնք շարունակվում են նաև այս պահին, չնայած ինտենսիվությունը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, թուլացել է։
Ծանր մարտեր են եղել նաև Բերձորի ուղղությամբ, որտեղ հակառակորդը փորձել է ներխուժել Բերձոր քաղաք, և այդ ուղղությունից, Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ, օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, սակայն կրկին կրելով զգալի կորուստներ՝ դիմել են փախուստի։
Ընդհանուր իրավիճակը Արծրուն Հովհաննիսյանը գնահատեց «բավականին դրական»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել