HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանցիները Շուշիի փոխարեն «գրավել են» Բաքվում գտնվող բերդը

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծած եւ սեփական ռազմական հանցագործությունները թաքցնելու ու իր իսկ հանրությանը կեղծ լուրերով կերակրելու համար ամենաբարձր մակարդակով պարզ ստեր հորինող ադրբեջանական քարոզչամեքենան այնքան հեռու է գնացել, որ Շուշի բերդաքաղաքը որոշել է ժամ առաջ գրավել համացանցում։ 

Շուշիի համար մղվող մարտերին զուգահեռ թշնամին անցել է լայնածավալ քարոզչական գրոհի, սակայն դա անում է բավական փնթի ձեւով։ Նախ՝ Շուշիի մզկիթի փոխարեն ադրբեջանցիները ցույց տվեցին Գաբալա քաղաքի (պատմական Կապաղակ) Նոր մզկիթը, որի մինարեին կախել էին իրենց դրոշը՝ փորձելով իրենք իրենց համոզել, թե վերցրել են Շուշին (տես ստորեւ)։ Ընդ որում՝ այս մզկիթը 2013 թ․ բացվել է հենց Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։

Այս կեղծիքը շատ արագ բռնվեց, քանի որ հսկայական տարբերություն կա Շուշիի Վերին կամ Ներքին մզկիթների եւ Գաբալայի նույնատիպ կառույցի մինարեների միջեւ։

Սակայն դրանից թշնամու քարոզչամեքենան չհուսահատվեց, ու նոր տեսանյութ եւ լուսանկար հայտնվեցին սոցցանցերում․ այս անգամ իբր ադրբեջանցիները դրոշ են բարձրացնում Շուշիի բերդի վրա։ Բնականաբար, իրական կյանքում կամ թեկուզ համացանցում մեկ անգամ Շուշիի բերդը տեսած մարդը չի կարող այն շփոթել ադրբեջանցիների ներկայացրած ատամնավոր աշտարակի հետ։

Այս քարոզչական փուչիկը եւս շատ արագ պայթեց, բայց, ինչպես Գաբալայի մզկիթի պարագայում, այս անգամ էլ հարց ծագեց, թե որտեղ են ադրբեջանցիները կազմակերպել հերթական բեմականացումը։

Պարզվում է՝ դա արվել է ոչ ավել, ոչ պակաս մայրաքաղաք Բաքվում, ավելի կոնկրետ՝ դրա վարչական տարածքի մեջ մտնող Մաշթաղա քաղաքատիպ ավանում, որտեղ եղել է հին ամրոց, որը վերակառուցվել է, փոխել պատմական տեսքը եւ, ըստ տեղեկությունների, դարձել է մասնավոր սեփականություն: 

Բնականաբար, ամրոցից բացվող տեսարանն էլ, որը երեւում է ադրբեջանցիների տարածած տեսանյութում, ընդամենը Բաքվի մի թաղամաս է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter