HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ում քննարկվում է առողջապահության և սոցիալական ուղղվածության ոլորտների բյուջեները

Ազգային ժողովի Ֆինանսավարկային ու բյուջետային և Առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտի համար նախագծով հատկացվելու է 503,6 միլիարդ դրամ, որը 10,2 %-ով ավելի է 2020 թվականին հատկացվածից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով` բյուջեի հատկացումների աճը պայմանավորված է ժողովրդագրական վիճակի ծրագրերի ավելացմամբ, սոցիալական ուղղության, անաշխատունակության, բնակարանային ապահովվածության խնդիրներով:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հիշեցրեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը և հետաքրքրվեց, թե արդյոք նախարարի համար տեսանելի են այն ուղղությունները, որտեղ վերանայումներ են լինելու:

Նախարարն արձագանքեց` այն ծրագրերը, որոնք ուղղված են սոցիալական աջակցությանը, մնալու են ուժի մեջ, դրանց մասով նվազեցումներ չեն լինելու: Զարուհի Բաթոյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի տնտեսումներ են արձանագրել և հույս հայտնեց, որ այդ տնտեսումները հնարավորություն կտան նոր ծրագրերին ուղղել: Խոսելով փոփոխությունների առաջարկի մասին` նախարարն ասաց, որ պատրաստ է քննարկումների, ապա հավելեց, որ առկա ծրագրերը ու աջակցման մեխանիզմները կարող են արձագանքել ներկա խնդիրներին:

Առողջապահության նախարարության ոլորտի համար հատկացվել է 111,6 միլիարդ դրամ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր խոսքում նշեց, որ այս տարվա ընթացքում երկու անգամ փոփոխություններ են եղել բյուջեում, առաջինը` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երկրորդը` ռազմական դրությամբ: Նախարարի խոսքով` տարվա սկզբի համեմատությամբ ոլորտի բյուջեն երկու միլիարդ դրամով աճ է արձանագրել վերոնշյալ ուղղությունների պատճառով:

Արկադի Խաչատրյանը խոսեց կորոնավիրուսով վարակված անձանց ու մահացածների քանակի աճից` ասելով, որ այն չի կարող մտահոգիչ չլինել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս իրավիճակում նախարարն ինչ լուծումներ է տեսնում:

Նախարար Թորոսյանն արձագանքեց` կան վարակակիրների ահագնացող թվեր և որպես օրինակ մատնանշեց այսօրվա թվերը. 2358 թեստավորված անձանցից 1042-ի մոտ կորոնավիրուս է հայտանբերվել, արձանագրվել է մահվան 21 դեպք:

«Առողջապահական համակարգը, կոչված լինելով կանխարգելելու հիվանդությունները, իր գործը շարունականաբար իրականացնում է տարբեր ժամանակում տարբեր ծավալով` կախված իրավիճակից, սակայն չի կարող լինել հիմնական գործոնը` պայմանավորվելով, թե որքան վարակակիրների թիվ կունենանք: Սա հանրային խնդիր է, մեր բոլորիս խնդիրն է, պետք է լծվենք այս խնդրի լուծմանը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը վստահեցրեց` առողջապահական համակարգն այս իրավիճակում գերլարված աշխատում է` այնումենայնիվ առաջնահերթություն տալով ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին: Թորոսյանի խոսքով` այս մասով ոչ միայն թերացում չկա, այլև կան ռեզերվներ այլ զարգացումների համար:

Թորոսյանը նկատեց` որևէ առողջապահական համակարգ չունի անսահմանափակ ռեսուրս Քովիդ-19-ի դեմ պայքարի հարցում:

«Այսօր առավոտյան իննի դրությամբ 861 քաղաքացի սպասում է բուժօգնություն ստանալու իր հերթին»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ պացիենտների մի մասն այլ ԲԿ-ներում են, մի մասը` տանը: Այդ քաղաքացիներից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան 80-ից ցածր է, ինչը ցուցում է հոսպիտալացման: Որքան էլ փորձ արվի հերթը փոքրացնել, վերջին օրերին վարակակիրների թիվը գնալով աճում է:

Նախարարը համաձայնեց այն դիտարկման հետ, որ շատ քաղաքացիներ ինքնամեկուսացման պահանջը չեն պահպանում: Թորոսյանի կարծիքով, այս իրավիճակում դժվար է հսկել 40 հազար 965 վարակակիր անձի` այն դեպքում, երբ այժմ տեսչական մարմիները, Ոստիկանությունը, ԱԻՆ-ը այլ հիմնական ծանրաբեռնվածություն ունեն և չեն կարող հսկել վարակակիրներին: Նախարարը կոչ արեց վարակակիր անձանց ապավինել ողջախոհությանը և մնալ տանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter