HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Շուշիի ճակատամարտը տանուլ տալը Ադրբեջանի հասարակության ներսում կարող է լուրջ ռեզոնանս առաջացնել»

Հարցազրույց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, երեք օր է՝ ադրբեջանական կողմն անցել է տեղեկատվական լայնածավալ գրոհի, ինչին զուգահեռ ընթանում են մարտեր Շուշիի համար։ Այդ գրոհը, կարծես, ոչ միայն մեր դեմ է ուղղված, այլեւ սեփական հանրությանը ոգեւորելուն, քանի որ տեւական ժամանակ է, ինչ Ալիեւն իր հանրությանը չի կարողանում կերակրել նոր «ձեռքբերումների» մասին լուրերով։ Ինչպե՞ս եք գնահատում թշնամու այս փորձը տեղեկատվական դաշտում թե՛ ներքին, թե՛ հայկական լսարանի տեսանկյունից։

-Պատերազմի սկզբնական հատվածում ադրբեջանական կողմը ունեցավ որոշակի հաջողություններ։ Այդ գործողությունների ընթացքի վերաբերյալ վերլուծությունները թերեւս առանձին վերլուծության խնդիր են, ըստ այդմ՝ առայժմ փորձենք հասկանալ դրանց ազդեցությունը տեղեկատվական դաշտի վրա։ Հաշվի առնելով սկզբնական հատվածում գործողությունների նմանատիպ ընթացքը՝ ադրբեջանական կողմը պարբերաբար ունենում էր «նյութեր», որոնք ակտիվորեն շրջանառում էր թե՛ իր հասարակության ներսում, թե՛ փորձում էր դրանով նաեւ հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմերի, հասարակության վրա։ Բնականաբար, այս խնդիրը առնվազն երկու դիտանկյունից կարելի է քննության առարկա դարձնել։

Մեկն այն է, որ նշված «նյութերը» որոշակի մասով հենված էին այդ պահին առկա օբյեկտիվ իրականության վրա։ Պարզ ասած՝ ներկայացնում էին առկա զարգացումները։ Իհարկե, նաեւ քիչ թիվ չէին կազմում կեղծ տեսանյութերը, հայտարարությունները։ Առհասարակ նմանատիպ իրավիճակներում, երբ մարտադաշտում կողմերից մեկն ունենում է որոշակի հաջողություններ, ավելի հեշտ կարող է նաեւ առկա տեղեկատվությանը զուգահեռ տարածել ապատեղեկատվություն։ Հակառակորդ կողմի խնդիրներից մեկը տեղեկատվական պատերազմում մյուս կողմում որոշակի ժամանակահատվածում առաջացած տեղեկատվական վակուումը սեփական տեղեկատվությամբ լրացնելն է։ Նմանատիպ իրավիճակում այդ կողմը ստանում է առավելություն եւ կարող է իր տեղեկատվությամբ ճնշել մյուս կողմին՝ դրանով նաեւ ազդելով մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա։ Պարզ ասած՝ եթե հակառակորդի տարածած տեղեկատվությունը 50 եւ ավելի տոկոսով ներկայացնում է այդ պահին առկա պատկերը, ապա հնարավոր է դրա հետ համատեղ նաեւ տարածել ավելի քիչ տոկոսով ապատեղեկատվություն, ինչպես նաեւ, բնականաբար, տեղեկատվությունը մատուցել ներկայացնող կողմին ձեռնտու փաթեթավորմամբ։

Այս պատկերը, սակայն, հոկտեմբերի երկրորդ կեսից սկսած լուրջ փոփոխություն կրեց։ Սա պայմանավորված է մարտերի բնույթով, գործողությունների ծավալման ինտենսիվության անկմամբ, ինչը թե՛ ռելիեֆի փոփոխության, թե՛ հայկական կողմում իրականացված վերախմբավորումների, նոր մարտավարությունների մշակման, զինատեսակների թարմացման հետեւանք է։ Այսպիսով, եթե ադրբեջանական կողմը ի սկզբանե նախատեսել էր հնարավորինս կարճ ժամանակում զարգացնել իր հաջողությունները եւ հասնել հաղթանակի, ստիպված է եղավ մտնել ծանր դիրքային մարտերի մեջ։ Սակայն քանի որ սեփական հասարակությանը արդեն իսկ սովորեցրել էր պատկերավոր ասած «օրը մի քանի բնակավայր ազատագրելու» բնույթի տեղեկատվությանը, այս իրավիճակում կարող էր արդեն նաեւ հասարակության ներսում լուրջ խնդիրներ ունենալ։

Նմանատիպ իրավիճակում Ադրբեջանը որոշեց ուժերի զգալի մասը նետել Շուշիի գործողությանը՝ փորձելով այդպիսով թե՛ հաստատել իր գերազանցությունը, թե՛ պայմաններ ստեղծել պատերազմի ելքի որոշման համար, թե՛ փակել առաջացած ճեղքերը։ Սակայն այստեղ եւս բախվելով լուրջ խնդիրների՝ Ադրբեջանի նախագահը ստիպված էր հապճեպ հայտարարություններ իրականացնել «Շուշիի ազատագրման» վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք, Ալիեւի հայտարարությանն այս անգամ չհաջորդեցին «ավանդական» տեսանյութերը կամ լուսանկարները։ Այս ընթացքում ադրբեջանական դաշտում բացը փորձեցին լրացնել կեղծ լուսանկարների տարածմամբ։ Սա արդեն իսկ խոսում է առկա խնդիրների վերաբերյալ։

Այսպիսով՝ տեսանելի է, որ դեռեւս Շուշիի գործողության ավարտին չսպասելով եւ չունենալով հստակ վերջնարդյունք՝ Ալիեւը շտապեց արդյունքների ամփոփում իրականացնել։ Դա միանշանակ միտված է թե՛ իր հասարակության շրջանում ոգեւորություն առաջացնելուն, թե՛ առաջնահերթ հայաստանյան եւ արցախյան հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն։ Նման քաղաքականության նպատակը, ինչպես արդեն նշեցի, հոգեբանական ճնշում գործադրելով ռազմական գործողությունների ելքի վրա ազդելն է։ Սակայն սա նաեւ կարող է հակառակ շատ լուրջ ազդեցություն ունենալ Ալիեւի վրա, եթե գործողությունների արդյունքում Շուշիի ճակատամարտը Ադրբեջանի բանակը վերջնարդյունքում տանուլ տա։ Նման ելքը Ադրբեջանի հասարակության ներսում կարող է լուրջ ռեզոնանս առաջացնել։

-Մարդկային ու զինտեխնիկայի հսկայական կորուստների գնով Շուշիի վրա դրոշ բարձրացնելու տեւական փորձերը ինչի՞ կարող են հանգեցնել թշնամու շարքերում։

-Ինչպես արդեն նշեցի, պատերազմի այս փուլում Ադրբեջանի իշխանությունների համար տարբեր պատճառներով Շուշին գերնպատակ է եւ ունի նաեւ խորհրդանշական արժեք՝ ռազմականից բացի։ Հետեւաբար, ուժերի լուրջ կուտակում է իրականացվել։ Ճակատամարտի՝ հօգուտ հայկական կողմի ելքի դեպքում Ադրբեջանը նաեւ ռիսկի է դիմում լուրջ կորուստներ կրել բանակի շարքերում, ինչը կարող է նաեւ ազդել գործողությունների հետագա ընթացքի վրա։ Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ անգամ նման ելքը չի նշանակում պատերազմի ավարտ եւ Ադրբեջանի պարտություն, ու գործողությունները դեռ կարող են երկար ձգվել։

-Պատերազմի սկզբից ի վեր շատ են պնդումները, որ ադրբեջանական գեներալիտետը զրկված է սեփական բանակը ղեկավարելու հնարավորությունից, եւ դրա ամբողջ կառավարումը հանձնվել է թուրքական կողմին։ Ձեր դիտարկումը սրա վերաբերյալ, եւ երկրորդ՝ եթե ինչ-ինչ պայմաններում Թուրքիան թեկուզ սեփական զինվորականների ներգրավվածության մակարդակով դուրս գա պատերազմից, ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ ադրբեջանցիների մարտունակության վրա։

-Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը որեւէ կասկած չի հարուցում։ Չեմ կարող պնդումներ կատարել ղեկավարության ամբողջական փոխանցման վերաբերյալ, սակայն առկա տվյալները ցույց են տալիս, որ առնվազն գործողությունների պլանավորումը եւ նվազագույնը օդուժի գործողությունների կոորդինացումն ու ղեկավարումը իրականացվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից։ Սրան զուգահեռ՝ Թուրքիան նաեւ լուրջ ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Դրա մասին են վկայում առնվազն Թուրքիայից Ադրբեջան պատերազմի ընթացքում իրականացված հարյուրավոր թռիչքները։ Թուրքիան նաեւ Ադրբեջանին օգնում է մարդուժի մասով՝ Լիբիայից եւ Սիրիայից Ադրբեջան տեղափոխելով ահաբեկիչների։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության դադարեցումը իրատեսական չեմ համարում, սակայն եթե նմանատիպ պայմանական իրավիճակ դիտարկենք, ապա, բնականաբար, դա լուրջ ազդեցություն կունենա Ադրբեջանի բանակի գործողությունների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter