HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Եթե տեղի ունենար Ստեփանակերտի առումը, մեր հազարավոր զինվորներ կմնային շրջափակման մեջ»

Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ու Արցախի նախագահի գնահատականներով՝ մայրաքաղաքը շատ թույլ է պաշտպանված եղել։ Ֆեյսբուք ուղիղ եթերում այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եթե ադրբեջանական կողմը գրավեր Ստեփանակերտը, ապա հազարավոր հայ զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, ինչի հետևանքով հայկական կողմը կկորցներ նաև այն տարածքները, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնել եմ հանձնել Ադրբեջանին Լաչինը, Աղդամը և Քելբաջարը։ Զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները, մեղմ ասած, բավականին պրոբլեմատիկ վիճակում են։ Իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականների՝ չէինք կարողանա պահել»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ պատերազմի շարունակման դեպքում, բացի Ստեփանակերտից, անպաշտպան կմնար նաև Ասկերանը, իսկ Մարտունու պաշտպանությունը շատ անկայուն է եղել, և շատ մեծ էր հավանականությունը, որ պատերազմը չդադարեցնելու դեպքում՝ 2-րդ, 3-րդ (երկուսն էլ Մարտունի), 4-րդ (Ասկերան), 5-րդ (Մարտակերտ) և նույնիսկ 6-րդ (Մատաղիս) ու 7-րդ (Եղնիկներ) պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ։

Անդրադառնալով հակառակորդի կողմից Շուշիի գրավման դավադրությունների մասին խոսակցություններին՝ վարչապետը նշեց, որ Շուշիի անկումից հետո քաղաքը վերադարձնելու փորձեր են արվել, որից մեկն ամբողջությամբ ձախողվել է, իսկ մյուսի դեպքում մեկ ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի, և ամբողջ հակասությունները Շուշիի գրավման լուրերի մասին, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ջոկատի հետ էին կապված, սակայն իրադրությունը, այնուամենայնիվ, չի հաջողվել փոխել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter