
Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանություն է տարվել 79 անձ
Ազատության հրապարակից ոստիկանություն է տարվել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Վերջինս ուղիղ եթերում ցուցադրում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցներն այսօր՝ ժամը 13։00-ին, կայանալիք հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիներին բերման ենթարկում։
Մելիքյանն ընդգծեց, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել տարբեր կառույցների մոտ, սակայն ոստիկանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել։ Մինչդեռ հիմա, երբ պատերազմը ավարտվել է, կիրառվում են միջոցներ, որ մարդկանց հեռացնեն Ազատության հրապարակից:
«Ոստիկանությունը պաշտպանում է հող հանձնող դավաճանին: Բռնություն կիրառելով՝ քաղաքացիներին են տանում դավաճան հող հանձնողներին պաշտպանողները՝ դավաճան հող հանձնողների հանձնարարությամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ այսօր բերման ենթարկված անձանց մեջ են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու այլ անձինք։
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնում են, որ ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանություն տարված անձանց թիվը 79 է։
Հիշեցնենք, որ 17 կուսակցություն այսօր՝ ժամը 13:00-ին, հանրահավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ։
Մեկնաբանել