HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էդուարդ Շարմազանովը և Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Շարմազանովին ձերբակալելու որշումը։ Նշենք, որ Շարմազանովի ձերբակալման դեմ բողոքը քննել և բավարարել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Քիչ առաջ ազատ է արձակվել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը։ Վերջինիս փաստաբան Գարիկ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում  ասաց, որ Մանուկյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը քննել և բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի դատավոր Վարդան Գրիգորյանը։

Նշենք, որ Շարմազանովը, Մանուկյանը և այլ անձինք կասկածվում են Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը:

Մեզ հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Գարիկ Սահակյանը նշեց, որ Գեղամ Մանուկյանը կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակից մեկնարկած հավաքին մասնակցել է, ելույթ է ունեցել, բայց ինքը չի կազմակերպվել այդ հավաքը, իսկ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է  հավաք կազմակերպելուն և անցկացնելուն։

«Նա ասում է նաև, որ, այո, եղել եմ հանրահավաքի վայրում, խոսել եմ, սակայն չեմ փախել, ինձ բերման չեն ենթարկել, այլ առաջարկել են և իրենց մեքենայով ներկայացել եմ Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Գարիկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանը քննել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալման դեմ բողոքը, որը  նույնպես բավարարվել է, Վանեցյանն ազատ է արձակվել։

Վերը նշված, ինչպես նաև մի խումբ այ քաղաքական, հասարակական գործիչներ ձերբակալվել են նոյեմբերի 11-ին և 12-ին։

17 կուսակցություն նոյեմբերի 11-ին, համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն պահանջով հանրահավաք տեղի ունեցել նաև նոյեմբերի 12-ին։

Լուսանկարում՝ ձախից՝ Էդուարդ Շարմազանովը, աջից՝ Գեղամ Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter