
Քարվաճառցիները չեն կարողանում իրենց անձնական իրերը պատշաճ տեղափոխել
Քարվաճառի բնակիչները մինչեւ վաղը` նոյեմբերի 14-ը, ժամը 15:00-ն պետք է ազատեն իրենց տները: Շահումյանի շրջանը, որի կենտրոնն է Քարվաճառը, հանձնվելու է Ադրբեջանին: Նման տեղեկատվություն ունեն Քարվաճառի արդեն բոլոր բնակիչները:
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց և հայտնեց, որ «չափազանց ծանր որոշում է կայացրել», ու հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը, քաղաքացիները շոկային վիճակում հայտնվեցին:
Հայտարարությունն, ըստ էության, պատերազմը դադարեցնելու, ռուսական խաղաղապահեների տեղակայումն ապահովելու և որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին է: Առաջին շրջանը Քարվաճառն է, որը Ադրբեջանին պետք է վերադարձվի մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը:
Քարվաճառցիներին քիչ ժամանակ է մնացել, պետք է տներն ազատեն և լքեն տարածքը: Շարժական գույքը, անասուններին Հայաստան տեղափոխելու համար տեղացիները չունեն բավարար միջոցներ: Նրանց օգնելու համար մեկնել են կամավորականներ, սակայն բեռնատար ավտոմեքենաների պակաս կա:
Քարվաճառը Հայաստանին կապող ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում Քարվաճառի բնակիչներին՝ անձնական գույքը տեղափոխելու հարցում: Պաշտոնյան հավաստիացրեց, թե հնարավոր ամեն ինչով օգնում են:
«Ցանկացած մարդ, ով դիմել է, Երևանից են ուղղորդում, Արցախի համակարգող կենտրոնից, մեքենան վառելիքով լիցքավորել, տրամադրել ենք: Մեր հարգարժան գյուղապետերը մեքենաները լիցքավորել տրամադրել են, որ քաղաքացիների գույքը դուրս բերեն: Ես էլ հիմա դրանով վազքի մեջ եմ»,-նշեց Վանիկ Հարությունյանը:
Մինչդեռ պատկերը բոլորովին այլ է: Կամավորական Հակոբ Միկոյանն արդեն 4 օր է` օգնում է քարվաճառցիներին: Հակոբը նշեց, որ գրեթե ժամանակ չի մնացել մարդկանց օգնելու, իրերը տեղափոխելու համար, քանի որ հայտարարվել է, որ վաղը` մինչև ժամը 15:00-ն, Քարվաճառում այլևս բնակիչ չպիտի լինի:
Նա բեռնատար ավտոմեքենա է վարձել 2 օրով, որ կարողանա տեղացիներին օգնել:
Հակոբը պատմեց, որ բնակիչների գույքը տեղափոխելու առումով լուրջ դժվարություններ ունեն: Ավտոմեքենաների թիվը քիչ է: Մեր զրույցի ժամանակ Հակոբը շտապում էր մի ընտանիքի գույք էլ փրկել, տեղափոխել Հայաստան:
«Բեռնատարներ որ չենք գտնում մարդկանց անձնական իրերը տեղափոխելու համար, ամբողջ ճանապարհին տեսնում ենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները բեռնատարներով եկել, ինչ իրենց պետք է, տանում են: Ինչ հնարավոր է վաճառել, տանում են, փայտից սկսած՝ մինչև դպրոցական գույք, տան պատուհան և այլն: Շատ բաներ չեմ ուզում ասել, սա մեր ազգի խայտառակությունը կլինի»,-նշեց Հակոբը:
Քարվաճառի բնակիչների մի մասը անասուններին ոտքով քշելով է բերում Հայաստան, կան նաև դեպքեր, երբ Վարդենիսից, հարակից գյուղերից գնում էժան գնով մորթում, միսն են տանում:
«Ով ոնց հասցնում, ոնց կարողանում է, այդպես էլ անում է, ամեն ինչ խառն է»,-հավելեց Հակոբը: Նա նշեց, որ Քարվաճառի ամբողջ ճանապարհին բեռնատարների պակաս չկա, սակայն դրանց տերերն ավելի շատ իրենց անձնական շահի համար են գնում Քարվաճառ, քան մարդկանց օգնելու:
«Բայց գրադարանը ոչ ոք չի տարել, գիրքը ո՞ւմ է պետք, կարող են թողնել, վառել: Երկու գրադարան կար, մեկը քաղաքային, մյուսը՝ դպրոցական: Ես գրադարանների գրքերն եմ տեղափոխել»,-հավելեց Հակոբը:
Կամավորականն ամբողջ օրը բեռնատար ավտոմեքենաներ է փնտրել, որ կարողանան մարդկանց իրերը տեղափոխել և զարմացավ, որ Գեղարքունիքի մարզպետարանն անվճար ավտոմեքենաներ է հատկացնում: «Եթե անվճար ավտոմեքենաներ են հատկացնում օգնելու նպատակով, այս պահին էլ 3 ավտոմեքենա պետք է, թող ուղարկեն»,-նշեց Հակոբը:
Պատմեց, որ վերջին 3-4 օրերի ընթացքում տեղում համախմբված, կանոնակարգված ոչինչ չի նկատել, ում մտքով ինչ անցնում՝ անում է: Նույնիսկ ոստիկանները պատշաճ հսկողություն չեն իրականացնում: Սկզբում ավտոմեքենաների մեջ միայն զենք են փնտրել, այնուհետև դա էլ չեն արել:
Մեկնաբանել