HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետ․ «Տարածաշրջանում սեփական շահերն ապահովելու համար Ռուսաստանն ընդլայնեց իր ռազմական ներկայությունը»

Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

-Պարոն Մելիքյան, հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմով Թուրքիան մուտք է գործել Հարավային Կովկաս, ինչին, կարծես, Ռուսաստանը չընդդիմացավ։ Կարելի՞ է ասել, որ տարածաշրջանում խոշոր խաղացողների փոփոխություն է կատարվում։ Ինչո՞ւ Ռուսաստանն ընդունեց Թուրքիայի գործուն մասնակցությունը Հարավային Կովկասում, այդպիսով՝ թուլացնելով իր դիրքերը։

-Թուրքիային իր դաշնակիցների կողմից որոշակի անելիքներ են պատվիրված, որոնք սկզբունքորեն չեն հակասում ռուսական երկարաժամկետ ռազմավարական շահերին։ Այդ անելիքների հավանական թատերաբեմ են լինելու Ադրբեջանի Հանրապետությունը, Իրանի հյուսիսային նահանգներն ու Կենտրոնական Ասիան։ Տարածաշրջանում սեփական շահերն ապահովելու համար Ռուսաստանն ընդլայնեց իր ռազմական ներկայությունը՝ խաղաղապահ ուժեր տեղակայելով Արցախում։

-Այսինքն՝ տարածաշրջանում անվտանգությունը շարունակելո՞ւ է խարխլված մնալ։

-Այո, եւ մենք պետք է նկատի ունենանք, որ առաջիկա 5-7 տարիների ընթացքում մեր ողջ տարածաշրջանը հավանաբար կգտնվի արաբական գարունով սկզբնավորված եւ դեպի արեւելք շարժվող բռնության ալիքի գործողության էպիկենտրոնում։

-Հիմա մի շարք փորձագետներ խոսում են Հայաստանի դեմ նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Թուրքիայի գործողությունների հիմնական թիրախը Հայաստանը չէ։ Եվ ես կարծում եմ, որ այժմ Անկարան կզբաղվի իրեն վստահված հիմնական խնդիրներով։ Այդ համատեքստում Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմից ակնկալվող արդյունքն արդեն ստացել է։ Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը։

-Պարոն Մելիքյան, Էրդողանը բազմիցս հայտարարել է իր եղբայր Ալիեւին օգնելու մասին։ Եվ այս պատերազմում մենք փաստացի տեսանք դա։ Ըստ Ձեզ՝ դա անշահախնդի՞ր օգնություն էր, թե՞ Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի դրա համար։ Եվ ո՞րն է այդ գինը։

-Այս պահին պատրաստ չեմ խոսել Ադրբեջանի վճարելիք գնի պարամետրերի մասին։ Մի բան կարող եմ միայն ասել՝ ալիեւյան կլանի եւ ադրբեջանական ժողովրդի ճանապարհներն արդեն բաժանվել են։ Այն, ինչ լավ կլինի Ալիեւի համար, կործանարար կլինի իր ցեղակիցների համար, եւ ընդհակառակը։

-Ռուսաստանի խաղաղապահ զորքն արդեն տեղակայվել է Արցախում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն են իրականացնելու նաեւ ռազմական ուղղաթիռները։ Բայց ուղղաթիռների մասին եռակողմ հայտարարության մեջ նշված չէր։ Արդյոք առաջիկայում  պետք է սպասել ռուսական կողմից նման կետային փոփոխությունների, եւ ինչի՞ կարող է հանգեցնել դա։

-Եռակողմ հայտարարությունն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ ու հընթացս դրա մասնակիցները կարող են սեփական պատասխանատվության տիրույթում որոշակի վերանայումներ ու լրացումներ կատարել։ Ռուսական ռազմական ուղղաթիռների հայտնվելն ասածիս վկայությունն է։ Բոլոր մանրամասները բանակցելուց հետո միայն հնարավոր կլինի բազմակողմ լիարժեք համաձայնագրի տեքստ պատրաստել եւ ստորագրել։ Չի բացառվում նաեւ, որ կարող են անհաղթահարելի տարաձայնություններ ի հայտ գալ։

-Եռակողմ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 15-ին Քարվաճառի շրջանը հայկական կողմը հանձնելու է Ադրբեջանին։ Սոցիալական ցանցում գրառում էիք կատարել, որ քաղաքական նախադրյալներ կան այն չհանձնելու համար, բայց դրա համար գործող իշխանությունը պետք է գին վճարի։ Որո՞նք են այդ նախադրյալները, եւ ի՞նչ գնի դիմաց կարելի է պահել այն։

-Նախադրյալների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ տալը նպատակահարմար չեմ գտնում, իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություների վճարելիք գնին, այն կարող է շատ տարբեր բաղադրյալներից բաղկացած լինել եւ ներառել ինչպես գործող վարչապետի հրաժարականը, այնպես էլ, օրինակ, Ղրիմը ՌԴ անքակտելի մաս ճանաչելու որոշումը։ Գնի համատեքստում կարող են նաեւ այլ քայլեր նախատեսվել։

Լուսանկարը՝ Ա․ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter