HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Արցախ. նոյեմբերի 14

Սարուշեն չհասած` ճանապարհին կամավորների ենք հանդիպում, նրանք տարբեր հատվածներում շարունակում են իրենց դիրքերը պահել: Նրանցից մեկը հարցնում է. «Եթե մեզ հանեն, էս դիրքերը ովքե՞ր են պահելու: Դիմացներս թուրքերն են»:

Ես չգիտեմ՝ ինչ է լինելու մեր դիրքերը։ Արցախի սահմանները ո՞վ է պաշտպանելու: Ի՞նչ է անելու Պաշտպանության բանակը: Արցախի բնակչության զգալի մասը բանակում է ծառայում կամ աշխատում: Նրանք ի՞նչ են անելու: Կան զորամիավորումներ, որոնք հայտարարել են իրենց դիրքերը չլքելու մասին, որովհետեւ եթե այդ դիրքերը լքեն, ադրբեջանական զինուժը միանգամից կհաստատվի այդ հատվածներում: Ի՞նչ ճակատագիր են ունենալու Մռավի լեռան բարձունքները: Ոչ մեկն այս հարցերի պատասխանները չունի:

Կայուն ծանր օր էր: Պատերազմի օրերի նման կայուն ծանր, չնայած ոչ մի կրակոցի ձայն չկա, հրետանին չի կրակում: Առավոտյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին հանդիպում ենք հրապարակում: Անհետ կորած զինվորի մայրը  նրան հարցազրույց տալիս տեսել էր, սպասել, որ ավարտի, մոտեցել ներկայացնում էր որդու մասին հայթայթած տեղեկությունները: «Արտակ ջան, մենակ դու կարող ես օգնել, բոլորին դիմել եմ, հույսս դու ես»՝ արտասվելով ասում էր կինը: Արտակը երկար լսում է կնոջը: Արտակ Բեգլարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ բոլորին լսում է և փորձում օգնել, չնայած հարցերի մի զգալի մասն իր ղեկավարած կառույցին չի վերաբերում: Իսկ իրականում Արտակն Արցախում այն եզակի պաշտոնյաներից է, որ պատերազմի օրերին և հիմա աշխատում է:   

Այդպես էլ որեւէ կառույցից չկարողացանք պարզել՝ նոյեմբերի 15-ին Քարվաճառի ճանապարհը փակվելու է, թե՞ ոչ, ի՞նչ են անելու այստեղ մնացած ոչ արցախցիները:  Փորձում ենք Երեւանից պարզել, դարձյալ որևէ հստակ պատասխան չկա:

Շարժվում ենք դեպի Ասկերան, նռան այգիներից մեկում մի քանի հոգու ենք նկատում, կանգնեցնում ենք մեքենան եւ մի տեսակ վախվորած քայլում նռան կռացած ճյուղերի արանքով: Վերջին օրերին եղանակը ցրտել է, և նռները գրեթե ամբողջությամբ բացվել են: Զինվորական համազգեստով մարդիկ ծառերից ընտրում էին հատուկենտ, դեռեւս չբացված նռները: Մի քանի բառ ենք փոխանակում, խանաբադցիներ են:

Հետո շարժվում ենք Աղդամ, քիչ անց հանդիպում ենք ռուս խաղաղապահներին, նրանք անցակետ էին տեղադրում: Մարտակերտ տանող ճանապարհն արդեն բաց է, պատերազմի առաջին օրերին այս ճանապարհը փակ էր, քանի որ հրետակոծության էր ենթարկվում: Ճանապարհաեզրերին, դաշտերում երևում են հրետակոծության հետքերը, ամենուր սև խոռոչներ են: Մարտակերտում ավելացել էին հերտակոծված շինությունները: Քաղաքի փողոցներում արդեն քայլող մարդկանց ենք հանդիպում, մի կին փողոցն էր ավլում: Զինվորական հագուստով մի կամավոր ուղեկցում է վերջին օրերին հրետակոծված վայրեր: Բազմաբնակարան շենքում երրորդ հարկում արկը մտել էր ննջասենյակ: Կողքին մի տուն հիմնովին ավերված է:

Զորամասի մոտ զինվորի հետ եմ զրուցում, հեռվից մի սպա մոտեցավ, ասաց՝ մի բան հարցնեմ, էլի, ճի՞շտ է, որ մեզ տանելու են Հայաստան: Զորքը ոչինչ չգիտի: 

Վերադարձանք Ստեփանակերտ, նորից գնացինք Շուշիի ուղղությամբ: Շուշի տանող ճանապարհին խաղաղապահների հենակետում մի քանի տասնյակ մեքենա կա, զոհված զինվորների հարազատներն են, սպասում են, որ Շուշի բարձրացած շտապ օգնության «ՈւԱԶ»-ները վերադառնան: Նրանք նորից գնացել են դիակներ բերելու:

Շարժվում ենք Կարմիր Շուկա: Շոշ տանող ճանապարհին եւս մեկ հենակետ: Եվ այսպես Արցախի ճանապարհներին կարելի է տեսնել խաղաղապահների մեքենաներ, զինտեխնիկա: Հենակետերում նրանք կանգնեցնում են, հարցնում՝ ուր ենք գնում: Երեկ նաև հարցրին՝ մեքենայում զենք կա, թե՞ ոչ:

Հենակետի ներսում բազմաթիվ ռուս լրագրողներ կան, նրանք հանգիստ նկարահանումներ են կատարում տեղանքում, զրուցում զինվորների հետ: Անցնելիս մեզ զգուշացրել էին նկարահանումներ չկատարել, բայց մենք, իհարկե, կատարում էինք: Հասնում ենք Կարմիր շուկա տանող ճանապարհին: Մի երկու տեղ հանդիպում ենք ռուս խաղաղապահների: Իսկ այդ հատվածի իրենց դիրքերում դարձյալ մեր զինվորներն են:

Վերադառնում ենք Ստեփանակերտ, փորձում նորից տեղեկություններ ճշտել Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը փակման մասին: Կրկին՝ ոչ ոք չգիտի: Շարժվում ենք Երեւան՝ պարզելու ճանապարհի ճակատագիրը: Ճանապարհին հարյուրավոր բեռնատար և մարդատար մեքենաներ են, բեռնատարներին տան կահկարասի է, տանիքի թիթեղ, դուռ- պատուհան: Մարդիկ քանդել են իրենց տները: Շատ են փայտանյութով բեռնված բեռնատարները: Երեկ հարյուրավոր ավտոմեքենաներ նաեւ վերադառնում էին Արցախ: Մի քանի ավտոբուս կար, որոնց մեջ կանայք և երեխաներ էին:

Ժամը 23-ի սահմաններում հատում ենք Արցախ-Հայաստան սահմանը՝ այդպես էլ չպարզելով՝ ճանապարահը փակվելու՞ է, թե ոչ: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ ռուսական կողմն է որոշում, հետո միայն տեղեկացնում իր որոշումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter