
Վարչապետ. «Ես կկանգնեմ ժողովրդի դատի առաջ, և ինչ դատավճիռ կայացնի ժողովուրդը՝ անմռունչ կընդունեմ»
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատասխանել քաղաքական մեծամասնության պատգամավորների հարցերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պատերազմի բացառում, թե ոչ մի թիզ հող երկընտրանքի առջև ինքը կատարել է իր ընտրությունը ու պարտվել.
«Վերջին 2.5 տարում այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, գուցե չենք հասկացել, որ այդ ընտրությունը կատարելու համար բավարար աշխատանք չենք իրականացրել, բայց ես այդ ընտրությունը կատարել եմ, և այդ ընտրության մեջ պարտվել եմ: Ես կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունը, ուրիշ ոչ մեկ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ 30 տարի շարունակ ձև ենք արել, թե հնարավոր է խուսափել պատերազմից:
Փաշինյանը խոսեց այն մասին, որ այս տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել ազատագրված տարածքների համար: Ըստ նրա՝ ներդրումներ են արել միայն նվիրյալ գործարարներ: Փաշինյանը հիշեցրեց, թե որքան ցածր է եղել զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ու զուգահեռներ իրականացրեց, թե բանակն ինչ հեղինակություն է ունեցել երկրի համար:
«Ես ասում եմ՝ միակ պատասխանատուն ես եմ, 30 տարվա պատմության մեջ ուրիշ պատասխանատու չկա: Ես կկանգնեմ ժողովրդի դատի առաջ և ինչ դատավճիռ կայացնի ժողովուրդը՝ անմռունչ կընդունեմ»,- ասաց նա:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ հանրությունն իրենից պատասխան պետք է պահանջի, բայց ինքն էլ պատասխան ունի պահանջելու շատերից, այդ թվում՝ վերջին 2.5 տարվա ընթացքի վերաբերյալ:
Փաշինյանը խոսեց իր հասցեին հնչող այն մեղադրանքի մասին, որ Շուշին, իր բնորոշմամբ, ծախել են:
«Ո՞վ է ծախել Շուշին, եթե ծախել են, վերջին 30 տարվա ընթացքում են ծախել, որովհետև Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, եթե պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում, մեզ ազատագրված տարածքները պե՞տք էին, ինչի՞ էին էդ վիճակում»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողության Շուշիում իրականացվելն էր նույնիսկ քննադատության առարկա դարձել: Սա այն դեպքում, երբ 30 տարի Շուշին համարվել է արցախյան քաղաք, սակայն ստացվում է՝ Արցախի նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում իրականացնել:
Վարչապետի խոսքով՝ Արցախում մի քանի նվիրյալ գոծարարներ են ներդրումներ արել, հետևաբար այդ տարածքները հանձնվել են ոչ թե նոյեմբերին, այլ 30 տարի, երբ այնտեղ մոլախոտ է աճել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել