HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պաշտպանության նախարարից մինչև վարչապետի հրաժարականի պահանջներ. ԱԺ պատգամավորների ելույթները

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հիմնական թեման Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունն էր: Ընդդիմությունը, ինչպես և առավոտվա նիստին, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Թագուհի Թովմասյանը, որը քաղաքական մեծամասնությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, իր ելույթում հայտարարեց` հայտնի փաստաթղթի մասին տեղեկացել է մամուլից, ապա հաջորդ օրն իսկ մեկնել Արցախ` հասկանալու, թե ինչ է հնարավոր վերախմբագրել: Պատգամավորի խոսքով` հանդիպել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, նախագահի, վարչապետի հետ, Հայաստանում ՌԴ դեսպանի հետ:

«Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք, իմ ծննդավայր Վարդենիսը հայտնվելու է ամենավտանգավոր գոտում, ես չէի կարող լռել, կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, և այդ քայլով փորձում եմ իմ բողոքը հայտնել այդ ամենի դեմ, իմ կորսված հայրենիքի որոշման դեմ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ լինելով պատգամավոր փաստացի չի կարողացել ոչինչ անել այդ որոշման դեմ, ապա վստահեցրեց, որ որևէ քաղաքական օրակարգ չի սպասարկում, իր օրակարգը հայրենիքի շահն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց` ինքն ու ընտանիքը հայհոյանքներ ու անեծքներ են ստացել ու ֆիզիկական հաշվեհարդարի թիրախ դարձել:

«Ես դրանց չեմ արձագանքել, դա թուլության նշան չէ, օրվա հրամայական է կրքերը հանդարտեցնելու համար: Ես կոչ եմ անում բոլորին շարունակել այն օրինակելի վարքը, որը մենք ունեցել ենք պատերազմի օրերին, այն համերաշխությունը, որ ունեցել, պետք է շարունակվի»,- ասաց նա:

Դանիելյանը կոչ արեց աջուձախ չթիրախավորել` փորձելով նվազագույն կորուստներով դուրս գալ այս վիճակից: Պատգամավորի համոզմամբ` Երևանում բախումների առիթ չպետք է տրվի:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում համոզմունք հայտնեց` Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու այն բարձրաստիճան զինվորականները, որոնք թերացել են իրենց աշխատանքում, պետք է հրաժարականների դիմումներ ներկայացնեն:

Քոչարյանը հիշեցրեց Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ` նոր տարածքներ» կարգախոսը` պնդելով, որ այս թեզից օգտվեց միայն հակառակորդը: Քոչարյանի խոսքով` ապրիլյան պատերազմից հետո փոխանակ պաշտպանական գերատեսչությունը դասեր քաղեր և ճիշտ զիներ բանակը, կասկածելի գնումներ է կատարել, ինչպես` Սու-30 կործանիչները և դրան զուգահեռ զրահաբաճկոնների ու սաղավարտների չգնումները, զորահավաքի տապալումը, կազմակերպչական կարողությունների լիարժեք տապալումը: Քոչարյանը մանրամասնեց` ասածների պատասխանատուն ոչ թե զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է, այլ նախկին պետը` Արտակ Դավթյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի որոշ եզրահանգումներ արդիական են նաև այսօր:

Անդրանիկ Քոչարյանի ելույթին արձագանքեց ԲՀԿ-ական Շաքե Իսայանը` ասելով, որ համաձայն է վերջինիս դիտարկումներին, սակայն Քոչարյանն ավելի ազնիվ կգտնվի, եթե հիշի, որ ռազմական դրության ժամանակ պաշտպանության նախարարից ավելի բարձրաստիճան անձ կա, և այդ անձը վարչապետն է: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած վարչապետը չի կարող իշխանության լինել, նա պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ իր ելույթում ընդգծեց` բացի կատարվածի համար պատասխանատվության հարցից գոյություն ունի նաև ուղղակի անվտանգության խնդիր, քանի որ տարածաշրջանում լրջագույն պրոցեսներ են տեղի ունենում:

«Դուք ցույց տվեցիք, որ ունակ չեք ադեկվատ գնահատել իրավիճակն ու արձագանքել: Պատերազմը եկել, չոքել է Հայաստանի սահմաններին, սպասենք մտնեն Հայաստան»,-ասաց նա` դիմելով իշխող ուժին: Պատգամավորի խոսքով` երկրում չի կարող համերաշխություն լինել, երբ իշխանությունն իր վրա է վերցնում պատասխանատվություն, հետևաբար իշխանությունն ամենավերին օղակներից մինչ ստորին օղակներ ունակ չէ արձագանքել բոլոր վտանգներին ու պետք է հեռանա:

Ելույթով հանդես եկավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որն արդեն իսկ հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: Պատգամավորը պնդեց` չի կարող նայել զիվորների ու զոհվածների ծնողների աչքերին, որովհետև մեղավոր է, սակայն պնդեց` անելու է ամեն ինչ, որ վերջիններիս աչքերը բաց լինեն հաղթանակի համար:

«Չեմ կարողանալու նայել, որովհետև մեղավոր եմ, եթե անգամ մարտի դաշտում դավաճաններ են եղել, ես եմ մեղավոր որպես իշխանության մի մասնիկ, եթե անգամ տարիներ շարունակ բանակը թալանվել է, ես էլ եմ մեղավոր որպես հասարակության մի մասնիկ, որը ժամանակին չի բռնել այդ ձեռքը ապրելու: Ես ապրելու եմ ձեր մեղադրող հայացքի ներքո»,- ասաց նա` դիմելով զինծառայողներին ու զոհվածների ընտանիքներին:

Պատգամավորի համոզմամբ` որքան էլ ցավալի է պարտությունը, սակայն պետք է ուժ գտնել ու ապրելու, ներքին բախումները բացառել, պետք է ապրել հանուն հետագա հաղթանակի: Գայանե Աբրահամյանը խոսեց իր հասցեին հնչող այն քննադատությունների մասին, որ վայր է դնում մանդատը ու այդ կերպ խուսափում պատասխանատվությունից` պնդելով, որ դա փախուստ չէ, կրում է կատարվածի պատասխանատվությունը, պարզապես իր մեկ մանդատը ոչինչ փոխել չի կարող: Աբրահամյանը հիշեցրեց, որ մինչ պատերազմն արդեն իսկ հայտարարել էր մանդատը վայր դնելու և քաղաքական թիմի հետ սկզբունքային հակասություններ ունենալու մասին, ուստի, ըստ իրեն, միակ ազնիվ ճանապարհը հեռանալն է:

«Ես կրում եմ այդ պատասխանատվությունը, բայց գործելու եմ հանուն մեր պետության և այն զինվորների, որոնց կյանքով եմ պարտական»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter