HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանին, Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրել

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Արթուր Ղազինյանին, Էդուարդ Շարմազանովին և Արսեն Բաբայանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ խոսքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքի մասին է։

Նոյեմբերի 11-ին 17 կուսակցություն համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։

Այդ կուսակցություններ են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»: Ավելի ուշ «Ալյանսը» դուրս եկավ այս նախաձեռնությունից:

Կուսակցություններն իրենց բողոքն են արտահայտում Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության կապակցությամբ և պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Նույն պահանջով հանրահավաքներ տեղի են ունեցել նոյեմբերի 11-ին հաջորդող օրերին, և այս ընթացքում ձերբակալվել են ինչպես վերը նշված կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ քաղաքացիներ։ Ձերբակալվածների մեջ են եղել նաև Արսեն Բաբայանը, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, Էդուարդ Շարմազանովը, որը ՀՀԿ խոսնակն է, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ գերագույն մարմնի  անդամ Իշխան Սաղաթելյանն ու այլ անձինք։ Վերջիններիս ձերբակալման որոշումները բողոքարկվել են դատարան, ու դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել այդ որոշումներն, ինչից հետո նրանք ազատ են արձակվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter