
Հայաստանի հավաքականը հաղթեց Հս. Մակեդոնիային և Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր նվաճեց
Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոմինալ դաշտի տիրոջ կարգավիճակում 1:0 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր նվաճեց: Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ խաղը տեղի ունեցավ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մազրադաշտում:
Երկու թիմերի կազմերում էլ տարբեր պատճառներով բացակայում էին առանցքային մի շարք ֆուտբոլիստներ: Ինչևէ, առաջին խաղակեսն անցավ մակեդոնացիների տարածքային բացահայտ առավելությամբ: Մեր ընտրանու խաղացողները հիմնականում ապավինել էին արագ հակագրոհներին: Ամենաիրական գոլային պահը 25-րդ րոպեին ունեցավ Ալեքսանդր Կարապետյանը, սակայն նպաստավոր դիրքից նրա կատարած հարվածը կարողացավ շեղել Հս. Մակեդոնիայի դարպասապահը: Մեկ անգամ էլ՝ խաղակեսի վերջում վտանգավոր հեռահար հարվածով աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, մակեդոնացիների դարպասապահը կրկին տեղում էր:
Երկրորդ խաղակեսը նույնպես մեկնարկեց Հս. Մակեդոնիայի առավելությամբ, սակայն հաջողությունը ժպտաց մեր ֆուտբոլիստներին: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմակերպած գրոհի ընթացքում ստանալով Վահան Բիչախչյանի փոխանցումը՝ եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գրավեց մրցակցի դարպասը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում ավելի շատ մեր ֆուտբոլիստներն էին մոտ հաշիվը կրկնապատկելուն, քան մակեդոնացիները՝ հաշիվը հավասարեցնելուն: Մասնավորապես 79-րդ րոպեին Հայաստանի հավաքականի մյուս եզրային պաշտպանը՝ Կամո Հովհաննիսյանը, մեն-մենակ մնաց մակեդոնացիների դարպասապահի դեմ, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասապահի ոտքին: Այնուամենայնիվ, Համբարձումյանի խփած գնդակը միակն էր այս խաղում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին էլ Հայաստանի ազգային ընտրանին Թբիլիսիում 2:1 հաշվով առավելության էր հասել Վրաստանի նկատմամբ:
Այսպիսով, այս հաղթանակից իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի հավաքականը իր միավորների քանակը հասցրեց 11-ի, հաղթող ճանաչվեց Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում և հնարավորություն ստացավ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալ կարգով ավելի բարձր B դիվիզիոնում: Անցկացրած 6 խաղում մեր ընտրանին տարավ 3 հաղթանակ, խաղաց 2 ոչ-ոքի և կրեց 1 պարտություն:
Հս. Մակեդոնիայի ընտրանին 9 միավորով զբաղեցրեց 2-րդ, Վրաստանը 7 միավորով՝ 3-րդ հորիզոնականը, իսկ Էստոնիայի հավաքականը 3 միավորով եզրափակեց C դիվիզիոնի երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել