
Խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձում է չեղարկել ռազմական դրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ խորհրդարանական ընդդիմության օրակարգում: Այսօր ևս ընդդիմությունը ռազմական դրությունը չեղակելու օրակարգով արտահերթ նիստ է հրավիրելու, սակայն իշխանությունն այն փորձում է կրկին տապալել:
Խորհրդարանական ճեպազրույցներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ընդգծեց` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ իրենց օրակարգում, քանի որ վստահ են` աշխահի որևէ կետում չկա մի հայ, որը կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետին կշարունակի ընդունել: Իսայանի խոսքով` բացի փողոցային գործիքակազմից` հանրահավաքներից, օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը, սակայն քաղաքական մեծամասնությունը շարունակում է տապալել իրենց հրավիրած արտահերթ նիստերը` հնարավորություն չտալով չեղարկել ռազմական դրությունը:
«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին կամ տիրապետելով սպասարկել որոշ արևմտյան ուժերի»,-պնդեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հավելեց` իրենք երբեք դեմ չեն եղել ռուսական խաղաղապահների տեղակայմանը, սակայն դա պետք է արվեր ժամանակին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ խոսեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին սպառնացել են մտնել իր տուն և գրավել այն: Մարուքյանն ասաց, որ դեռ ամսի 11-ից սպառնալիքներ է ստացել, այդ մասին տեղեկացրել է ոստիկանապետին: Մարուքյանի համոզմամբ` երկրում տիրում է անիշխանություն, ով ում ուզում սպառնում է կամ ծեծի ենթարկում:
«Չի կարող հայտնի փաստաթուղթը ստորագրած վարչապետն ապագայում սրանից քաղել հայանպաստ տեքստեր, իսկ էս պրոցեսները արագ են լինում, չի կարող էսպես մնալ վեց ամիս: Չի կայունանալու իրավիճակը, քանի դեռ պարտության սիմոլ վարչապետը չի հեռացել»,-ասաց Մարուքյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հավելեց` չի պատկերացնում, թե ինչպես է Արտաքին գործերի նորանշանակ նախարարն այս փաստաթղթի շուրջ բանակցելու: Նրա համոզմամբ` դա կարող է անել մի մարդ, որը չի ստորագրել փաստաթղթի տակ և պնդել, որ նախորդը սպառնալլիքների տակ է այն ստորագրել, հետևաբար ամբողջ գործընթացն իրավական մակարդակում պետք է իրականացնել: Մարուքյանի խոսքով` Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը, Սահմաանդրության համաձայն, համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ պնդեց` այս պահին քաղաքական մեծամասնության օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու հարց չկա, քանի որ, Կառավարության գնահատականով, չկա որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկել:
Նազարյանի խոսքով` ՌԴ նախագահի առաջարկով ու Ադրբեջանի նախագայի համաձայնությամբ հոկտեմբերի 9-10-ի միջակայքում եղել է առաջարկ` Շուշին ադրբեջանցի փախստականներով բնակեցնելու, սակայն հայկական կողմն այն չի ընդունել և որոշել է պայքարը շարունակել ռազմաճակատում` մտածելով որ կլինի ռազմական հաջողություն:
«Բայց դա տեղի չի ունեցել, և հնարավոր է եղել փաստաթուղթը ստորագրել միայն Շուշիի անկման կետում: Եթե այն ժամանակ համաձայնեին, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ… Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հաձնեցինք»,-ասաց նա:
Նազարյանը նաև հավանական չհամարեց, որ այլ մարդ, բացի Նիկոլ Փաշինյանից, կարող է կայունացնել վիճակը:
«Որքան էլ պարադոքսալ հնչի, Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնոզ է, քան ապակայունացնող»,-ասաց նա:
Մեկնաբանել