HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մովսես Հակոբյանը՝ իր զեկուցագրի համաձայն պաշտոնից ազատվելու ու Արցախի շտաբից հեռացվելու մասին

«Որոշում կայացրել եմ, որ զորացրվեմ բանակից դեռ հոկտեմբերի հինգին, ինչու այն ժամանակ զեկուցագիր չեմ գրելու զորացրվելու, որովհետև հաշվի եմ առել, որ պատերազմի ժամանակ իմ որոշումը վնաս է հասցնելու զինված ուժերին»:

Նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում ասաց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Վերջինիս խոսքով` որոշել է սպասել մինչ պատերազմի ավարտը և հնարավորության սահմանում աջակցել բանակին, սակայն պաշտոնից հեռանալու որոշումը վերջնական կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումից հետո, երբ կոչ էր արել կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և, իր խոսքով, վնգստացողներին դուրս մղել հրապարակից:

«Այդ պահին որոշումս կյանքի եմ կոչել և զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Թե ինչու ռազմական գործողությունների ընթացքում չի խոսել, իր իսկ տված հարցին գեներալ-գնդապետը մանրամասնեց` զինվորականերն առանց համապատասխան թույլտվության որևէ ինֆորմացիա հրապարակելու իրավունք չունեն: Այժմ էլ խոսում է, քանի որ պատերազմի 44 օրերի ընթացքում ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել երկրին, այլ՝ քայքայել:

Նախկին բարձրաստիճան զինվորականը խոսեց զինված ուժերի ինֆորմացիոն կենտրոնի մասին, որի խնդիրներից մեկը հակառակորդին մոլորության մեջ գցելն է` այդ թվում ստի միջոցով, սակայն այն չպետք է գերազանցի իրականության 30%-ը, իսկ հայկական կողմի սուտը գերազանցել է 100%-ը: Եւ սա է պատճառը, որ հասարակության համար այս իրավիճակն ընկալելի չէ, և մի մասը պնդում է, որ պատերազմը պետք է կանգնեցնել, մեկ այլ մասը պնդում է, որ հաղթում էինք:

Նրա խոսքով՝ իր համար մինչ այս պահն անհասկանալի է, թե ինչու է վարչապետի հրամանով հեռացվել Արցախից: Խոսելով վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից, որի մասին հայտնել էին տարբեր լրատվամիջոցներ, Մովսես Հակոբյանն ասաց, որ վարչապետի տիկինը հրամանատարական կետում է եղել և հետևել էկրանին ցուցադրվող մարտական գործողություններին: Այնտեղ է եղել նաև Սամվել Բաբայանը:

«Տիկին Աննան նստած էր, դիտարկում էր, որևէ հարցի չէր միջատում, չէր խոսում, երբ ավարտվեց մոտեցա, ասեցի` տիկին Աննա, նման տեսարժան բաներ չեն լինելու, մնացած ուղղություններով մարտեր են ընթանում, նպակահարմար է գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից: Ասեց լավ, քսան րոպե անց գնաց, չորս ժամ անց ինձ կանչեցին Երևան»,- պատմեց Մովսես Հակոբյանը:

Բանախոսի ներկայացմամբ` մտածել է, թե Երևան են կանչել, քանի որ վարչապետն է ցանկացել իր հետ խոսել, դեռ սեպտեմբերի 30-ից իրավիճակից վերաբերյալ զեկույց է կազմել, սակայն վարչապետն իրեն չի ընդունել: Երևան հասնելուց հետո պաշտպանության նախարարն ասել է` վարչապետը հրահանգել է թույլ չտալ իրեն Արցախ մեկնել:

Գեներալ-գնդապետը ընթերցեց նաև վարչապետի հեռախոսահամարին իր ուղարկած հաղորդագրությունները, որոնք այդպես էլ անպատասխան են մնացել:

«Չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք Արցախ, սիրտս պայթում է, նամակը չի էլ բացել»,-ընթերցեց Հակոբյանը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter