HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով այլևս կասկածյալ չէ, նրան մեղադրանք ևս չի առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 11 անձի՝ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, կուսակցության անդամներ Արսեն Բաբայանին և Արա Սահակյանին,  ՀՅԴ-ի անդամներ Արծվիկ Մինասյանին, Գեղամ Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին։

Վերը նշված բոլոր անձինք եղել են ձերբակալված, ապա, դատարանները նրանց ձերբակալման որոշումները ճանաչել են ոչ իրավաչափ, նրանք ազատ են արձակվել, իսկ երեկ մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Նշենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է նոյեմբերի 11-ին և դրան հաջորդող օրերին  Հայաստանի 17 կուսակցություների համատեղ հանրահավաքներին, որով վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության կապակցությամբ և պահանջում են վերջինիս հրաժարականը: 

Այս գործով նոյեմբերի 11-ին ձերբակալված է եղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և դատարանը նրա ձերբակալման որոշումը ևս ոչ իրավաչափ է ճանաչվել, վերջինս ազատ է արձակվել։

Քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը սահմանում է, որ կասկածյալն այն անձն է,

1.որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով

2.որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր՝ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից»։ Այսինքն՝ անձը կասկածյալի կարգավիճակում կարող է գտնվել առավելագույնը 7 օր։

Հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անձը  դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս գործի շրջանակներում խափանման միջոց չի ընտրվել, հետևաբար՝ չէր կարող վերացվել։

Եթե Ծառուկյանին գործով որպես մեղադրյալ ներգրավվելու խնդիր առաջանար, ապա նրա պատգամավորական անձեռնմխելիությունը մինչ այդ պետք է հաղթահարվեր, այսինքն՝ այդ դեպքում քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազը պետք է դիմեր Ազգային ժողովին, ինչը չի արվել։ Ծառուկյանը քրեական գործով չի ներգրավվել նաև որպես մեղադրյալ,  իսկ ձերբակալվելու հաջորդ օրն, ինչպես արդեն նշեցինք, ազատ է արձակվել, քանի որ ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ։
Հաշվի առնելով հանգամանքը, որ անձը  դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու պահից՝ կարելի է պնդել, որ ազատ արձակվելուց հետո Ծառուկյանն այլևս չի ունեցել կասկածյալի կարգավիճակ։

Նշենք որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալման օրը՝ նոյեմբերի 11-ին պատրաստվում էր մասնակցել Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին։

 Հատուկ քննչական ծառայությունը և Դատախազությունը քրեական գործի և Ծառուկյանի կարգավիճակի վերաբերյալ որևէ լրացուցիչ տեղեկություն չեն տրամադրում բացի նրանից, ինչ արդեն հրապարակվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter