
Ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ կարող է գումարվել
Նոյեմբերի 26-ին հրավիրված է Ազգային ժողովի արտահերթ նիստ` ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով: Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, սակայն այս օրակարգի ջատագով է նաև երկրորդ խորհրդարանական խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստանը»:
Հիշեցնենք, որ արդեն երեք անգամ ընդդիմադիր խմբակցությունները փորձել են նույն օրակարգով արտահերթ նիստ հրավիրել, սակայն այն տապալվել է, քանի որ խորհրդի նիստ չի գումարվել: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ խորհուրդը պետք է հաստատի նիստի օրակարգը:
Խորհրդի կազմում են մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և ԱԺ նախագահությունը, սակայն քաղաքական մեծամասնության պատգամավորներից այդ նիստերին ներկա է եղել միայն նախագահող Լենա Նազարյանը: Նույն օրակարգով խորհրդի նիստը երեք անգամ տապալվելուց հետո հնարավորություն է ստեղծվում արտահերթ նիստ գումարել` առանց խորհրդի նիստի հաստատման:
Սակայն նիստը կարող է համարվել իրավազոր, եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսը մասնակցի: Առաջարկվում է նաև ռազմական դրությունը չեղարկելու ԱԺ որոշման նախագիծը քննարկել առանց ժամային սահմանափակման:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կապ հաստատել չի հաջողվում` հստակեցնելու արտահերթ նիստին մասնակցելու վերջիններիս դիրքորոշումը, սակայն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նոյեմբերի 19-ի խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց, որ քաղաքական մեծամասնության օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու հարց չկա, քանի որ, Կառավարության գնահատականով, չկա որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկել:
Ընդդիմադիրները ցանկանում են արտահերթ նիստում քննարկել վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի` նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որի որոշ կետեր արդեն սկսել են գործել:
Մեկնաբանել