
Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 10:00-ին։
Աթանեսյանի խոսքով՝ ձերբակալման բողոքի վերաբերյալ նման ժամկետում որոշման կայացումն անիմաստ է դարձնում այդ բողոքի քննությունը։ Պաշտպանի խոսքով՝ գործի ծավալը բավականին քիչ է՝ մոտ 15-ից 20 թերթ։
«Չեմ կարծում, որ այնքան բարդ է, որ դատավորը պետք է դրա մասին 16 ժամ մտածի։ Եթե բողոքը բավարարվելու է, ապա ծիծաղելի է դառնում այս ամենը, ստացվում է, որ մարդը ժամեր շարունակ ավելորդ պահվել է ձերբակալված, իսկ եթե բողոքը մերժվելու է, ապա, այս թատոնը պետք չէր»,- ասա Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի։ Արթուր Դանիելյանը ձերբակալվել է երեկ՝ նոյեմբերի 20-ին։
Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել է, որ քրեական գործը, որի շրջանակներում Դանիելյանը ձերբայկալվել է, հարուցվել է նոյեմբերի 19-ին, մինչդեռ հավաքը, որը կազմակերպումն ու անցկացումը վերագրվում է նրան, տեղի էունեցել նոյեմբերի 20-ին։
Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո բազմաթիվ հասարակական, քաղաքական ուժեր ամեն օր բողոքի ակցիաներ ու հավաքներ են անցկացնում։
Լուսանկարը՝ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքի էջից
Մեկնաբանել