
Վլադիմիր Պուտին․ «Փաստաթուղթը հեղինակել ենք երեքով՝ ես, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը»
Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել արցախյան հակամարտության շուրջ նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնության ժամանակ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 1-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի միայն միջնորդ է հանդիսացել, և այդ փաստաթղթի համաձայն՝ իր վրա պարտավորություն է ստանձնել կողմերի խաղաղ հաշտեցման համար, ինչը և մենք հիմա անում ենք»,- նշել է ՌԴ ղեկավարը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ փաստաթղթի հեղինակները համարվում են երեք կողմերը՝ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։
«Ինչ վերաբերում է փաստաթղթի տեքստին, ապա այն հեղինակել ենք երեքով, ես, բնականաբար, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ըստ էության, այն երկու կողմերի միջև համաձայնություն էր»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ փաստաթղթի համաձայնեցումը «բարդ, էներգիա խլող գործընթաց էր»։
«Ըստ էության, ես ստիպված եղա ինձ վրա միջնորդի դեր վերցնել։ Լսեցի նրանց պահանջները և պնդումները տեքստի վերաբերյալ։ Փաստացի այն իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք էր»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 1-ի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Дружинин
Մեկնաբանել