HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչև հիմա սպասում եմ, որ դեռ կզանգի». զոհված զինծառայողի մայր

«Ուշ-ուշ էր զանգում, դրա համար էլ մինչև հիմա սպասում եմ, որ դեռ կզանգի»,֊արցունքները սրբելով՝ ասում է զոհված զինծառայող Արեն Ավանեսյանի մայրը՝ Արմիդա Գրիգորյանը։

Պատմում է, որ Արենը 17 տարեկանում սկսել էր ձեռներեցությամբ զբաղվել, իրենց գյուղում՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում ազնվամորի էր աճեցնում, Կապանում վաճառում, վաստակած գումարով փոքր քրոջ համար հագուստ, քաղցրավենիք գնում, ուսանող քրոջ համար էլ սնունդ ու քաղցրավենիք ուղարկում Երևան։

«Մենք Արենին տեսնում էինք մեր շարքերում կանգնած, որպես մանկավարժ»

Արենի ծնողներին այցելելուց առաջ հանդիպում ենք նրա դասընկերոջը՝ Հայկին ու ուսուցիչներին։ Նա սովորել է Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցում (Դավիթ Բեկն արցախյան նոր պատերազմի ընթացքում բազմիցս հրթիռակոծվեց Ադրբեջանի կողմից-հեղ.)։

«Մեր լավագույն աշակերտներից էր Արենը, մենք Արենին տեսնում էինք որպես կայացած մանկավարժ՝ մեր շարքերում կանգնած, ընդունվել էր մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որպեսզի ավարտելուց հետո վերադառնա գյուղ, այստեղ էլ դասավանդի»,֊ասում է դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը։

Արենի դասղեկի, դպրոցի տնօրենի, հայոց ու ռուսաց լեզուների ուսուցիչների, նրա դասընկերոջ՝ Հայկի հետ Արենի դասարանում ենք, հիմա այդ դասարանում ուրիշ աշակերտներ են սովորում, տնօրենը առաջարկել էր մեզ հավաքվել այնտեղ, որտեղ Արենն անց է կացրել իր դպրոցական առօրյան։ Հայոց լեզվի ուսուցչուհին՝ Աննա Սարգսյանը, մատնացույց է անում առջևի դպրոցական սեղանն ու ասում, որ Արենը միշտ այդտեղ էր նստում։ Նա ամեն օր զանգում էր Արենի մորը, ամուսինն էլ նրա հորն էր զանգում Արենից տեղեկություն ունենալու համար։ Ասում է, որ  դժվար էր զանգել ծնողին ու հարցնել՝ ո՞նց է պատերազի դաշտում գտնվող տղան։

«Աննա, հիշո՞ւմ ես, ինչ խոսուն հայացք ուներ, էնպես էր նայում, ասես միշտ ինչ֊որ նոր բան էր ուզում լսել, մի բան, որ անգամ դու չգիտես, իր առաջ մենք պարտավորված էինք, գիտեինք, որ սովորելու անհագ ցանկություն ունի»,-հայոց լեզվի ուսուցչուհուն դիմելով՝ ասում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Բարսեղյան Ջուլիետան։ Նա շարունակում է պատմել Արենի մասին՝ պարտաճանաչ էր, ազնիվ ու բարի, օգնում էր բոլորին, հետո արցունքները խեղդում են կնոջ կոկորդն ու ընդհատում է խոսքը։

Լարված մթնոլորտը ցրելու համար սկսում եմ հարցեր տալ դասարանի մյուս աշակերտների մասին, ուսուցչուհին դարձյալ Արենի մասին է պատմում. «Յուրահատուկ տղա էր Արենը, չեմ կարողանում հավատալ, որ հիմա չկա, իր նման տղաներն են ազգը շենացնողները, ափսո՜ս»։ 

Դասարանի երկու տղաներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել

Դավիթ Բեկ գյուղի Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 42 աշակերտ, Արենի դասարանը 7 հոգանոց էր։ Տնօրենն ասում է, որ մի քանի տարի առաջ դպրոցում սովորել է մոտ 160 աշակերտ, ափսոսանքով նշում է, որ շատերը լքում են հայրենի գյուղը՝ արտերկիր կամ այլ քաղաքներ տեղափոխվում։Հայկը՝ Արենի դասընկերը, ժամկետային զինծառայող է, մեջքի հատվածում բեկորային վիրավորում է ստացել, բուժվել է «Էրեբունի» ԲԿ-ում, հիմա հետագա խնամքը ստանում է տանը՝ Դավիթ Բեկում։

Հայկի մասին խոսելիս ուսուցիչներն ասում են՝ շատ լավ տղա է, դասընկերներին նվիրված, բարի։ Հայկը դպրոցից հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն, երբ եկել է բանակ զորակոչվելու ժամանակը, վերադարձել է Հայաստան, որպեսզի ծառայության անցնի։ Կուբաթլուի զորամասում է ծառայել, վիրավորվել է հոկտեմբերի 13-ին։ Հայկի հետ սկզբում իր մասին էինք զրուցում, ասում էր՝ իր հետ ամեն ինչ կարգին է, ափսոսում է, որ շատ ընկերներ է կորցրել։ Հարցնում եմ՝ Արենն ինչպիսի տղա էր։ «Իր նմանը չկար, շատ համեստ ու հանգիստ էր Արենը»,- հարցս չավարտած՝ պատասխանում է Հայկը։ Պատերազմի ու իր վիրավորվելու մասին չի ցանկանում խոսել։ Միայն հիշում է, որ ուղղաթիռով Երևան էին տեղափոխում, հետո ասել են, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է։ Գերի ընկած, անհետ կորած ընկերներ ունի, նրանց մասին է մտածում։

Զրույցի ողջ ընթացքում լուռ է դասղեկը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Հակոբյանը։ 

Նա կամավոր մեկնել էր առաջնագիծ, նոր է վերադարձել։ Երևի բոլորից լավ գիտի, թե ինչ է կատարվել ռազմաճակատում, դրա համար էլ ոչինչ չի խոսում։ Միայն ասում է, որ իր աշակերտին՝ Հայկին, հոկտեմբերի 4֊ին հանդիպել է Ջաբրայիլում։«Տղերքի դուխը տեղն էր։ Տեսա, բարևեցինք, ո՞նց ես հարցը տալու կարիք էնտեղ չկա, տեսնում ենք՝ ոնց են, մի ուրիշ զգացողություն էր, որ աշակերտիս տեսա, մեծացած, իմ ու իմ հասակակիցների շարքերում կանգնած, հայրենիք պահելիս, հետո ես ուրիշ տեղ տեղափոխվեցի, դրանից հետո իմացել եմ, որ վիրավորվել է Հայկը»,-ասում է դասղեկը։

Արենը խոստացել էր վերադառնալ ու ընտանիքին օգնել սեփական հացի փուռ կառուցել

Արենի մայրը հացթուխ է, Արենը խոստացել էր, որ երբ վերադառնա ծնողներին օգնելու է սեփական հացի փուռ բացել։ 

Նա Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող էր։ Նույն համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում է սովորել Արենի ավագ քույրը՝ Արինեն։ Հիմա նա աշխատում է Կապանի թիվ 10 դպրոցում, որպես աշխարհագրության ուսուցիչ։

Արենն անվճար էր սովորում, մայրն ասում է, որ տղան որոշել էր՝ եթե չկարողանա անվճար ընդունվել, վճարովի համակարգում չի սովորի, քանի որ չի ուզում ծանրաբեռնել ծնողներին։ 

Բանակ զորակոչվելուց հետո Արենի ընտանիքը Դավիթ Բեկից տեղափոխվել է Կապան, հիմա նրանք Կապանում վարձով են բնակվում։

Արենի ծառայության ավարտից հետո ուզում էին նորից վերադառնալ Դավիթ Բեկ։ «Կապված էր գյուղին, ես ասում էի՝ գյուղում ապագա չկա, իսկ ինքն ասում էր՝ ես իմ ապագան ուրիշ տեղ չեմ պատկերացնում»,-ասում է մայրը։

Արենը պիտի զորացրվեր 2021-ի հունվարին։ Ծառայության ըթացքում արձակուրդ չէր եկել, մի անգամ հայրն էր գնացել տղային տեսնելու։ Արենը սերժանտ էր, դիրքի ավագ։ 

Արենի եղբայրը՝ Ռազմիկը, պայմանագրային զինծառայող է, ծառայում էր Հադրութում։ Երբ եկել է Արենի ծառայության ժամանակը, ինքնակամ դիմել է, որ գնա Հադրութ՝ եղբոր մոտ։ Պատերազմը սկսվելուց հետո Արենին ու եղբորը տարբեր տեղեր են տարել, հայրն ասում է, որ ավելի շատ անհանգստանում էին Ռազմիկի համար, քանի որ նա դիպուկահար է, բացի այդ՝ տաքարյուն է։ Արենն էլ ամեն անգամ տուն զանգելիս ասում էր, որ իր համար չանհանգստատան, Ռազմիկի տեղն ավելի վտանգավոր է։

Փոքր քույրը՝ Ռուզաննան, բացիկներ էր պատրաստում, ծնողների պատրաստած ծանրոցների մեջ դնում, ուղարկում եղբայրներին։ Վերջին բացիկը, որ պիտի ուղարկեր եղբորը՝ Արենին, դրված էր Արենի նկարի մոտ, բացիկի վրա գրված է՝«Արեն, ես քեզ շատ եմ սիրում»։

Ծնողները մտածում են, որ Արենը զոհվել է նոյեմբերի 9-ին, Մարտունի 2-ում։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել էր նոյեմբերի 8-ին։ Արենին հուղարկավորել են նոյեմբերի 13-ին Կապան քաղաքի եղբայրական գերեզմանատանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter