
Վարչապետը Կառավարության նիստում ներկայացրեց առաջիկա անելիքները
Ռազմական գործողությունների ավարտից հետո այսօր տեղի ունեցավ Կառավարության առաջին նիստը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Այնուհետև վարչապետը պաշտոնաթող նախարարներին շնորհակալություն հայտնեց և հաջողություն մաղթեց նորանշանակ պաշտոնյաներին:
Վարչապետը նորից նշեց, որ, որպես ՀՀ վարչապետ, իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը:
«Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը, արտաքին ու ներքին կայունության և անվտանգության ապահովումը, և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է: Մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա»- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարը նշեց, որ Կառավարությունը Արցախի բնակիչներին աջակցող արդեն 2 միջոցառում է ընդունել, և այդ միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է:
Վարչապետի խոսքով՝ առաջիկայույմ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը:
Նիկոլ Փաշինյանը բացարձակ առաջնահերթություն է համարում անհետ կորածների որոնողական աշխատանքների կատարումը և գերիների փոխանակումը:
«Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանքիների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության և երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է: Նույնիսկ այս դժվար ժամանակներում պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք: Բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով», -ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու:
«Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, Կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս համգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով և ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- եզրափակեց վարչապետը:
Մեկնաբանել