
Ա. Թորոսյան. «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախնական պատվերը բնակչության 10%-ի չափով է»
Գործադիրն իր այսօրվա նիստում, շեղվելով օրակարգային հարցերից, քննարկեց նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակը:
«Այսօր ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Հարաբերական կայուն և մի փոքր բարելավված վիճակ ունենք, եթե համեմատենք մոտ 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է: Երեկվանից չունենք այնպիսի քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք նրանց չենք կարողանում տեղավորել»,- հայտնեց Արսեն Թորոսյանը:
Ըստ առողջապահության նախարարի՝ համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկումներ են ընթանում հնարավոր անկման մասին, բայց 2-3 ամիս ընդմիջումով կրկին աճ կարող է լինել:
Վարչապետ Փաշինյանն էլ նշեց, որ կար ժամանակ, երբ Հայաստանը 100 000 բնակչի հաշվով աշխարհում վարակելիության ամենաբարձր ցուցանիշն ուներ:
«Հիմա, երբ վիճակագրությունը նայում ենք, էս ցուցանիշը դառնում է փոխանցիկ: Ցուցանիշն, ըստ էության, բոլոր երկրները փոխանցիկ դրոշի նման վերցնելու են: Շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ նման ցուցանիշ դեռ չեն ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հետաքրքրվեց պատվաստանյութի ձեռքբերման պայմանավորվածություններով:
«Միջազգային հավաքական գնումների մի պլատֆորմի կանխավճար ունենք, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ մինչև 10 թեկնածուի մասին է խոսքը, և նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 %-ի չափով, այսինքն՝ 300 000 բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերում: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է»,- տեղեկացրեց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ գրիպի դեպքում ձեռք է բերվում մոտ 180 000 քաղաքացու պատվաստանյութ և հաճախ դժվարությամբ է դա սպառվում:
«Իմանալով, այսպես ասած, մեր բնակչության պատվաստվելու ավանդույթները՝ պահպանողական սցենար ենք ընտրել, բայց եթե կարիք լինի և հաջողվի դա անել, հետագայում կավելացնենք քանակները: Հստակ խմբեր են լինելու, օրինակ՝ խրոնիկ հիվանդությամբ, տարեց քաղաքացիները, փակ հաստատություններում ապրողները և բուժաշխատողները»,-նշեց առողջապահության նախարարը:
Մեկնաբանել