
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են
Քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին: Արդեն երկու օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, թե համայնքի բնակիչներին փաստի առջև են կանգնեցրել` ասելով, որ մինչև նոյեմբերի վերջ պետք է հեռանան իրենց տներից: Հիշեցնենք, որ Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է անցնելու Լաչինի շրջանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն առհասարակ հրաժարվում է հարցազրույց տալ, մի մասն էլ, լսելով հարցը, ասում է` տեղեկություններ չունենք:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում Բերձոր համայնքի բնակիչներին, չխոսեց նաև Հայկ Կոնջորյանը:
Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե Քաշաթաղի վարչական շրջանը հայտարարություն է տարածել: Մեր դիտարկմանը, թե այդ հայտարարության մեջ որևէ հստակ տեղեկություն չկա, Հովհաննիսյանն ասաց, թե հիշում է Արցախի իշխանությունների և, մասնավորապես, Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, թե Բերձորի բնակիչներն իրենց տները լքելու որևէ պարտադրանք չունեն: Հովհաննիսյանի խոսքով` ինքը լրացուցիչ տեղեկություններ չունի:
Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, լսելով Բերձորի մասին հարցը, արձագանքեց` հենց հիմա դրանով է զբաղվում, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անորոշության մեջ հայտնված բերձորցիներին կոչ արեց դիմել Արցախի իշխանություններին:
«Ճիշտը` խնդրի լուծումը գտնել Արցախի իշխանության տիրույթում»,-ասաց նա` հավելելով, որ տեղեկությունների չի տիրապետում:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ պետական մարմինների միջև հստակ գործընթաց է ընթանում:
«Այս պահի դրությամբ կոչ է արվել դեռևս արագ քայլեր չձեռնարկել` մինչև բանակցությունները հասնեն իրենց հանգուցալուծմանը»,-ասաց Հայրապետյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն ասաց` մանրամասներին չի տիրապետում, սակայն գիտի, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Մկրտչյանի խոսքով` Արցախի նախագահը սերտ բանակցությունների մեջ է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, այդ հարցերը ևս օրակարգում են:
Վահե Ղալումյանն էլ նշեց, թե հարցի լուծումը խորհրդարանի տիրույթում չէ:
Տեղեկացնենք նաև, որ խորհրդարանում է պաշտպանության նախարարության գլխավորր քարտուղար Արթուր Սարգսյանը: Նրանից փորձեցինք տեղեկություններ ճշտել ռազմագերիների փոխանակման գործընթացի մասին, սակայն նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, ապա վրդովվեց, թե արդյոք գիտե՞նք՝ իր պաշտոնը քաղաքական է, թե ոչ` նման հարց ուղղելու համար:
Մեկնաբանել