
Հացադուլ անողները
Այսօր առավոտյան Շտապօգնության ծառայությունն այցելել է Կառավարության շենքի դիմաց հացադուլ անող անձանց: Առողջապահության նախարարությունն արդեն կանոնավոր կերպով գալիս և հետևում է, թե ինչպես է նրանց առողջական վիճակը:
Շտապօգնության բժիշկը գալիս, նրանց հերթով կանչում էր, մեքենայի մեջ ստուգում նրանց առողջական վիճակն, ապա՝ մյուսին կանչում: Հակառակ որ իրենցից ոմանք առողջական խնդիրներ ունեն՝ որևէ մեկը չի պատրաստվում հացադուլը դադարեցնել: Ավելին, այսօր առավոտյան հացադուլին է միացել ևս մեկ անձ՝ Տիգրան Սուքիասյանը: Այժմ նրանց թիվը հասել է հինգի:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող անձանցից ամենատարեցը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է, հացադուլը սկսել է նոյեմբերի 23-ից: Բժշկական զննությունն անցնելուց հետո պարզվեց, որ արյան մեջ շաքարի պարունակությունը բարձրացել է: Ինքը՝ Բալայանն ասում է՝ շաքարս մի փոքր բարձր է: Բժիշկները նրան ասել են, որ իր առողջական վիճակին հացադուլը հակացուցված է: Ինքը, սակայն, բնական է համարում, որ բժիշկներն այդպես պիտի ասեին:
«Բնական է՝ բժիշկներն ինչ պիտի հորդորեն»,- ասում է Բալայանը: Մեր հարցին Դուք ի՞նչ եք մտածում նրանց հորդորի մասին, 73-ամյա հացադուլավորն ասում է՝ մտածում եմ, որ պիտի շարունակեմ հացադուլս, իսկ երբ հարցրինք, թե իրեն ինչպես է զգում, պատասխանեց, թե հոգեպես լավ է:
«Ինձ լավ եմ զգում, որ համազգային խնդրի լուծման համար ինչ-որ նպաստավոր քայլ եմ անում, առողջական տեսակետից՝ ոչ այնքան լավ եմ»,- ասաց Բալայանը:
Բազմամյա փորձ ունեցող ՍԴ նախկին անդամին հարցրինք՝ Հայաստանում հացադուլի միջոցով հարցեր բարձրացնելն ինքն արդյունավետ միջո՞ց է համարում, պատասխանեց, որ մարդկանց զգոնությունը բարձրացնելու առումով արդյունավետ է:
«Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Գեղամ Մանուկյանն առաջինն է սկսել հացադուլը՝ նոյեմբերի 22-ին: Ասում է՝ հետքայլ չի լինելու:
«Հինգ օր առաջ, երբ մեկնարկեց հացադուլը մեր խոսքում շեշտում էինք, որ Նիկոլ Փաշինյանի օր առաջ, ժամ առաջ հեռանալը ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության է: Ամեն օր, երբ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետի պաշտոնին, ավելի է խարխլվում մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանն ու ցավով նշեց, որ երեկ արդեն ականատես եղանք, որ տասնամյակներ շարունակ ապահով Գեղարքունիքն այլևս անվտանգ չէ:
«Ցավոք սրտի կասկածներ կան, որ այլ հատվածներում ևս նույն գործընթացը շարունակվում է և երեկվա իշխանական բոլոր փորձերը՝ հերքում, կիսահերքում, այդ բոլոր փորձերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ, որ ավելի ահավոր է, պարտվողական գծի մեջ շարունակում է վայրկյան-վայրկյան զիջել ամեն ինչ: Կրկնում եմ, Փաշինյանի ամեն րոպե մնալը վարչապետի պաշտոնում խարխլում է մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Երեկ գիշերը Կառավարության շենքի դիմաց հավաքված անհետ կորածների հարազատները փորձել են վարչապետի ավտոշարասյան ճանապարհը փակել:
Մանուկյանն ասում է, որ իրեն համար Կառավարության դիմաց հացադուլ անելիս ամենածանրն անհետ կորած զինվորների ծնողների ներկայությունն է այնտեղ:
«Որպես քաղաքացի, որպես Գեղամ, 1988 թվականին Ազատության հրապարակում կանգնած երիտասարդ, որպես մայիսի 28-ին եռագույն դրոշով հպարտացող, ես ուղղակի փլված եմ, որովհետև մեր երկիրը՝ որպես պետություն, պետականություն, կառավարման համակարգ, երբեք այսպիսին չի եղել: Ես տեսնում եմ հարյուրավոր անհետ կորածների հարազատների, որոնք անօգնական են, և այս շենքում եղած...շատ ավելի վատ բառեր եմ ուզում ասել...այս շենքում եղած մարդիկ ուղղակի անմեղսունակ են, ես տեսնում եմ նրանց անօգնականությունը»,- ասաց Մանուկյանն ու շարունակելով նշեց, որ իր համար ամենասարսափելին այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի վարչապետ, որպես Հայաստանի բնակիչների անվտանգության երաշխավոր, նոյեմբերի 9-ին հրապարակված հայտարարության տակ ստորագրություն դնելիս չի էլ հիշել, որ մենք ունենք ռազմագերիներ, հարյուրավոր նահատակված զինվորների դիակներ, և որևէ կետով դա չի ամրագրվել:
«Իսկ այժմ՝ դա մեր տարածքը չէ, դա ռուսների միջոցով է ուղղորդվում, գնացեք ՌԴ դեսպանատուն. թող Նիկոլ Փաշինյանը գնա ՌԴ դեսպանատանն աշխատի կամ թող գնա Պուտինի մոտ ցանկացած պաշտոնի և թողնի, որ մարդիկ երկիրը նորմալ ղեկավարեն»,- զայրույթն է արտահայտում հացադուլավորը:
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երկու անգամ այցելել է իրեն՝ որպես գործընկեր, հորդորել, որ դադարեցնեն հացադուլը, ինքն ասել է, որ չի դադարեցնելու: Մանուկյանն ասում է, որ երեկ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Վեհափառի օրհնությունն է փոխանցել իրենց: Հացադուլ անողներին այցելում են նաև բազմաթիվ հասարակական գործիչներ, կուսակցականներ ու ամենակարևորը՝ այլ քաղաքացիներ:
Մանուկյանի համար ամենատպավորիչը երեկ առավոտյան մի տատիկի այցն է եղել, ով գործած չորս բրդյա գլխարկ է բերել:
«Ասում եմ՝ չէ, մայրիկ ջան, թող մնա զինվորների համար: Պարզվեց՝ այս ամբողջ ընթացքում ինքն ու թոռնիկը զինվորների համար գլխարկներ են գործել: Մեզ բերած գլխարկներն ուղարկեցինք Դաշնակցության գրասենյակ, որ փոխանցեն զինվորներին»,- պատմեց Մանուկյանն ու նշեց, որ մի ուրիշ կին էլ բրդյա գուլպաներ է բերել իրենց համար, որոնք նույնպես կփոխանցվեն զինվորներին:
Մանուկյանն ասում է, թե խոսակցություններ են լսել, իբր իրենք իրական հացադուլ չեն անում:
«Ֆեյքերի նման բանակ ունեցող իշխանություններից ամեն ինչ էլ կարելի է սպասել»,-ասում է Մանուկյանը:
Նշենք, որ հացադուլավորներն այսօր պահանջում էին ստուգել նաև իրենց արյունը, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն:
Նոյեմբերի 24-ից հացադուլ սկսած Անահիտ Կիրակոսյանը տարիներ առաջ զոհված զինծառայող Անդրանիկ Հայրապետյանի մայրն է: Որդին 2008-ին՝ Արցախի մարտական դիրքերից մեկում շինարարություն անելիս է եղել, երբ հակառակորդի գնդակից մահացել է: Տիկին Անահիտը գիտի, թե հիմա ինչ են զգում անհետ կորած, գերի ընկած ու զոհված զինծառայողների հարազատները: Հացադուլի առաջնային պահանջն այն է, որ օր առաջ գերի ընկած ու անհետ կորած զինվորներին գտնեն և վերադարձնեն իրենց ընտանիքներին:
«Մեկ կյանքն էլ մեզ համար մեծ բան է»,- նշում է զոհված զինվորի մայրն ու ասում, որ թեև իրեն այնքան էլ լավ չի զգում՝ ուզում է շարունակել հացադուլը: Նշենք, որ բուժզննման ընթացքում Կիրակոսյանի մոտ ցածր ճնշում է արձանագրվել:
ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը նույնպես նոյեմբերի 22-ից է սկսել հացադուլը, ասում է՝ ինքնազգացողությունը նորմալ է: Ավետիսյանի խոսքով՝ երբ Մանե Գևորգյանը հանդիպել է Գեղամ Մանուկյանին, ասել է, թե վարչապետը հետաքրքրվել է իրենց առողջական վիճակով:
«Բայց, իմ կարծիքով՝ անտարբեր վիճակ կլինի նրանց մոտ այսքան խնդիրների առկայության պայմաններում: Նրանց հիմա իրենց աթոռն է հետաքրքրում»,- ասաց Ավետիսյանն ու ցավով արձանագրեց, որ մարդիկ իրենց խնդիրների լուծման համար արդեն ՌԴ դեսպանատան մոտ են հավաքվում ու պահանջներ ներկայացնում: Այս ծանր վիճակից դուրս գալու միակ ելքը Ավետիսյանը ևս համարում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հացադուլին միացած Տիգրան Սուքիասյանը «Հայրենիք» կուսակցության անդամ է: Ասում է, որ կուսակից ընկերները չեն ողջունել հացադուլ սկսելու իր որոշմանը, քանի որ այն կյանքին վտանգ սպառնացող միջոց է:
«Ես սա անում եմ իմ կամքով՝ որպես քաղաքացի»,- ասաց Սուքիասյանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այժմ ՀՀ-ում ու Արցախում ստեղծված ողբերգական վիճակից դուրս գալու միակ միջոցն է:
«Թող նամուս, թասիբ ունենա, հրաժարական տա, ստեղծվի ժամանակավոր կառավարություն»,- ասում է Սուքիասյանը:
Մեկնաբանել