HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա. Բեգլարյան. «Ունենք անհետ կորածների մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, սպասում ենք ԴՆԹ անալիզների արդյունքներին»

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին տեղի ունեցած օնլայն քննարկման ժամանակ ներկայացրեց զոհված զինծառայողների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը:

Մարմինները նախ փոխանցվում են համապատասխան դատաբժշկական մարմին, որտեղ փորձում են ինքնությունը պարզել, լուսանկարում են, և քննություն է անցկացվում:

Անհետ կորածների հարազատները լուսանկարներով կարողանում են գտնել իրենց հարազատներին, եթե մարմնի ֆիզիոլոգիական վիճակը թույլ է տալիս: Եթե  հանրավոր չէ դեմքով կամ այլ նշաններով հասկանալ ինքնությունը, արդեն այդ մարմիններից վերցվում են ԴՆԹ անալիզներ, նաև անհայտ կորածների հարազատներից են ԴՆԹ անալիզներ վերցվում, և արդյունքների պարզ լինելուց հետո համեմատում են առկա տվյալների բազաների հետ:

«Այդպես շատ դեպքեր են եղել, երբ անհայտ կորածների հարազատները գտել են իրենց հարազատների մարմինները: Այսինքն՝ հիմա մենք ունենք արդեն կոնկրետ թվով անհայտ կորածների մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, և սպասում ենք ԴՆԹ անալիզների արդյունքներին»,- ասաց Բեգլարյանը:

Վերջինս նաև հայտնել էր, որ ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայ զինծառայողների մարմինները, և անընդհատ ժամանակ է ձգում:

Անդրադառնալով Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ կապին՝ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ նրա հետ կապ չկա, և ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր ձևերով բացառում է Արցախի որևէ պետական մարմնի հետ կոնտակտը.

«Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի ՄԻՊ-ի հետ էլ կապ չկա: Ադրբեջանի ՄԻՊ-ի հանձնակատարը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ էր դրել: Հայտարարել էր, որ կարող է համագործակցել Հայաստանի ՄԻՊ-ի հետ, եթե հայկական կողմը վերջ տա տարածքների օկուպացիային»:

Արցախի ՄԻՊ-ը հորդորեց անհայտ կորածների հարազատներին տեղեկություններ չտեղադրել սոցցանցերում կորած զինծառայողների մասին, հատկապես՝ թե որտեղ կարող են նրանք թաքնվել: Այսպիսի տեղեկությունները պետք է կիսել միայն համապատասխան կառույցների հետ:

«Իմ լիազորություննների շրջանակներում և դրանից դուրս ինչ հնարավոր է, մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել բայց, ցավոք սրտի, լայն առումով արդյունքները դեռ մեծ չեն: Գերիների վերադարձման ժամկետները անկանխատեսելի են, առաջին հերթին կախված են ադրբեջանական կողմից»,- ասաց նա:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարն էլ հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով:

Կողմերը դեռևս կարմիր խաչին չեն տրամադրել ամբողջական ցուցակը, թե քանի քաղաքացիական և զինվորական ռազմագերի կա:

«Մինչ չստանանք ամբողջական պատկերը, իհարկե, մեզ էլ դժվար կլինի ամբողջական պատկերացում կազմել, թե որքան են իրական թվերը, որտեղ են այդ մարդիկ, և ինչպես կարող ենք նրանց նույնպես տեսակցել:

Մեր կազմակերպությունն ունի այդ մանդատը, որպեսզի դիմի կողմերին՝ ստանալու ամբողջական ծավալով տեսակցության հնարավորություն: Գրեթե ամեն օր ստանում ենք տեսակցության հնարավորություն և հարազատների հետ ապահովում ենք կապը»,- նշեց Ամատունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter