HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սարդարապատում հրաժեշտ տվեցին Արցախի 20-ամյա հերոսին. «Մենք Դավիթին ողջ էինք սպասում»

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում կեսօրին կյանքը կանգ էր առել: Ավտոմեքենաները չէին շարժվում, մարդիկ քարացել էին: Հարևանությամբ գտնվող դպրոցի զանգերը չէին ղողանջում: Բարձր դասարանների աշակերտները ծաղիկները ձեռքներին, փողոցի երկայնքով գլխիկոր կանգնած էին: Լռությունն ընդհատվեց զինվորականների քայլերի ձայնից. գյուղը զինվորական կարգով հրաժեշտ էր տալիս «Արցախի հերոս», 20-ամյա Դավիթ Գրիգորյանին:

Հոկտեմբերի 4-ին, երբ հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը՝ Դավիթին «Արցախի հերոս»-ի կոչում շնորհելու մասին, Սարդարապատում լուրը մեծ արագությամբ տարածվեց: Բոլորը սպասում էին Դավիթի վերադարձին: Նա կարողացել էր Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել ադրբեջանական 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա: Օրեր առաջ նույն արագությամբ տարածվեց նաև Դավիթի զոհվելու լուրը:

Հերոսի կոչման շնորհման հաջորդ օրը «Հետք»-ը եղավ Դավիթի տանը: Մայրը՝ Սուսան Գրիգորյանը, քույրը անհամբերությամբ էին սպասում Դավիթին: Դեռ հոկտեմբերի սկզբին տիկին Սուսանն ասում էր, որ հակասական զգացումներ ունի որդու՝ հերոսի կոչում ստանալու առիթով: Հպարտ է, սակայն ուրախ չէ: Չէր ցանկանա, որ իր և մյուս ծնողների զավակներն անցնեին պատերազմի միջով:

«Գիտեի, որ մասնակցում է մարտերին, բայց մտածել էի, որ 2-րդ կամ 3-րդ գծում է: Իրենից չեմ հարցրել ընդհանրապես, որովհետև այդ մասին չի խոսում, չի ասում՝ որտեղ է, ինչ է անում: Հերոսի կոչում տալու ժամանակ եմ իմացել, որ առաջին գծում է Դավիթս»,- ասել էր հերոսի մայրը:

Դավիթը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 1-ին: Մի քանի օր չզանգելուց հետո հարազատներն արդեն կռահել են, որ Դավիթի հետ վատ բան է պատահել: Ավելի ուշ տեղեկացել են, որ 20-ամյա տղան զոհվել է նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը:

Դպրոցի մանկավարժները աշակերտների հետ ծաղիկներով սպասում էին թափորին: Իրենք Դավիթին ողջ էին սպասում, բայց այդպես էլ նրան չտեսան: Նույնիսկ զոհվելուց հետո նրա դեմքը չտեսան. դագաղը փակ էր:

«Մինչ հիմա չեմ հավատում, որ Դավիթն այլևս չկա: Մենք նրան ողջ էինք սպասում: Ուղղակի ցավում եմ, շատ եմ ցավում, որ հերոս դառնալուց հետո մի 5 օրով չճանապարհեցին տուն, որ ծնողները տեսնեին, ուրախությունը վայելեին ողջ ժամանակ: Ամբողջ գյուղի ցանկությունն էր դա: Այդ երեխան էլ չհասցրեց հասկանալ, որ ինքը հերոս է: Ընդամենը հեռախոսով ենք շնորհավորել: Ցավում եմ, որ մեր հրամանատարությունն այդ քայլը չարեց: Գոնե մեր հերոսներին պետք է մի քանի օրով տուն ուղարկեին, որ նրանց ողջ տեսնեինք, ոչ թե մահացած»,-ասաց Դավիթի դասղեկը՝ հայոց պատմության ուսուցչուհի Սուսաննա Եսայանը:

Տիկին Եսայանից մոտ 20 րոպե պահանջվեց ուշքի գալու համար: Նա հրաժեշտ էր տալիս իր սիրելի աշակերտներից մեկին, որին դասավանդել էր 7 տարի:

«Խելացի, համեստ, բանիմաց, հասուն» բառերով տիկին Եսայանը բնորոշեց Դավիթին: Ուսուցչուհին ասաց, որ արդեն պատրաստվել էին Դավիթի դիմավորմանը, մեծ պլաններ ունեին: Այժմ միայն ծրագրվածի մի մասը կարող են իրականացնել: Դպրոցի դասասենյակներից մեկը կանվանակոչվի Դավիթ Գրիգորյանի անունով:

Տիկին Եսայանը նշեց, թե չի մտածել, որ այս պատերազմում պարտվելու ենք: Սակայն, նրա դիտարկմամբ, որոշ չափով արդեն պարզ էր՝ հնարավոր չէր երկար պայքարել հզոր պետությունների դեմ, ինչպիսիք էին Թուրքիան և Իսրայելը, որոնք պատերազմի ժամանակ աջակցել են Ադրբեջանին: Իրենց «սև» գործն արել են նաև վարձկան ահաբեկիչները:

«Ես չեմ համարում, որ պարտվել ենք, որովհետև մեր 18-20 տարեկանների ուժն ու էներգիան, հզորությունը ոչ մի պետության երիտասարդ չունի: Եթե պատերազմի կողմը միայն Ադրբեջանը լիներ, վաղուց էինք հաղթել: Բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,-հավելեց Ս. Եսայանը:

Նրա խոսքով՝ 90-ականներից մինչ օրս ունեցել ենք սերունդների զգալի կորուստ: Հատկապես 2000-ականների սերունդը շատ քիչ է եղել: Օրինակ՝ Դավիթի ավարտական դասարանում ընդամենը 8 տղա է եղել: Եվ սա այն դեպքում, որ Սարդարապատը մարզի ամենախոշոր գյուղական համայնքն է: Այս պատկերը եղել է ամբողջ երկրում:

«90-ականների պատերազմի, քառօրյա պատերազմի ժամանակ սերունդների բավականին մեծ կորուստ ունեցանք: Դրան էլ գումարվեց այս պատերազմը: Անշուշտ, սա բացասական հետևանք է ունենալու ամբողջ երկրի համար: Այսօր ամեն ընկած զինվոր հերոս է, կապ չունի՝ այդ մեդալը ստացել է, թե ոչ: Փառք մեր բոլոր զինվորներին, հավերժ փառք ընկած զինվորներին: Բոլորն էլ մեզ հետ են»,-ասում է պատմության ուսուցչուհին:

Նա կոչ արեց շուտ ուշքի գալ, չպառակտվել ու համախմբվել, նպաստել, որ երկիրը կարճ ժամանակում դուրս գա այս ծանր իրավիճակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter