
«Իր հետ խոսելուց մեզ երբեք թույլ չէր տալիս մտածել, որ մի օր ինքը չի լինի»
Պատերազմը դարձավ Արսեն Խաչատրյանի կյանքի ռեժիսորը: 19-ամյա կրտսեր սերժանտը նպատակ ուներ ռեժիսուրա եւ ոսկերչություն սովորել: Հաջորդ տարվա հուլիսի 2-ին նա զորացրվելու էր: Մորաքրոջը՝ Աննա Հովնիկյանին, խնդրել էր հետաքրքրվել, որ վերադարձից հետո անմիջապես ընդունվեր ու անցներ ուսման:
Արսենը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից էր: Երեք եղբայրներից կրտսերն էր: Դպրոցն ավարտելուց մեկ ամիս անց քեֆ-ուրախությամբ ճանապարհել էին բանակ: Ծառայում էր Մարտունի-2 զորամասում:
Աննան ասում է՝ քրոջ որդին իր տեսակով շատ տարբերվող էր՝ ուրախ, ջերմ, ընկերասեր, բոլորին հասնող: Նույնիսկ պատերազմի օրերին հեռախոսային խոսակցություններում էր Արսենն իր ջերմությունն ու չընկճվող տրամադրությունը պահել:
«Ինքը մեզ միշտ դուխ էր տալիս: Հարցնում էինք՝ ո՞նց ես, ո՞նց ա ձեզ մոտ, ասում էր՝ լավ ա, մեզ ի՞նչ ա եղել, հեն ա՝ պարապ կանգնած ենք: Բայց իրականում էդպես չի եղել: Ուրախ ձայնով էր խոսում, անհանգստություն չէր նկատվում ձայնի մեջ»,- հիշում է մորաքույրը:
Վերջինս ասում է, որ ծառայության ընթացքում հաճախ էին խոսում Արսենի հետ: Տղան զոհվելուց օրեր առաջ զանգել էր մորը, ասել, որ արկն ընկել է ոտքերի տակ, բայց չի պայթել: Աննան նշում է, որ այդ օրը պատմել էր նաեւ մարտական ընկերներ կորցնելու մասին:
Ըստ մորաքրոջ՝ Արսենը զոհվել է հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը: Աննան ասում է, թե վերջին խոսակցության ժամանակ, որը եղել է դրանից 2-3 օր առաջ, տպավորություն էր, որ տղաները խառն էին, Արսենի ձայնն անհանգիստ էր, բայց միեւնույն է՝ «դուխ էր տալիս միշտ»:
Աննա Հովնիկյանը պատմում է, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը թեժ մարտեր են եղել այն հատվածում, որը պաշտպանել են Արսենն ու նրա հրամանատարությամբ գործող զինվորները: Կրտսեր սերժանտը մյուսներին հրամայել է նահանջել, իսկ ինքը երկու հոգու հետ մնացել է: «Արսենը մնաց ու կռիվ տվեց իր հողի համար մինչեւ վերջ: Թշնամու հարվածը թիկունքից դիպուկ էր՝ սրտին էր ուղղված: Նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Մեզ հետո ասացին, որ այդ դիրքը կարողացել են հետ վերցնել»,- նշում է Աննան: Արսենի մարտական երկու ընկերները նույնպես զոհվել են անհավասար մարտում:
«Նոյեմբերի 1-ին մեզ զանգեց Արսենի ընկերը, ով Արսենին դուրս էր բերել մարտի դաշտից, ասաց, որ Արսենն էլ չկա: Դեպքից որոշ ժամանակ հետո իր հրամանատարն էր եկել տուն: Պատմել էր, որ շատ մեծ դժվարությամբ են դուրս բերել էնտեղից»,- պատմում է զրուցակիցս:
Դեպքից օրեր անց Արսենի իրերն էին բերել, սակայն հեռախոսը մնացել էր մարտական ընկերոջ մոտ: Վերջինս ասել էր, որ հունվարին զորացրվելուց հետո հեռախոսն անձամբ է տանելու Արսենենց տուն եւ դեռ շատ բան ունի պատմելու ընկերոջ մասին:
Պատերազմի օրերին կամավորագրվել էր նաեւ Արսենի ավագ եղբայրը: Աննան նշում է, որ երբ Արսենն իմացել էր այդ մասին, եղբորը խնդրել էր չգնալ՝ ասելով, որ «ինքը բոլորի տեղն է կռվում»:
«Ախպերներից շատ էր տարբերվում: Ասում էր՝ դուք չեք բաշարում ամուսնանալ, հեսա տեսեք, բանակից գամ ոնց եմ ամուսնանում,- հիշում է մորաքույր, հետո ավելացնում,- ինձ թվում է՝ ինքը դեռ բանակում է: Չենք հավատում, որ... Էս ամեն ինչը շատ արագ, միանգամից եղավ: Իր հետ խոսելուց մեզ երբեք թույլ չէր տալիս մտածել, որ մի օր ինքը չի լինի»:
Մեկնաբանել