HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես «Թիմ»-ը ձեռք բերեց «Բիլայնը»․ գործարք, որի մանրամասները մնացին ստվերում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հոկտեմբերի 28-ի նիստում համաձայնություն է տվել «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («Բիլայն») ձեռքբերման գործարքին։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ucom ընկերության բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները տարաձայնություններ ունեցան ընկերության մյուս` ավելի մեծ բաժնեմաս ունեցող, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, ինչի հետևանքով նրանք հեռացան Ucom-ից և հիմնադրեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Բիլայն»-ը գնելու համար: Ի վերջո, հոկտեմբերի 29-ին նրանք հայտարարեցին գործարքի ավարտի մասին: 

Ինչ է տեղի ունեցել, և ինչպես է կնքվել գործարքը

Հոկտեմբերի 28-ի նիստում ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել, որ «Թիմ» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրվեն:

Մինչ այդ, Հանձնաժողովը հուլիսի 29-ին համաձայնություն էր տվել, որ երբ «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք բերի «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, դրանք պետք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրվեն, իսկ սեպտեմբերին համաձայնություն էր տվել դրանք նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրելուն։

Սակայն ընկերությունը հոկտեմբերի 14-ի գրությամբ հայտնել է, որ ելնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունից՝ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «Թիմ»-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի գնման գնի տարաժամկետ վճարման մասին։ Դրա արդյունքում «Թիմ»-ի մոտ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության նկատմամբ կծագի հետաձգված վճարային պարտավորություն, և վերջիններս համաձայնել են նշված պարտավորության կատարումն ապահովել ընկերության բաժնեմասերի գրավով։ Այսինքն՝ «Թիմ»-ը խնդրել էր համաձայնություն տալ «Վեոն Արմենիա»-ի և իր 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին իր գրությամբ չի առարկել 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։

Եվ ՀԾԿՀ-ն, համաձայն հոկտեմբերի 28-ի նիստի նախագծերի, համապատասխանաբար, համաձայնություն է տվել ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։

Ովքեր են եղել հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա»-ի հետևում

«Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությունը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում։ Ընկերության նախագահը Իսմաիլով Ռաշիդ Ռուստամ Օղլին է։ Գլխավոր տնօրենը Ալեքսանդր Յուրիի Տորբախովն է։

Իսմաիլով Ռաշիդ Ռուստամ Օղլին այս տարվա օգոստոսից գլխավորում է «Վիմպելկոմ»-ը։ Վերջինս 2014-2018թթ․-ին զբաղեցրել է ՌԴ կապի փոխնախարարի պաշտոնը՝ նախարար Նիկոլայ Նիկիֆորովի օրոք։ Այնուհետև ռուսաստանյան NOKIA –ի գլխավոր տնօրենն էր։

«Վիմպել-կոմունիկացիի» (նույն Վիմպելկոմն է՝ կրճատված) հանրային բաժնետիրական ընկերությունը գրանցված է ՌԴ-ում։ VEON ընկերությունների խմբի մեջ է մտնում, այլ կերպ ասած՝ Բերմուդյան օֆշորում գրանցված VEON Ltd-ի 100 տոկոսանոց դուստրն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանում։ Ւսկ VEON խմբի մեծ բաժնետերը Letter one Investment Holdings S.A.  -ն է՝ 48 % մասնակցությամբ։ Իրական սեփականատեր, մեծ մասնակցության չափով, ՌԴ գործարար, «Ալֆա» բանկի հիմնադիր Միխաիլ Ֆրիդմանն է։

VEON ընկերությունների խմբի դուստր է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն։ VEON խմբի համագործադիր տնօրեն 2020թ․ մարտի 1-ից նշանակվել է ազգությամբ թուրք Քաան Թերզիօղլուն (Kaan Terzioğlu)։ Վերջինս միացել էր խմբին 2019թ․ նոյեմբերից, իսկ մինչ այդ՝ 2015թ․ ապրիլից թուրքական բջջային օպերատոր Turkcell-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։

Ի վերջո, ինչպես է ավարտվել «Թիմ»-ի և «Վեոն»-ի գործարքը, ՀԾԿՀ-ի հրապարակած նախագծերից ու որոշումներից այնքան էլ պարզ չէր: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Հանձնաժողովն այսօր հայտնել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թ. հուլիսի 10-ի №242Ա, սեպտեմբերի 2-ի №296Ա և սեպտեմբերի 9-ի №313Ա որոշումներով տրված համաձայնությունների հիման վրա «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարվել են «ԹԻՄ» ՍՊԸ-ին, և նշված բաժնետոմսերն ու «ԹԻՄ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը գրավադրվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին։

«Ինչ վերաբերում է Ձեր հարցմանն ու դիտարկումներին՝ կապված հայկական օպերատորի բաժնեմասը թուրք տնօրենների կողմից ղեկավարվող ընկերության օգտին գրավադրելուն, ապա հարկ է նշել, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը կարգավորվող անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համաձայնությունը տալիս է` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ հաշվի առնելով ազգային անվտանգության շահը»,- պատասխանում նշել է հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանը:

Նույնը մեզ հետ հարցազրույցում հաստատեց նաև «Թիմ» ընկերության բաժնետեր և տնօրեն, այժմ նաև «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Նոյեմբերի 16-ին «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն վերանվանվել է «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` 18,8 մլրդ դրամ կանոնադրական կապիտալով:

Չնայած «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը չեն գրավադրվել թուրք ղեկավարների տնօրինած ընկերությունում, սակայն նրանք փաստացի մինչ գործարքը եղել են «Վեոն Արմենիա»-ի ղեկավարներն ու վերահսկողները, ինչը, փաստորեն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը չի մտահոգել:

Ինչ արժեքով և վճարման ինչպիսի պարտավորություններով է կայացել «Թիմ»-ի և «Վեոն»-ի գործարքը, նոր ղեկավար Հայկ Եսայանը չի ցանկանում մանրամասնել` առևտրային գաղտնիք համարելով, սակայն վստահեցնում է, որ փոխշահավետ գործարք է եղել թե՛ իրենց, թե՛ «Վեոն»-ի համար:

Կարդացեք նաև Հայկ Եսայանի հետ հարցազրույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter