HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վլադիմիր Պուտին. «Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշում ընդունել»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին խոսել է նաև Արցախում տիրող իրավիճակից, ինչպես նաև հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարությունից:

«Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշում ընդունել, որոնք, սակայն, անհրաժեշտ են եղել ժողովրդի համար: Այդ որոշումները ցավոտ էին, և վարչապետից մեծ տղամարդկություն էին պահանջում»,- նշել է ՌԴ նախագահը:

Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դրա կետերը հետևողականորեն կատարվում են, և ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի ու Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով:

Ռուսաստանի նախագահը նաև ասել է՝ բոլորին հայտնի է, որ Ռուսաստանից ակտիվ միջնորդական ջանքեր պահանջվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը կանգնեցնելու, ամբողջական հրադադար հաստատելու և կայունացման գործընթաց սկսելու համար:

«Միևնույն ժամանակ մենք հետևել ենք առանցքային պայմանավորվածություններին, որոնք ձեռք էր բերել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը կարևորել է նաև մարտական գործողությունների շրջանում տուժած մարդկանց օգնությանը վերաբերող հարցերը, մասնավորապես փախստականների վերադարձը, վնասված ենթակառուցվածքների վերականգնումը, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանությունը: Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ և ԱՊՀ երկրներին հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Никольский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter