HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեսրոպ Առաքելյան․ «Մեր գլխավոր խնդիրն է Արցախում ունենալ նոր բնակավայրեր, նոր կացարանային պայմաններ»

Արցախում ստեղծված հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ «Հետք»–ը զրուցել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ։ Ստորև ներկայացնում ենք նախարարի հետ զրույցից հատվածներ, իսկ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։ 

Առաջնահերթությունների մասին

Մինչ պատերազմական իրավիճակն էլ ոլորտում ունեինք կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ աղքատության բարձր մակարդակ, սոցիալական խնդիրներ, գործազրկություն։ Կառավարությունը 2.5 տարիներին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, որը, կարծում եմ, այս փուլում պետք է ավելի արագ իրականացվեն։ Յուրաքանչյուր կորցրած ժամանակ սոցիալական խնդիր ունեցող քաղաքացու համար ավելի ծանր է։ Նախարարությունում աշխատանքի անցնելու առաջին օրվանից գերատեսչության աշխատակիցներին կոչ եմ արել՝ այն բարեփոխումները, որ նախատեսված են, իրականացնել ավելի մեծ տեմպերով։ 

Հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում ստեղծեց մի նոր իրավիճակ նաև  սոցիալական խնդիրների ծանրաբեռնվածության առումով։ Արցախի մեր հայրենակիցների մեծ խումբ դեռևս իր կեցությունն իրականացնում է ՀՀ–ում՝ ունենալով սոցիալական բազմաթիվ խնդիրներ։ Մեր գլխավոր թիրախն այն է, որ մաքսիմում արագ աջակցենք այդ խմբի մարդկանց։ Մյուս խնդիրը հաշմանդամություն ունեցող մեր զինվորներն են, որոնց խնդիրները լուծելու ուղղությամբ առաջին օրվանից մեծ աշխատանքներ են տարվում։ 

Արցախից տեղահանվածների մասին

Մոտ 80 հազար արցախցի այս պահին ՀՀ–ում է գտնվում։ Մի մասը վերադառնում է Արցախ, որոնք ունեն տներ, մյուս մասը կորցրել է տները, ավերված տներ կան։ Այն քաղաքացիները, որոնք բնակվում էին տարածքներում, որոնք այժմ չեն գտնվում Արցախի վերահսկողության տակ, մենք տրամադրում ենք յուրաքանչյուր քաղաքացու 300 հազար դրամ ֆինանսական աջակցություն։ Ոչ թե ընտանիքի, այլ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով է աջակցություն տրամադրվում։ Առաջիկայում կունենանք որոշումներ այլ աջակցությունների մասով։ Կարճաժամկետ կտրվածքով նրանց բնակության վայրն Արցախում ապահովելն իրատեսական չէ։ Երկարաժամկետ հատվածում կառավարության նպատակն է մեծ թվով քաղաքացիների վերադարձը Արցախ և վերաբնակեցում Արցախի տարածքում՝ ապահովելով բնակության և գործունեության բավարար պայմաններ։ 

Մենք արցախցիներին օգնելու ենք այնքան և այնչափ, որքան կա անհրաժեշտություն։ Մեր նպատակն այն է, որ արցախցիներն իրենց մշտական բնակությունը հաստատեն Արցախում։ Մինչև վերջին քաղաքացին, որը չի ունենա վերաբնակեցման հնարավորություն և կշարունակի բնակվել ՀՀ–ում, կառավարությունն աջակցության տարբեր ծրագրերով ապահովելու է, որպեսզի որևէ մեկը չունենա էական խնդիրներ իր կեցությունը ՀՀ-ում ապահովելու մասով։ Մեր գլխավոր խնդիրն է Արցախում ունենալ նոր բնակավայրեր, նոր կացարանային պայմաններ և ապահովել ՀՀ–ում այդ ժամանակ գտնվող քաղաքացիներին աջակցության ծրագրերով։

Հաշմանդամություն ձեռք բերողների մասին

Մի քանի հազար մեր զինվորներ բուժման գործընթացում են։ Որևէ զինծառայող կամ նրա ընտանիքի անդամ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացի համար որևէ փաստաթղթով որևէ տեղ դիմելու անհրաժեշտություն չունի։ Մենք ինքներս կայցելենք նրանց և կիրականացնենք հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը։ Քանի որ գործ ունենք առողջության հետ, այս գործընթացը չենք կարող ասել, թե որքան ժամանակ կտևի։ Մեր խնդիրն այդ մարդկանց ոչ միայն ֆինանսական և սոցիալական աջակցություն տրամադրելն է, ի վերջո, մեր նպատակն է այդ քաղաքացիներին արագ ինտեգրենք կյանք։ Բազմաթիվ ծրագրեր ունենք նրանց կրթության և աշխատանքի վերաբերյալ։

Մեկնաբանություններ (1)

Էրիկ
ԼՂՀ Մարտունիում,ավերված տուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter