HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կուրորտաբանության ինստիտուտը ներկայացվեց մասնավորեցման

Մոտ 8 ամսվա քննարկումներից հետո Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի ճակատագիրը հայտնի դարձավ: Ինստիտուտի բաժնետոմսերի մասնավորեցման հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի ցանկում: Գործադիրն առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով ներկայացնել մասնավորեցման:

Ինստիտուտի մասնաշենքերն իրենց բակային տարածքով 1,8 հեկտար են կազմում: Տարածքը գնահատվել է 4 միլիարդ 701 միլիոն 732.8 հազար դրամ: 15-օրյա ժամկետում պետք է ստեղծվի մրցութային հանձնաժողով, որի կազմում լինելու են Պետական գույքի կառավարման կոմիտեից 3 անդամ, առողջապահության նախարարությունից 1 անդամ, արդարադատության նախարարությունից 1 անդամ։ 

Նշվում է նաև, որ ընկերության գնահատված պարտավորությունները 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 37 միլիոն 802.2 հազար դրամ: Մրցույթի մասնակցի առաջարկած գինը կարող է վճարվել 3 տարվա ընթացքում: Գնորդը պարտավոր է մասնավորեցումից և պայմանագիրը կնքելուց հետո առնվազն վեց ամիս պահպանել ընկերության աշխատողների թիվը և աշխատավարձի չափը: Ինստիտուտը 2020թ. մայիսի 1-ի դրությամբ ունի 173 աշխատակից:

Եվ չնայած նշվում է, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը, սակայն չի հստակեցվում, թե ինչ ծավալով է հիմնական ուղղությունը պահպանվելու, կամ արդյոք  չի կարող այլ հանրային ծառայություն մատուցվել այդտեղ, և ոչ թե հենց վերականգնողական բժշկություն:

Սահմանվում է նաև, որ գնորդի կողմից վաճարված գումարի 70 տոկոսն ուղղվելու է պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

Պայմանի չկատարման, ինչպես նաև գնորդի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։

Մասնավորեցման շուրջ  Կառավարություն-ԱԺ հակասությունը

Կուրորտաբանության ինստիտուտի մասնավորեցումն ընդգրկված է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում: Կառավարությունն առաջարկում էր հնարավորություն ընձեռել ցանկում ընդգրկված և դեռևս չմասնավորեցված առողջապահական կազմակերպությունների պրոֆիլի պահպանումը յուրաքանչյուր դեպքով վերապահել իրեն: Սա առաջացրեց պատգամավորների վրդովմունքը, քանի որ չէր ներկայացվում, թե կոնկրետ ինչ պլաններ կան մասնավորեցվող ընկերությունների ճակատագրերի վերաբերյալ, և կա՞ն, արդյոք, պոտենցիալ գնորդներ, որոնք հետաքրքրություն են հայտնել: Հնչում էին տեսակետներ, թե ցանկում կան այնպիսի բժշկական հաստատություններ, որոնց պրոֆիլի պահպանումը կարևոր է, օրինակ՝ Կուրորտաբանության ինստիտուտը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց հարցը զեկուցող Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին այն երկու ամսով հետաձգել, ապա նեկայացնել ավելի հստակեցված նախագիծ: Երկու ամիս անց կրկին նույն նախագիծը ներկայացվեց, և գլխադասային հանձնաժողովը մերժեց դրական եզրակացություն տալ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցը մի քանի անգամ հետաձգելուց հետո այն նույն տեսքով հանձնաժողովին ներկայացնելը անհարգալից վերաբերմունք որակեց հանձնաժողովի և առհասարակ խորհրդարանի նկատմամբ:

Ինստիտուտի տնօրենի համար որոշումն անակնկալ չէ

90 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում է գտնվում: Երկթևանի շենքի մի մասնաշենքում հիվանդանոցն է, մյուսում` լաբորատորիան, որտեղ իրականացվում է Հայաստանի հանքային ջրերի նյութաբանական հետազոտություն: Ինստիտուտն իր նշանակությամբ Հայաստանում միակն է: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը:

Ինստիտուտի տնօրեն Տիգրան Վահրամյանը մեզ հետ զրույցում ասում է՝ նախագծի հիմնավորումները նոր չեն մշակվել, գործընթացը վաղուցվանից իր ընթացակարգով ընթանում է:

«Եթե վարկ ունեք, որն օրենքով սահմանված է՝ պետք է վճարեք, վճարելու եք, իսկ հետագա փոփոխության մասին քննարկումներն այլ գործընթաց է»,-ասում է Վահրամյանը:

Մեր դիտարկմանը, որ ինստիտուտը բացառիկ գոծառույթ ունի՝ Հայաստանի հանքային ջրերի նյութաբանական հետազոտություն է իրականացնում, կա՞ երաշխիք, որ մասնավորեցումից հետո այդ գործառույթը կպահպանվի, Տիգրան Վահրամյանն արձագանքեց՝ լաբորատորիան այս պահին գործում է, և չկա որևէ քննարկում, որ այն չի գործելու: Երբ հարց առաջանա, որ այն չպետք է գործի, այդ  ժամանակ կարելի է նման քննարկումներ իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter