HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուբեն Օսիպյան. «ՓՄՁ-ի համար ուղիղ ֆինանսական աջակցությունն այս պահին արդյունավետ չի լինի»  

Պատերազմի օրերին և ներկայում բիզնես ակտիվությունը Հայաստանում խիստ նվազել է: Բիզնեսն աշխատում է միայն նվազագույն տեմպերով: Ընդ որում՝ տուժել են գրեթե բոլոր ոլորտները, որոնք դեռևս չէին «մարսել» կորոնավիրուսի հարվածները՝ տուրիզմ, ծառայություններ, արտադրություն, առևտուր և այլն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը։

Այս պահին, ըստ նրա, մեծ անելիք ունեն թե ՛ կառավարությունը, թե ՛ բիզնես հատվածը։ «Միայն արտոնություններ ու կառավարությունից աջակցություն ստանալը բավարար չէ, որ բիզնեսը ոտքի կանգնի: Մենք ավելի մեծ խնդիրներ ունենք։ Բիզնեսը պետք է կարողանա անհրաժեշտության դեպքում վերապրոֆիլավորվել։ Մենք խնդիր ունենք բիզնես գաղափարների, կրթության, ռեսուրսների, ներդրումները ճիշտ կառավարելու»,- ասաց Ռուբեն Օսիպյանը՝ հավելելով, որ այս պահին արդյունավետ չի լինի փոքր ու միջին բիզնեսին ուղիղի ֆինանսական աջակցության տրամադրումը։ Փորձը ցույց է տվել, որ այդ օգնությունը դառնում է հատվածային և անարդյունավետ։ Փոխարենը կարելի է այդ գումարները ծախսել նույն ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող երևույթների վերացման վրա։ 

Հարկավոր է ճիշտ գնահատել իրավիճակն ու հասկանալ խնդիրների խորությունը, որից հետո նոր միայն մշակել ռազմավարություն: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը նշում է, որ այսօր հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ամենատեսանելի խոչընդոտներից են պետական գնումների համակարգում առկա խութերը։ Մինչդեռ պետական գնումների համակարգը պետք է այնպես կառուցված լիներ, որ ՓՄՁ-ին զարկ տվող օղակներից մեկը հանդիսանար։ 

«Պետական գնումների համակարգն ամբողջությամբ, ռադիկալ փոփոխությունների կարիք ունի: Օրինակ՝ երաշխիքների խնդիրը: Երբ դու ինչ-որ ապրանքածառայություն ես մատուցելու, պետք է բանկային երաշխիք ներկայացնես, որն ըստ էության, վարկային գործիք է: Եթե դու փոքր բիզնես ես ու ցանկանում ես մասնակցել մի քանի մրցույթների, պարզապես քո միջոցները չեն բավականացնի, չես ունենա այդքան գումար: Առհասարակ, պետական գնումների համակարգը պետք է պարզ լինի, որ ՓՄՁ-ն կարողանա հեշտությամբ մասնակցել, ներգրավված լինել մրցույթներում»,- ասաց Ռուբեն Օսիպյանը։ 

Պետությունը, ըստ նրա, պետք է տարատեսակ գործիքներ ստեղծի՝ աջակցելու արդյունավետ, գրագետ, շահութաբեր ու արտահանմանը միտված բիզնեսներին, որ նրանք շուկայում իրավիճակը փոխեն և դառնան օրինակ մյուս բիզնեսների համար։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահի խոսքով՝ կանխատեսումներ կան, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը Հայաստանում եկող ամիսներին վատթարանալու է: Աշխատատեղերը պահելու խնդիր կա: Բնակչության մի զանգված էլ մտածում է երկրում մնալ-չմնալու մասին: Սակայն, Հայաստանն, ըստ Օսիպյանի, հնարավորությունների երկիր է։ Շատ բան դեռ արված չէ։ Պետք է հետևել միջազգային հաջողված փորձերին ու աշխատել լավագույն օրինակներով:

Այս տարվա հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ինչպես արդեն պարզաբանվել է, արգելք է սահմանվել վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքների համար։ Իսկ հումքի ներմուծումը դեռևս չի արգելվում։ Վերջնական սպառման ապրանքի ներմուծման արգելքը վեց ամսով է։ Թուրքիայից Հայաստան ներմուծման կազմում, ինչպես ցույց է տալիս տվյալների վերլուծությունը, 80%-ը պատրասի ապրանքներն են՝ հագուստից, կոշիկից, կենցաղային պարագաներից սկսած մինչև պտուղ-բանջարեղեն։ 

Մասնագիտական հանրությունն ու տնտեսվարողները քննարկում են այս արգելքի հետևանքով առաջացող հնարավորությունները, այն է՝ զարկ տալ տեղական արտադրանքին և նույն ապրանքները, որոնք ներմուծվում էին Թուրքիայից, արտադրել Հայաստանում։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը ընդգծում է, որ սա, գուցեև, նոր հնարավորություն է, սակայն պետք չէ գերագնահատել ո ՛չ այդ հնարավորությունը, ո ՛չ հայ արտադրողների կարողությունները՝ ռեսուրսները։ Բացի այդ, ըստ նրա, թուրքական ապրանքներից հրաժարվելը պետք է լինի ոչ թե պետության պարտադրանքը, այլ՝ հանրության որոշումը։

«Կարծում եմ, որ թուրքական ապրնքների ներմուծումն արգելելու որոշումը պարտվողական որոշում է այն առումով, որ մենք չենք կարողացել ստեղծել հասարակություն, որտեղ հասարակության անդամը չի կարող որոշել՝ թուրքական գրիչ է առնում, թե չինական: Եթե այդ մարդու համար միևնույն է, և մենք հույսը դրել ենք նրա վրա, որ պետությունն արգելելու է, հիմա արգելի, թե չարգելի, այդ ապրանքը գալու է: Այս պարագայում պետության խնդիրը պետք է լինի կրթության ոլորտը զարգացնելը և այդ արժեքները դասավանդելը, նաև նպաստել հայրենական արտադրության զարգացմանը: Սա բարոյականության հարց է և պետք չի ամեն խնդիր բարդել պետության վրա»,- ասում է նա:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter