HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ո՛չ թուրքականին. քաղաքական որոշման տնտեսական նրբերանգները

Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումն արգելելու նախագիծը և արդեն որոշումը բուռն քննարկումների թեմա են դարձել։ Փորձագետները, տնտեսվարողներն ու պաշտոնյաները փորձում են հայկական շուկան թուրքականից մաքրելու ամենաշահավետ ճանապարհները գտնել։ Չնայած սա առաջին հերթին քաղաքական որոշում է, սակայն հիմնված է տնտեսական գործոնների վրա։

Հայաստանում թուրքական ապրանքները բոյկոտելու նոր ալիք բարձրացավ հոկտեմբերի վերջից, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։ 

Գլխավոր հարցերն են՝ ինչպե՞ս կազմակերպել այս գործընթացը, որ չտուժեն ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողները և սպառողները, ներմուծվող ապրանքների ո՞ր մասը կարող է արտադրվել Հայաստանում, ի՞նչ այլընտրանքներ կան թուրքականից բացի և այլն։

Սակայն, նախևառաջ, պետք է հասկանալ, թե Հայաստանում հատկապես ո՚ր շուկաներն են առավել կախված թուրքական ապրանքներից։

Տրիկոտաժե ապրանքներց  մինչև սնունդ ու կենցաղային իրեր. զգալի մասը ներմուծվում է Թուրքիայից

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է 268  մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի արտահանման կազմում Թուրքիայի տեսակարար կշիռը 2019 թվականի տվյալներով 0.1 % է, իսկ ներմուծման կազմում՝ 4.9 %:  

Սա այն դեպքում, երբ Թուրքիայի արտահանման կազմում Հայաստանի տեսակարար կշիռը ընդամենը 0.1% է եղել։ Սա փաստացի ցույց է տալիս, որ Թուրքիան իր ներքին կարգավորումներով արգելում է հայկական ապրանքների մուտքը իր շուկա։

Հայաստանը Թուրքիայից ներմուծում է հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ, որոնք կազմում են ներմուծման մոտ 80%֊ը, իսկ մնացած 20%֊ը միջանկյալ սպառման ապրանքներն են՝ հումքը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ արգելվում է վերջնական ապրանքների սպառման ներմուծումը Թուրքիայից Հայաստան, իսկ հումքի վրա առայժմ արգելք դրված չէ։ 

Ինչպես ավելի վաղ գրել ենք, մաքսային ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ավելի քան 700 անուն ապրանք է ներմուծում Թուրքիայից: 

Տվյալները ցույց են տալիս, Հայաստանում կան շուկաներ, որտեղ թուրքական ապրանքներից ունեցած կախվածությունը բավականին մեծ է։ Օրինակ՝ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 6.9 մլն դոլարի բամբակե գործվածք, որի 84%-ը Թուրքիայից է։ 

Նույն կերպ թուրքական ծագման ապրանքների կշիռը մեծ է «այլ տրիկոտաժե պաստառներ» ապրանքախմբում՝ 83%, տրիկոտաժե հագուստի՝ 66%, ցիտրուսային պտուղների՝ 56%, ալյումինե ձողերի և տրամատների՝ 64% և այլն։

Ստորև պատկերված գրաֆիկում առավել պատկերավոր ներկայացված է Թուրքիայից Հայաստան ներմուծվող ամենամեծ մաքսային աժեք ունեցող առաջին տասը ապրանքների ցանկը, ինչպես նաև՝ Թուրքիայի կշիռը Հայաստան ներմուծված նույն ապրանքների ընդհանուր կազմում։ Սա այն ցանկն է, որոնց վրա հարկավոր է կենտրոնանալ թուրքական ապրանքների դեմ պայքարում։ Բացի ցանկում տեղ գտած ապրանքներից, պետք է ուշադրություն դարձնել նաև այն թուրքական ապրանքներին, որոնք թեև այս առաջին տասնյակում չեն, բայց Հայաստանում որոշակի պահանջարկ ունեն, ինչպես կոշիկը, կենցաղային ու շինարարական այլ իրերը։

Կարևոր է շեշտել, որ այստեղ խոսքը հենց թուրքական ծագման ապրանքների մասին է, այսինքն՝ այն ապրանքների, որոնք արտադրվել են Թուրքիայում։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում ևս խոսքը հենց թուրքական ծագման ապրանքների մասին է։ Այսինքն՝ չի կարող Թուրքիայում արտադրված ապրանքը հասցվել, օրինակ, Ռուսաստան, հետո՝ Հայաստան։

Հատկանշական է, որ Թուրքիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի պարագայում Հայաստանում նմանատիպ ապրանքների արտադրությունն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով զարգացած չէ, օրինակ՝ հագուստի, ցիտրուսի, շինարարական նյութերի, կենցաղային ապրանքների և այլն։

Կարևորելով նմանատիպ ապրանքների արտադրության զարգացումը Հայաստանում՝ միևնույն ժամանակ այս հարցին պետք է ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել։ Այս պահին՝ կարճ ժամկետներում, հնարավոր չէ թուրքական ապրանքներն ամբողջությամբ փոխարինել տեղականով, հետևաբար հարկավոր է գտնել այլընտարանքային երկրներ, որոնցից ներմուծվող ապրանքները որակի ու գնի չափանիշներով մոտ կլինեն թուրքականին։ Այս համատեքստում նախևառաջ շեշտադրվում են չինական ապրանքները։

Սա առաջին հերթին քաղաքական որոշում է

Եթե նախկինում Հայաստանում թուրքական ապրանքները բոյկոտելու կոչերը չէին հասնում որևէ նախագծային փուլի ու այդ մասին կառավարության մակարդակով բարձրաձայնման, քանի որ տնտեսական շահը միշտ ավելի վեր էր դասվում, ապա այսօր թուրքականը բոյկոտելը նախևառաջ քաղաքական որոշում է։ 

Տնտեսականն այստեղ ստորադասվում է քաղաքականին։ Եթե թուրքական ապրանքների բոյկոտը դիտարկվում է միայն ըստ տնտեսական  գործոնների, ապա գուցե Հայաստանի համար այնքան էլ շահավետ չէ այն, սակայն քաղաքական իրավիճակն, ըստ որոշման հեղինակների, պարտադրում է  դա։

«Խոսում ենք մի երկրի մասին, որն, ըստ էության, արգելել է հայկական ծագման որևէ ապրանքի մուտքն իր երկիր։ Խոսում ենք մի երկրի մասին, որն իր տնտեսական ներուժը ներդնում է և միտված է հայ տեսակի ոչնչացմանը։ Հետևաբար, տնտեսական շատ խորը հնարավորություններ քննարկելը, կարծում եմ, ստորադասվում է։ Սա նաև ազգային անվտանգության խնդիր է»,֊ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Ինչու՞ 6 ամսով

Ըստ Կառավարության որոշման՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և կգործի 6 ամիս։ Ինչու՞ 6 ամիս՝ որովհետև ԵԱՏՄ կարգավորումներն են այդպես պահանջում։ «Մենք գտնվում ենք ԵԱՏՄ մեկ տնտեսական տիրույթում, և այս կարգավորումներն իրականացվում են ԵԱՏՄ-ի հետ համատեղ։ Մենք ծանուցում ենք նրանց։ Եվ եթե թեկուզ մեկ երկիր դեմ արտահայտվի համընդհանուր մոտեցումներին, ԵԱՏՄ օրենսդրությունը հնարավորություն է տալիս վեց ամիս ժամանակահատվածով ոչ սակագնային սահմանափակումներ և կարգավորումներ մտցնել։ Եվ այս պարագայում  մենք ավելի հավանական ենք համարում, որ Հայաստանը միակողմանիորեն կկարողանա սահմանափակել ներմուծումը Թուրքիայից»,- նշում է Արտակ Մանուկյանը։

Ընդ որում ՝ ԵԱՏՄ կարգավորումները թույլ են տալիս հետագայում ևս վեց ամսով արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Եվ այսպես կարելի է անընդմեջ, ամեն վեց ամիսը մեկ որոշում ընդունել ու արգելել ներմուծումը։

Այլընտրանք՝ թուրքականին. ինչ պետք է անեն մոտ չորս հազար ներմուծող տնտեսվարողները

Ըստ Արտակ Մանուկյանի՝ թուրքական արտադրատեսակների հիմնական առավելությունը հայ սպառողի համար գինն է։ Թուրքականը պարզապես շահավետ է, սակայն չի պարունակում արտասովոր լուծումներ։ Հետևաբար, անհնար չէ թուրքականին փոխարինող այլ երկրի ապրանքներ գտնելը։

Գնի և որակի չափանիշներով աշխարհում թուրքականի հետ մրցակցում  է հիմնականում չինականը։

«Թուրքիայից Հայաստան ներմուծման բիզնեսում ներգրավված են մոտ չորս հազար տնտեսվարողներ, որոնք ժամանակավոր դժվարություններ են ունենալու։ Բայց կառավարությունն ու մասնավոր հատվածը տնտեսվարողներին օգնելու են անցնցում լուծումներ գտնել, ինչպես նաև՝ լինելու է ծրագիր սուբսիդավորվող վարկերի տեսքով»,- նշեց պատգամավորը։

Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը վստահ է, որ այս պահին կարելի է եվրոպական շուկաներից ևս ներմուծել թուրքական ապրանքների գնին և որակին համապատասխան ապրանքներ։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի համար սահմանված նշաձողը։ 

Նշաձողը բարձրացնելուն դեմ չէ Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։ Նա, սակայն, համարում է, որ այս պահին ավելի իրատեսական է կենտրոնանալ այն շուկաների վրա, որոնք առաջարկում են համեմատաբար մատչելի ապրանքներ, ինչպես նաև՝ տարածքային առումով ավելի մոտ են Հայաստանին։ Այդպիսի շուկաներ են ԵԱՏՄ երկրներն ու Չինաստանը։ 

Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆելիքս Փայտյանը շեշտում է, որ խոսքն այն հայ տնտեսվարողների մասին է, որոնք եվրոպական շուկաների հետ աշխատելու  փորձ չունեն, չեն տիրապետում օտար լեզուների և այլն։ Ուստի, այդ տնտեսվարողներն առանց լրացուցիչ օժանդակության չեն կարողանալու հաղթահարել այս փոփոխությունները, վերապրոֆիլավորվել և սկսել աշխատել այլ երկրների հետ։

Ավելի վաղ, «Հետքի» հետ զրույցում պետական օժանդակության կարևորության մասին է խոսել նաև «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Նա ևս շեշտում է՝ պետությունը պետք է պատրաստ լինի օժանդակել այն բիզնեսներին, որոնք կարող են տուժել թուրքական պատրաստի ապրանքներից ու հումքից հրաժարվելու ծրագրի արդյունքում։ 

Հիշեցնենք, որ մի շարք երկրներ ևս, տարբեր պատճառներով, բոյկոտում են թուրքական ապրանքները։ Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ։  Ռուսաստանն էլ արգելել է Թուրքիայից ներկրված մոտ 160 տոննա մրգի մուտքը ռուսական շուկա՝ հայտարարելով, որ դրանց մեջ առկա են բուսասանիտարական նորմերի խախտումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter