HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Աշոտ Մինասյան. «Սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր»

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր տեսակետը, թե ինչու սկսվեց պատերազմը, և ինչու հայկական կողմը պարտվեց պատերազմում:

Ըստ հրամանատարի՝ սա թշնամու համար պատերազմ սկսելու պատեհ առիթ էր, և այն սկսվեց 2 պատճառով:

«Երբ թշնամին տեսնում է, որ մեր երկրի ղեկավարը մեծամիտ է, ունակ չէ որևէ բան ղեկավարելու, պատեհ առիթ է փնտրում, որ կարողանա կատարել այն, ինչ 25-30 տարի իր ճակատին կրել է պարտության խարանը և այսօր պետք է իրագործեր իր ծրագիրը: Չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները, սկսած՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներից»,- ասաց Աշոտ Մինասյանը:

Պարտության մասին խոսելիս վերջինս հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում հնչում էին «հաթելու ենք», «հաղթում ենք» կոչեր, և այդ պոռոտախոսությունը սկսեց մեզ ուտել:

«Մեր գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը, ոչ ադեկվատ վիճակում լինելով, գուցե և հարբած, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, կպարգևատրեմ ձեզ հերոսի կոչումներով: Անցնում են հարձակման, գնում, հասնում են մինչև Հորադիզ գյուղ-Հորադիզ կայարան արանքի խաչմերուկ: Երբ իրեն զեկուցում են, որ հասել են այնտեղ, մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի: Իր նպատակն այն էր, որ մեր ժողովրդին ներկայացնի, որ «դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ»,- հայտնեց հրամանատարը:

Ըստ Աշոտ Մինասյանի՝ այդ մեծամտությունը, ինչպիսին կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձևավորվում է նաև գեներալիտետի մոտ.

«Ոգևորվելով այդ ամեն ինչից՝ նրանք սկսում են առաջանալ մինչև համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ իրավիճակը քննարկում եմ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Նա հարցնում է իրավիճակի մասին, արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետևից: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, ինչքան զոհ ենք տվել այդտեղ, որովհետև արդեն բոլորիս է պարզ, թե ինչքան կորուստ կարող էինք ունենալ: Եթե զինվորը տանկերի հետ նույն տեղում չի գտնվում, ուստի տանկերը թիրախ են լինում թշնամու համար և այդպես էլ եղավ, և զորքը սկսեց ահավոր թափով նահանջել»:

Վերջինս նաև մտահոգված էր, որ փախչող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում, և ոչ ոք չի ասում՝ ինչպես է ստացվում:

«Նույն փախչող զորքի հրամանատարին հանում է Սիսիանի գնդի հրամանատարի պաշտոնից և նշանակում Սովետաշենի գնդի հրամանատար: Սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր: Ամբողջ խուճապը սարքող մարդկանց սկսեցին տեղավորել կամ տարբեր պաշտոնների, կամ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց: Սա պետության ներսում կոչվում է դավաճանություն: Եվ այդ ամբողջ դավաճանության հիմնական մեղավորը երկրի համար մեկ պատասխանատուն է, որի անունն է Նիկոլ Փաշինյան»,- ասաց նա:

Ինչպես հայտնեց Աշոտ Մինասյանը՝ իրեն տարբեր հանցանքների մեջ մեղադրելու պատճառն այն է, որ ինքն այս ամենին տիրապետում է:

«Հունվարին Փաշինյանը ասուլիս է տվել, և հայտնել, որ կառուցում են Տաթև-Աղվանի ճանապարհը, և ոչ ոք չի մտածել՝ ինչու է կառուցում այս ճանապարհը: 12 կմ ճանապարհից արդեն 10 կմ կառուցված է: Մնացածը կառուցվելու է 2021 թվականին: Նիկոլ Փաշինյանն արդեն գիտեր, որ Գորիս-Կապան սահմանամերձ ճանապարհը հանձնելու է»,- եզրափակեց Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter