HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Հակոբյան. «Կռվի ժամանակ ուղղակի ուզում ես ինքդ ողջ մնաս ու ինչքան հնարավոր է շատ մարդու կյանք փրկես»

Ստեփան և Նախշուն Պետրոսյանների երկու թոռները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմին։ Թոռներից Ստեփան Հակոբյանը վիրավորվել է, Էրիկ Պետրոսյանը՝ զոհվել։ 

Էրիկը 18 տարեկան էր, ծառայում էր Գորիսում, պատերազմի սկզբից նրան տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ նա զոհվել է հոկտեմբերի 2-ին։ 2021 թվականի հունվարին կլրանար Էրիկի ծառայության 1 տարին։ 

Ստեփան Հակոբյանը 20 տարեկան է։ Նա ծառայությունն անցկացրել է Հադրութի զորամասում, վիրավորվել է Շուշիում՝ պատերազմի 42-րդ օրը։ Էրիկն ու Ստեփանը ավագ Ստեփանի եւ Նախշունի երկու որդիների զավակներն են։

Պապը՝ Ստեփան Պետրոսյանը պատմում է, որ իր երկու թոռներն իրարից շատ տարբեր են։ Էրիկն ավելի բարձրահասակ էր, թիկնեղ ու հաղթանդամ, բնավորությամբ հանգիստ էր, համեստ, որոշել էր ծրագրավորող դառնալ։ Ստեփանն ավելի ճարպիկ է, մանուկ հասակում էլ նրանք իրարից շատ են տարբերվել։ Հիշում է, որ Ստեփանը փոքր ժամանակ փայտից հրացաններ էր  պատրաստում, ասում էր, որ ուզում է զինվոր դառնալ:

Նախշունն ասում է, որ Ստեփանն ու Էրիկը շատ կապված են եղել իրար: Երբ վիրավորված Ստեփանը հիվանդանոցում գիտակցության է եկել, առաջինը եղբոր մասին է հարցրել։ Հարազատներն այդ ժամանակ են Ստեփանին պատմել եղբոր զոհվելու մասին։ 

Ստեփանի պատմելով՝ սեպտեմբերի 27-ին Հադրութում առաջին հարվածը եղել է իրենց գնդին, զինվորներն այդ ժամանակ ճաշարանում են եղել, Ստեփանը ճաշարան չէր գնացել։ Ասում է, որ 2-3 օր առաջ արդեն զգացել են, որ վիճակն անհանգիստ է։ Ստեփանը զորակոչվելու առաջին 6 ամսում ծառայել է ուսումնական գումարտակում, հետո տեղափոխվել է հրաձգային գումարտակ, սերժանտական դասեր անցել, 10 ամիս եղել է դիրքի ավագ։Կատարել է մարտական հերթապահություն։ Տեղափոխվել է ուսումնական գումարտակ, որից մեկ շաբաթ հետո սկսվել է պատերազմը։ Պատերազմի ընթացքում նա խոցել է 2 տանկ, մի քանի զրահապատ տեխնիկա։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, արժանացել լեյտենանտի կոչման։

Ստեփանը պատմում է, որ վիրավորվելուց հետո մի քան հոգու կյանք է փրկել, ընկերոջ ստացած վնասվածքը ծանր էր, նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Երբ վիրավորվեցի, շոկի մեջ էի, աչքերիս առաջ մի քանի րոպե բան չէր երևում, ականջներումս խշշոց էր, հետո փորձում էի կրակի տակից իմ ընկերոջը դուրս բերել, բայց հասկացա, որ ողջ չի ու արդեն մյուս վիրավոր տղերքին էի փորձում օգնել, էդպես էլ չկարողացա փրկել ընկերոջս»,-ասում է նա։ 

Ստեփանին ու ևս մի քանի տղաների նոյեմբերի 6-ին Շուշիից դուրս են բերել զրահապատ տեխնիկայով՝ ընթացքում մարտ վարելով:

Ասում է, որ կռվի ժամանակ ուրիշ վիրավոր զինվորների օգնելիս աշխատում է ողջ մնալու բնազդը. «Ոնց դու կուզես, որ քեզ փրկեն, էնպես էլ մնացածներն են ուզում փրկվել, էդ պահին չես մտածում՝ քեզ դրա համար շնորհակալ կլինեն, թե՞ կպարգևատրեն, ուղղակի ուզում ես ինքդ ողջ մնաս ու ինչքան հնարավոր է շատ մարդու կյանք փորձես փրկել»: 

Նրա բուժող բժիշկը՝ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյանը մեզ պատմեց, որ Ստեփանին «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել նոյեմբերի 7֊ի գիշերը։ Նրա մոտ ախտորոշվել է բեկորային վնասվածք սրունքի շրջանում և երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն՝ 2-րդ աստիճանի։ Բժշկի խոսքով՝ Ստեփանին երկարատև բուժում է պետք, վնասվածքաբանն էլ ասել է, որ բեկորային վնասվածքի համար նա դեռ չի վիրահատվի, պետք է անցնի որոշակի ժամանակ։

«Մի շաբաթով, մի ամսով սա չի եզրափակվի, մենք դեղեր ենք նշանակելու, որ Ստեփանը պիտի ընդունի երկար ժամանակ, տուն վերադառնալուց՝ մայրական խնամքի անցնելու ընթացքում, որպեսզի լսողական նյարդը վերականգնվի, կարևորը՝ նրա լսողական թաղանթներն ամբողջական են մնացել, չեն վնասվել»,֊ասաց բուժող բժիշկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter