HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել անցումային կառավարություն. Գ. Ծառուկյանի ուղերձը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, 16 ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած «համազգային հանրահավաքին» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Գագիկ Ծառուկյանի փոխարեն ելույթ ունեցավ Իվետա Տոնոյանը։

Պատճառն այն էր, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։

Ըստ Իվետա Տոնոյանի՝ իշխանությունները չէին ցանկանում, որ Ծառուկյանը մասնակցեր հանրահավաքին։ Տոնոյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց Ծառուկյանի ուղերձը։

«Հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին գտնվում եմ ԱԱԾ-ում։ Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձնից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ։ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձնից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից…»,- ասվում էր ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը, ըստ Ծառուկյանի, շարունակում է իր հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները. «Ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում։ Ես դեռևս վեց ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ այս իշխանություններըը պետք է հեռանան»։

Ըստ ուղերձի՝ այդ ժամանակ Ծառուկյանի առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր։

«Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի։ Արցախը ետ բերել, դժբախտաբար, չենք կարող։ Բայց նոր իշխանությունը գոնե հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված փաստաթղթի արդյունքում նախատեսված հետևանքները։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով իր ու իր թիմի խայտառակ պարտությունը, ներողություն խնդրի ու հեռանա, նա ամեն օր փորձում է արդարանալ և իր պարտությունն ամեն օր բարդել մեկի վրա… Նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես դավաճանության և հայրենիք հանձնելու օր»,- խմբակցության ղեկավարի խոսքը ներկայացրեց Տոնոյանը։

Ինչպես նշված էր ուղերձում՝ երկիրը լուրջ վտանգի տակ է, և միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը՝ կկարողանանք կանգնեցնել այն արհավիրքը, որը բերել է Փաշինյանը։

Ծառուկյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ կարող է հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները, ուստի նրա գլխավորությամբ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել անցումային կառավարություն։

Լուսանկարում՝ Իվետա Տոնոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter