HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց իր ճանապարհային քարտեզը

16 ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «համազգային հանրահավաք» են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ընդդիմադիր ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց իր ճանապարհային քարտեզը։

«Հատկանշական է, որ այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ հավաքվեց և երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ և արդար պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտագությունը և վերամիավորում Հայաստանի հետ։ Այդ խնդիրներից մի զգալի մասը կատարվեց։ Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց մենք այդ պետությունը կառուցեցինք»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Արցախի բանակը համարվում էր ամենահզորը տարածաշրջանում․ «Նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգված, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով Հայաստան, և ոչ մի դիմադրություն չեն ստանում պետական մարմիններից։ Կա այսպիսի խոսք․«Եթե խնդիր ես լուծում ու անհաջողության ես հասնում, ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները։ Խնդիրը տրված է, և այդ խնդիրը պետք է լուծել»»։

Ըստ նրա՝ մենք կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին։ Ռուսաստանի պես հզոր դաշնակիցը կորցրեց մեր հանդեպ վստահությունը, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում, և մենք միայնակ գնացինք առաջ։ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմի։

«Մենք կարող էինք կանխել պատերազմը, կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել այն՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինչքան շուտ հրաաժարական տա, այդքան լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհաղթի։ Այս շարժումն այն ճանապահն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում»։

16 ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն ներկայացրեց ձևավորվող ժամանակավոր կառավարության խնդիրները։

«Առաջինն այն է, որ եռակողմ համաձայնագրի հետ երբեք չենք հաշտվի, բայց մենք չենք կարող այն փոխել։ Հրաժարվել դրանից՝ կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կնշանակի նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի դեմ։ Այդ պայմանագրի անորոշությունները նոր կառավարությունը պետք է կարողանա դարձնել հօգուտ Հայաստանի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Երկրորդ կարևոր հարցը, ըստ Մանուկյանի, անվտանգությունն է։ Պետք է վերականգնել մեր բանակը, այն դարձնել ժամանակակից, բարձրացնել մարտունակությունը։

Վերջինս անդրադարձավ նաև Ռուսաստան հետ հարաբերություններին։

«Եթե դու Ռուսաստանի հետ կապված չես, մնում է Թուրքիան։ Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ընդհանուր շահ։ Աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները։ Եթե ստեղծվի դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»,- հայտնեց Մանուկյանը։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ երրորդ հարցն անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհված զինծառայողների ընտանիքներին և փախստականներին աջակցության ցուցաբերումն է։ Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի բնակիչները կարողանան վերադառնալ։

«Հաջորդ հարցը Հայաստանի մթնոլորտի առողջացումն է։ Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը»,- ասաց նա։

«Նիկոլ դավաճան» վանկարկումներով հանրահավաքի մասնակիցները այժմ երթով շարժվում են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարական առանձնատուն, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար ներկայացվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter