HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմը 25-ամյա Մնոյի հետ տարավ նաեւ նրա իղձերը նոր տան ու նոր կյանքի մասին

Լուսինեն գրապահարանի վրայից վերցնում է ամուսնու՝ Մնացականի նկարը եւ մոտեցնում բազմոցին։ Դավիթը վազելով բազմոցին է հասնում՝ գրկում հոր նկարը, ապա ձեռքով շոյում հոր դեմքը։ Լուսինեն, կարծես, հետեւում է երկուսի երկխոսությանը։ Փետրվարի 6-ին Դավիթը կդառնա 2 տարեկան։ Մայրն ասում է՝ ամուսինն ինչքան երազանք ու նպատակ ուներ, բոլորը կապում էր որդու հետ։ Երկուսը շատ կապված էին իրար։ Մնացականի զոհվելուց հետո երեխան ավելի շատ է սկսել հոր անունը տալ։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծանոթներից մեկի բնակարանում են ժամանակավոր բնակվում 20-ամյա Լուսինե Հարությունյանն ու նրա որդին՝ Դավիթը։ Տանը փոքր-ինչ խառնաշփոթ է՝ հագուստով տոպրակներ, համակարգչի առաջ էլ Մնացականի քրոջ երեխաներն են նստած։ Դեպի մեզ է վազում Դավիթը, մի պահ ժպտում ու կրկին վազում։ Նա առհասարակ մեր ամբողջ զրույցի ժամանակ է վազվզում։

Լուսինե Հարությունյանը կյանքի 20 տարիներն անցկացրել է Բերձորում։ Ընտանիքում 11 երեխա են։ Ծնողները Վանաձորից են, իր ծնվելուց առաջ տեղափոխվել են Բերձոր։ Այդտեղ երկու տուն ունեին։ Այս տարվա դեկտեմբերի 1-ից ամեն ինչ կորցրեցին։

Լուսինեն ամուսնու՝ 25-ամյա Մնացական Հարությունյանի՝ Մնոյի հետ ամուսնացել էր 3 տարի առաջ։ Նախքան ամուսնությունն էլ 2 տարուց ավելի ընկերություն էին արել։ Մնոն սովորում էր Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության բաժնում, սակայն վճարի պատճառով ուսումը կիսատ էր թողել եւ սկսել աշխատել։ Մնոյի ընտանիքն ապրում էր Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մնոյենք 5 երեխա էին։

Լուսինեն եւ Մնացականն ամուսնանալուց հետո բնակվում էին ծանոթներից մեկի տանը՝ Բերձորում։ Տանտերն ասել էր, որ կարող են առանց վարձի մնալ, միայն թե տունը մի քիչ բարեկարգեն եւ հարմարեցնեն բնակության համար։ Ուսումը կիսատ թողնելուց հետո Մնոն բանկում ոստիկան էր աշխատում։ Դավիթի ծնվելուց հետո ամսական 90 հազար դրամ աշխատավարձն այլեւս չէր հերիքում։ «Մնոն շատ էր չարչարվում, շատ-շատ։ Ով իրեն ճանաչում է, կասի դա։ Բանկից հետո գնում էր ցեմենտ թափելու։ Տոննաներով ցեմենտ էր թափում, գիշերները մեքենան տաքսու տակ էր քշում»,- հայացքը գետնին հառած՝ պատմում է 20-ամյա կինը։ Բանկում աշխատանքը թողնելուց հետո Մնացականը պայմանագրային զինծառայող էր դարձել՝ ամսական ստանալով 250 հազար դրամ։ Լուսինեն ասում է, որ ինքը դեմ էր այդ որոշմանը, սակայն ամուսինն այդ պահին ընտանիքը պահելու միակ միջոցը դա էր համարել։

Սեպտեմբերի 27-ին Մնոն Լուսինեին ասել էր, որ տագնապ են տվել, դիրքեր պետք է բարձրանան։ Լուսինեն հիշում է, որ նախկինում էլ նման դեպքեր եղել էին, բայց չէր պատկերացնում այդ օրվա տագնապի ողջ բնույթը։ Մնացականին սկզբից տարել էին Ջաբրայիլ, ապա Հադրութ։ Նոյեմբերի 10-ին՝ հրադադարի օրը, ավագ սերժանտը վիրավորում էր ստացել գլխի շրջանում եւ թեւի տակ։ Նրան տեղափոխել էին Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ, սակայն, չէր հաջողվել փրկել Մնոյի կյանքը։

Պատերազմի մեկնարկից օրեր անց Լուսինեն որդու հետ տեղափոխվել էր Երեւան։ Ամեն օր հեռախոսով խոսում էին ամուսնու հետ։ Մնացականը միայն մեկ օր չէր զանգել կնոջը՝ նոյեմբերի 10-ին։ Լուսինեն ասում է՝ երբ արդեն իմացել էր վիրավորման մասին, սկսել էր ամուսնուն փնտրել Երեւանի հիվանդանոցներում, հոսպիտալներում։

-Ձեր վերջին հեռախոսազրույցներից կպատմե՞ք,- դիմում եմ Լուսինեին։

-Ինքը միշտ տան հետ կապված ծրագրերից էր խոսում։ Ուզում էր Սարատակ գնալ։ Էնտեղ մի փլատակ ունեին, սարքեր, նռան այգի ունեին, մշակեր, անասուններ պահեր։ Ասում էր՝ երեք տարի կմնայինք, փող հետ կգցեինք։ Ինքը նույնիսկ պատերազմի դաշտից էր իմ ու Դավիթի խնդիրները լուծում։ Երբ Երեւան տեղափոխվեցինք, ինձ մոտ գումարը վերջացել էր, ինքը էդ հարցն էլ լուծեց։

-Իսկ վերջին խոսակցությո՞ւնը․․․

-Ասեց՝ չնեղվես, գալու եմ, փող ենք հետ գցելու, նորմալ ապրելու ենք, էլ ոչ մի չարչարանք չի լինելու։ Հերիք ա՝ ինչքան չարչարվեցինք,- հիշում է Լուսինեն։- Դավիթին շատ-շատ էր սիրում, արտաքինով, բնավորությամբ նման են։ Շատ կապված էին իրար հետ։

Լուսինեն ասում է, որ իր ծանոթներից եւս զոհեր են եղել պատերազմում, բայց Մնոյի կորուստը համեմատելի չէ ոչ մեկի հետ։ Այդուհանդերձ, 20-ամյա կինը փորձում է պինդ մնալ, որովհետեւ դեռ շատ անելիքներ կան, ապագայի մասին պետք է մտածի․ «Փորձում եմ շատ չտրվել զգացմունքներին։ Որ տրվում եմ․․․ վերջ, ծանր է լինում»։

Մեկնաբանություններ (2)

Art
We can help, whats a good contact number?
Ալվարդ
Ինչպե՞ս կապվել Լուսինեի հետ, հեռախոսի համար կարո՞ղ եք տալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter