
Մարուքյանի համոզմամբ՝ բոլոր գործընթացները պետք է խորհրդարանում լինեն
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները մեկնարկեցին պատերազմի և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հոտնկայս հարգելով:
Նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանը խորհրդարանի 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ կապված Սահմանադրության փոփոխությունների հետ, վարույթ է ընդունել:
Մարուքյանն իր ելույթում հիշեցրեց ԼՀԿ-ի հրապարակած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետի համաձայն պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:
«Խորհրդարանական երկիր լինելով՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները ինչ էլ տեղի ունենա, պետք է այս դահլիճում լինի, խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ՝ անցումային շրջանի վարչապետ: Հասկանում ենք, որ այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը, և դա է պատճառը, որ ասում ենք անցումային շրջանի վարչապետ»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ վերջինս պետք է ունենա անցումային կառավարություն, որտեղ կլինեն իրենց ոլորտներում հաջողություններ արձանագրած մասնագետներ:
Մարուքյանը կարևորեց հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովման հարցը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին շրջանում խզում է եղել այդ հարաբերություններում, ապա ընդգծեց հայտնի փաստաթղթի անորոշությունների շուրջ բանակցելու կարևորությունը:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ իր կուսակցության նկատմամբ հեռուստատեսային բլոկադա կա՝ բացառությամբ մեկ-երկուսի, և դա է պատճառը, որ լայն հասարակությունը տեղեկացված չէ իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթներից:
Մարուքյանն ընդգծեց՝ բաց է համագործակցության այն ուժերի հետ, որոնց հետ տեսլականների համընկնում կունենան խնդիրների լուծման հարցում:
Մեկնաբանել