HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պարտության սիմվոլը պետք է հեռանա». Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Արդեն մի քանի օր է ճգնաժամի մեջ ենք, կան բազմաթիվ քննարկումներ, բայց դեռ որևէ քաղաքական ուժ չի ասել` ինչպես կարելի է այս ճգնաժամից դուրս գալ:

Այս մասին ֆեյսբուք ուղիղ եթերում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հայտնելով, որ կուսակցության քաղաքական խորհուրդը ճանապարհային քարտեզ է մշակել:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ նոյեմբերի 10-ի գիշերը խորհրդարան ներխուժած անձանցից մեկը մահացել է, դեռ պետք է օբյեկտիվ քննություն ընթանա մահվան հանգամանքները պարզելու համար: Պատգամավորն ընդգծեց, որ բազմաթիվ տեղեկություններ է ստանում երկու կողմերի զինված անձանց կողմից հաշվեհարդար տեսնելու սպառնալիքի մասին:

«Պարտության սիմվոլը պետք է հեռանա, այլապես ատելության մթնոլորտը շարունակվելու է, լինելու են բռնություններ, զոհեր, անդառնալի հետևանքներ… Եթե նման ցնցումներ ունենանք երկրում, Հայաստանը կկորցնենք»,- ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ համաձայնության էր եկել` յոթ օր ժամանակ տալ զինված ուժերին և չչեղարկել ռազմական դրության իրավական ռեժիմը, սակայն ընդգծեց` դա ստացվեց:

«Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է, խորհրդարանը ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողություններ հասած անձանց անցումային կառավարություն: Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ է ապահովվում»,- ասաց Մարուքյանը` ընթերցելով ճանապարհային քարտեզի կետերը:

Էդմոն Մարուքյանի խոսքով` Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցություններ պետք է վարվեն` հայանպաստ լուծումների հասնելու համար: Պետք է վերականգնվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությունը և բանակցությունների վերականգնում: Պատգամավորը խոսեց որոշ քաղաքական ուժերի ներկայացրած այն ծրագրի մասին, որ պետք է առաջիկայում նոր բանակցող ներգրավվի, և ստորագրած թուղթը փոխվի:

«Եկեք չխաբենք իրար, բոլոր այն ուժերը, որ ասում են հնարավոր է գնալ բանակցել էդ թուղթը փոխել, ինչ-որ բան փոխվի, օրինակ Քարվաճառը… նրանք կամ չգիտեն էդ թուղթն ինչ պայմաններում է ստորագրվել, կամ գիտեն՝ինչ պայմաններում է ստորագրվել…Ժողովուրդ, ոչ մի բան չի բանակցվել էս թուղթը ստորագրելուց, որ լավ բանակցող լիներ, բանակցեր, էդ փուլերը մեր իշխանությունը սպառած է եղել վաղուց, սա բանակցությունների թուղթ չէ»,- ասաց նա:

Մարուքյանը կարևորեց նաև ներքին իրավիճակի կայունացման և բախումների դադարեցման հարցը` ընդգծելով, որ չպետք է Հայաստանում քաղաքացիական պատերազմ լինի: Ճանապարհային քարտեզի մյուս կետն այն է, որ պետական ինստիտուտների աշխատանքը պետք է վերականգնվի, քանի որ այն, պատգամավորի համոզմամբ, դադարեցված է, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգումը:

Ճանապարհային քարտեզի հաջորդ կետը` զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումն է, փախստականների կարիքների անհապաղ ապահովումը: Ապա անցումային կառավարությունը պետք է ապահովի ազատ արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter