
«Հայրենիքի փրկության շարժումը» սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաները
«Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվանից սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին շարժման ուղերձը հղելիս ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Դեկտեմբերի 5-ին՝ «Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ի 12:00-ն ժամանակ էր տրվել, որպեսզի նա հրաժարական տա, այլապես ընդդիմությունը բողոքի ակցիաներ կսկսի: Այսօր, փաստորեն, շարժման տված վերջնաժամկետն ավարտվել է, և ընդդիմությունն արդեն իսկ սկսել է անհնազանդության գործողությունները:
«Այս պահից սկսած՝ մինչև 17:00, ՀՀ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն և գործողություններն իրականացնելու, իրենց բողոքն ու պահանջը տեղ հասցնելու համար: Դիմում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ուղերձի վերջում ՀՅԴ ներկայացուցիչը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ միևնույնն է՝ նա հեռանալու է, և կոչ արեց հեռանալ անցնցում՝ խնայելով ժողովրդին, պետությանը և պետականությունը՝ չխաթարելով Հայաստանի ներքին կյանքը:
Լուսանկարում Իշխան Սաղաթելյանը՝ դեկտեմբերի 5-ի երթի ժամանակ
Մեկնաբանել