
Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են՝ վարչապետի հրաժարականի պահանջով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի շարք քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Ակցիաները սկսեցին ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ուղերձից հետո, որտեղ նա նշեց, որ քաղաքացիներն ունեն իրենց բողոքն ու պահանջն իրականացնելու լեգիտիմ իրավունք և հայտնեց խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Հիշեցնենք, որ 16 ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հրաժարական տալու համար հստակ ժամկետներ էին նշել՝ մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ը:
Քաղաքացիները փորձեցին փակել Աբովյան, Մոսկովյան, Սարյան, Պուշկին փողոցները, Արշակունյաց եւ Մաշտոցի պողոտաները, սակայն ոստիկանությունը որոշ քաղաքացիների բերման ենթարկեց, մյուսներին էլ հեռացրեց փողոցի երթևեկելի մասից:
Այժմ ցուցարարները Մաշտոցի պողոտայում են։ Այստեղից նրանց կրկին բերման են ենթարկում։
Երևանում 16 ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 17:00-ը։ Առաջիկա ծրագրերի մասին ընդդիմադիրները դեռևս չեն հայտնել։
Մեկնաբանել