HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բիզնես խորհրդատու. «Թուրքիայից հումքի ներմուծումը չարգելելը ճիշտ որոշում է»

Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքները կարելի է փոխարինել չինական, Արևելյան Եվրոպայի, բելառուսական և շատ այլ երկրների ապրանքներով, որոնց գին-որակ չափանիշները համապատասխանում են թուրքականին: Սակայն ի տարբերություն Թուրքիայի՝ այս երկրներից ապրանքների ներմուծումն ինչպես լոգիստիկ, այնպես էլ՝ կանխավճարների խնդիրներ է առաջ բերելու: Այսպես է կարծում է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC Business Support Center) հիմնադիր տնօրեն, բիզնես խորհրդատու Սամվել Գևորգյանը:  

«Մեր առաջին խնդրն է՝ կարճաժամկետ լուծումներ գտնել փոքր բիզնեսները պահելու համար: Պետք է կենտրոնանալ ոչ թե այն բանի վրա, թե մենք Թուրքիայից որքան և ինչ ենք ներմուծում, այլ՝ ինչու ենք այդ ապրանքները հենց Թուրքիայից ներմուծում: Պատճառները մի քանիսն են ու դրանք ունեն բիզնես հիմնավորումներ»,- դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ կան» թեմայով վեբինարի ժամանակ նշեց Սամվել Գևորգյանը: 

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը որոշել է արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան։ Արգելք է սահմանվել վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքների համար։ Իսկ հումքի ներմուծումը դեռևս չի արգելվում։ Վերջնական սպառման ապրանքի ներմուծման արգելքը վեց ամսով է։ Թուրքիայից Հայաստան ներմուծման կազմում, ինչպես ցույց է տալիս տվյալների վերլուծությունը, 80%-ը պատրասի ապրանքներն են՝ հագուստից, կոշիկից, կենցաղային պարագաներից սկսած մինչև պտուղ-բանջարեղեն։ 

«Հումքի ներմուծումը չարգելելը ճիշտ որոշում է»

Սամվել Գևորգյանը համարում է, որ Թուրքիայից հումքի ներմուծումը չարգելելը ճիշտ որոշում է, քանի որ հայ արտադրողները թուրքական հումքից մեծ կախվածություն ունեն: Օրինակ՝ հագուստի, տեքստիլի արտադրության մեջ օգտագործվող հումքի մեծ մասը ներկրվում է Թուրքիայից: Ներմուծման արգելքի որոշման ընդունումից հետո մեր բիզնեսներին ժամանակ տրվեց ադապտացվելու և որոշումներ կայացնելու համար: 

«Եթե հումքի ներմուծումը ևս արգելենք, ապա պետք է դրան որպես այլընտրանք հումքի արտադրության տեղական ձեռնարկություն ստեղծենք: Պատրաստի արտադրանքը ներմուծում ենք 1000 միավորով, վաճառում՝ 1200, իսկ հումքը ներմուծում ենք 500 միավորով, իրեն դարձնում ենք 1000 միավոր: Եվ 500 միավոր ավելացնելով՝ ավելացված արժեք ենք ստեղծում, հարկեր վճարում, աշխատատեղեր ստեղծում: Այսինքն՝ պատրաստի արտադրանքի ներմուծման դեպքում աշխատում է մեկ-երկու անձ՝ ներմուծողը և վաճառողը: Իսկ հումքի ներմուծման և արտադրության կազմակերպման պարագայում մի քանիսը՝ ձեռներեցը, կարողները և այլն: Այս տեսանկյունից հումքի ներմուծումը չարգելելը բավական լավ մոտեցում է»,- նշում է բիզնես խորհրդատուն: 

Նա ներկայացրեց մի ձեռներեցի օրինակ, որը Թուրքիայից ներմուծում է վարագույրներ և վաճառում տոնավաճառում: Որպես այլընտրանք նրան առաջարկվել է ներմուծել ոչ թե պատրաստի վարագույրը, այլ հումքը՝ կտորը: Այնուհետև Հայաստանում կազմակերպել վարագույրի արտադրությունը, որը բարդ գործընթաց չէ:

Տեղափոխում, մաքսազերծում. լոգիստիկ խնդիրներ

Սամվել Գևորգյանի խոսքով՝ հայ ձեռներեցները Թուրքիայից են ապրանքներ ներմուծում, քանի որ թուրքական շուկան ձեռնտու է ոչ միայն գին-որակ չափանիշներով, այլ՝ լոգիստիկ առումով: 

Որակական տեսանկյունից թուրքական ապրանքները ձեռնտու են հայ սպառողների համար: Գնային տեսանկյունից  ևս թուրքական ապրանքները մրցունակ են շուկայում՝ հեշտ «մարսվում են» մեր շուկայի կողմից: 

Երկրորդ պատճառը լոգիստիկ հարցերն են: Բավական հեշտ է գնալ Թուրքիա, ապրանք պատվիրել և փոխադրող ընկերությունների միջոցով, առանց մեծ ջանք թափելու, Հայաստան բերել այդ ապրանքները: Տրանսպորտային այդ ընկերությունները զբաղվում են թե՛ առաքմամբ, թե ՛ մաքսազերծմամբ: Այսինքն՝ ձեռներեցը գնում է Թուրքիա, պատվիրում ապրանքը, հետ է գալիս ու տրանսպորտային ընկերությունը ապրանքը հասցնում է իր պահեստ: 

Եվ երրորդ պատճառը վճարման գործընթացի վստահելի, անխափան աշխատանքն է: «Հայ ու թուրք ձեռներեցները բավականին լավ, վստահելի հարաբերություններ են ստեղծել: Օրինակ՝ հայ ձեռներցները հնարավորություն են ունենում ապրանքները գնել և դրանց դիմաց վճարել ավելի ուշ: Շեշտը չի դրվում 100 տոկոս կանխավճարների վրա»- ասում է Սամվել Գևորգյանը:

Չինաստան, Բելառուս, Արևելյան Եվրոպա. այընտրանքային շուկաներ

Գին-որակ  չափանիշներով հայական շուկայում թուրքական ապրանքներին կարող են փոխարինել Չինաստանից, Բելառուսից, Արևելյան Եվրոպայից, Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Բուլղարիայից ու Ռումինիայից ներմուծված ապրանքները: Սակայն այստեղ, ըստ Սամվել Գևորգյանի, կարող են ինչպես վճարումների, այնպես էլ՝ լոգիստիկ խնդիրներ առաջանալ:

«Երբ սկսվեն  նոր համագործակցությունները, հայ ձեռներեցները ապրանքները ներմուծելիս պետք է 100 տոկոս կանխավճարներ փոփանցեն: Այսինքն՝ ձեռներեցն առանց ապրանքը վաճառելու պետք է իր դրամական միջոցները տրամադրի դրանք ձեռք բերելուն: Խնդիրներ են առաջանալու նաև լոգիստիկ տեսանկյունից՝ տրանսպորտային միջոցներ գտնելու, տեղափոխելու, մաքսազերծելու հարցերում: Այդ ամենը ձեռներեցից ժամանակ ու լրացուցիչ ծախսեր են խլում»,- նշում է բիզնես խորհրդատուն:

Նրա խոսքով՝ հիմա տարատեսակ գործիքներ են մշակվում տեղական արտադրությունն ու տեղական ապրանքների վաճառքը խթանելու համար: Այս ճանապարհին, ըստ Սամվել Գևորգյանի, ձեռներեցները ինքնակրթվելու կարիք ունեն օտար լեզուներ սովորելու և նոր կապեր, գործընկերներ ձեռք բերելու համար: 

Լուսանկարը՝ BSC Business Support Center-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter