HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ԼՂ-ում տեղի ունեցածը ցույց է տալիս Շվեյցարիայի դերը զենքի համաշխարհային բիզնեսում»․ Շվեյցարիայում արձագանքել են «Հետքի» հոդվածին

Դեկտեմբերի 2-ին հոդված էինք հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմում թշնամու կիրառած իսրայելական կամիկաձե ԱԹՍ-ներում օգտագործվում են, մասնավորապես, շվեյցարական եւ ֆրանսիական արտադրության դետալներ։

«Հետքի» հոդվածն արձագանք է գտել Շվեյցարիայում․ մի երկիր, որը պատերազմներում հայտնի է իր չեզոքությամբ։ Իրականում, սակայն, այդ չեզոքությունը առերեւույթ է, քանզի շվեյցարական տեխնոլոգիաները ոչ անմիջականորեն դարձել ու դառնում են տարբեր մահացու զինատեսակների կարեւոր բաղկացուցիչ։

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը եւ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը հոկտեմբերի 18-ին Շուշիի մերձակայքում գտել, ուսումնասիրել եւ լուսանկարել էին հայ հակաօդայինների խոցած թշնամական «Harop» դրոնը, որը հայտնի է նաեւ որպես կամիկաձե՝ ինքնասպան ԱԹՍ։ Այն արտադրում է իսրայելական «Israel Aerospace Industries» (IAI) ընկերությունը։ Մեր հրապարակման մեջ առանձնացրել էինք կամիկաձե դրոնի երկու դետալ՝ շվեյցարական «Faulhaber Minimotor SA» ընկերության արտադրած էլեկտրաշարժիչը եւ ֆրանսիական «Eurofarad» ընկերության թողարկած ռեոստատը։

«SRF» հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը, որը մտնում է Շվեյցարիայի ազգային հեռուստառադիոընկերության (SRG SSR) կազմի մեջ եւ նախատեսված է այդ երկրի գերմանախոս բնակչության համար (Շվեյցարիան 4 պետական լեզու ունի՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռոմանշերեն), զարգացրել է «Հետքի» բարձրացրած թեման։ «SRF»-ի մեր գործընկեր Թոբիաս Գասերը (Tobias Gasser) մեկնաբանություն է վերցրել արտադրողի մայր կազմակերպությունից՝ գերմանական «Faulhaber»-ից, եւ Շվեյցարիայի էկոնոմիկայի պետքարտուղարությունից (SECO)։

Էկոնոմիկայի պետքարտուղարությունը «SRF»-ին փոխանցել է․ «Նման էլեկտրական սարքերի (էլեկտրաշարժիչների) վրա ապրանքների վերահսկման օրենսդրությունը չի տարածվում, եւ դրանք կարող են արտահանվել առանց թույլտվության»։ Ըստ պետական մարմնի՝ այդպիսի սարքերը կարող են լայնորեն օգտագործվել արդյունաբերության մեջ։ Միաժամանակ էկոնոմիկայի պետքարտուղարությունը հայտնել է, որ խնդրո առարկա էլեկտրաշարժիչը կիրառվում է ոչ թե դրոնը վարելու, այլ, թերեւս, դրա թեւերի ծալվող մեխանիզմը գործարկելու համար։ Նկատենք, որ «Հետքի» թիմը խոցված ԱԹՍ-ի վրա հայտնաբերել էր 2 էլեկտրաշարժիչ (տես լուսանկարում)՝ մեկական յուրաքանչյուր թեւի համար։

Բայց այստեղ հարց է ծագում․ ի՞նչ տարբերություն՝ շվեյցարական արտադրության դետալով աշխատում է ամբողջ զենքը, թե դրա մի հատվածը, որը, շեշտենք, նվազ կարեւորություն չունի։ Արձակող համակարգում «Harop» դրոնների թեւերը գտնվում են ծալված վիճակում, իսկ արձակման պահին դրանք բացվում են։ Այսինքն՝ առանց թեւերը բացող էլեկտրաշարժիչի աշխատանքի՝ դրոնը չի կարող թռչել եւ, իհարկե, սպանել հետագայում։    

Լրագրող Թոբիաս Գասերը գերմանական «Faulhaber» խմբին հարցրել էր, թե արդյոք վերջինս կարող է հաստատել, որ իրեն պատկանող «Faulhaber Minimotor SA»-ի արտադրած մասերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Երկրորդ՝ շվեյցարական ընկերությունը իսրայելական «IAI»-ին մատակարարե՞լ է նման սարքեր։ Երրորդ՝ «Faulhaber»-ը տեղյա՞կ է, որ իր էլեկտրաշարժիչներն օգտագործվում են «Harop» կամիկաձե դրոնի մեջ։ Չորրորդ՝ «Faulhaber»-ի վարքականոնում ասվում է, որ այն հարգում է մարդու իրավունքներն ու ձգտում համապատասխանել արտահանման-ներկրման կանոններին․ ըստ այդմ՝ ընկերությունը հակասություն չի՞ տեսնում իր վարքականոնի եւ հրապարակված պատկերների (նկատի է ունեցել էլեկտրաշարժիչի լուսանկարները «Հետքում»- հեղ․) միջեւ։

Ի պատասխան՝ գերմանական խումբը հայտարարել է, թե ամբողջ աշխարհում իր ապրանքների շարժը կարգավորվում է արտահանման վերահսկողության միջազգային կանոններով։ «Faulhaber»-ը կարծիք է հայտնել, որ այդ կանոնները գործել են նաեւ իսրայելական ԱԹՍ-ի վրա հայտնված իր դետալի տեղափոխման պարագայում։ Լրացուցիչ պարզաբանման մեջ գերմանական արտադրողը հաստատել է, որ էլեկտրաշարժիչն արտադրվել է Շվեյցարիայում՝ նկատելով, որ սարքն իրենից ներկայացնում է փոխանցման տուփ («Faulhaber Minimotor SA»-ի տվյալ արտադրանքը, գիտական լեզվով ասած, քայլային էլեկտրաշարժիչ է- «Հետք»), որը կարող է արտահանվել առանց թույլտվության։ Ըստ «Faulhaber»-ի՝ ինքն արտադրում է նման սարքեր արդյունաբերության տարբեր ճյուղերի համար եւ արտահանում աշխարհով մեկ։ Այդպիսի սարքավորումները, գերմանական կողմի տեղեկացմամբ, կիրառվում են բժշկական տեխնիկայում, օդափոխման համակարգերում, լաբորատոր սարքերում, ավտոմատացված համակարգերում, ռոտոբաշինության, օպտիկայի, ավիատիեզերական տեխնիկայի մեջ եւ այլ ուղղություններում։

«Մենք սովորաբար նման բաղադրիչները մատակարարում ենք որպես էլեկտրամեխանիկական հանգույցների մաս, որոնք իրենց հերթին տեղադրվում են վերջնական համակարգերում»,- «SRF»-ի լրագրողին հայտնել է «Faulhaber»-ը։

Գերմանական արտադրողի եւ իր երկրի էկոնոմիկայի պետքարտուղարության պարզաբանմանը անդրադառնալուց հետո Թ․ Գասերը նկատում է․ «Եթե Հայաստանը պատասխան պահանջի Շվեյցարիայից, Շվեյցարիայի դեսպանը հավանաբար ստիպված կլինի ասել՝ ցավում ենք, բայց դա սովորական արդյունաբերական ապրանք էր։ Օրենսդրության տեսանկյունից սա ճիշտ է, բայց արտաքին քաղաքականությանը հասցված վնասը մնում է»։

Գասերը նաեւ նշում է, որ դրոններն այսօր դարձել են պատերազմ վարելու էժան, անվտանգ եւ արդյունավետ միջոցներ, իսկ Շվեյցարիան իր բարձրտեխնոլոգիական արդյունաբերությամբ զարգացնում է այնպիսի արտադրանք, որը հետո կարող է կիրառվել ռազմական ԱԹՍ-ներում։ Ու եթե այդ արտադրանքը համարվում է սովորական ապրանք, այն կարող է առանց թույլտվության Իսրայելի միջոցով հասնել Ադրբեջան։ «Քաղաքական գործիչները կարող են ձգել պտուտակներն ու որոշել, որ արդյունաբերական բոլոր ապրանքները դրանց օգտագործման եւ հասցեատեր երկրի մասով պետք է մանրակրկիտ ստուգում անցնեն։ Տնտեսությունը կընդդիմանա, թե այդ դեպքում քսայուղերը եւս պետք է վերահսկել․ հնարավոր չէ,- գրում է Թոբիաս Գասերն ու հավելում,- սրա այլընտրանքն այն է, որ Շվեյցարիան համակերպվի այն փաստի հետ, որ «արտադրված է Շվեյցարիայում» պիտակը պետք է թռչի դրոնների պատերազմներում»։

Թեմային անդրադարձել է նաեւ Շվեյցարիայի գերմանալեզու «Die Wochenzeitung» (WOZ) շաբաթաթերթը։ Վերջինս գրում է, որ «Faulhaber Minimotor SA»-ի նման ընկերություններն օգուտ են քաղում վերահսկվող ապրանքների ցուցակներում չներառված արտադրանքի իրացումից։ Թերթի փոխանցմամբ՝ գերմանական «Faulhaber» խումբն ընդհանուր առմամբ 17 դուստր ձեռնարկություն ունի, որոնցից 6-ը գործում են Շվեյցարիայում։ «WOZ»-ը հիշեցնում է, որ ինքը նախկինում անդրադարձել է այս 6-ից երեքին («Faulhaber Precistep SA», «Faulhaber Minimotor SA» եւ «MPS Micro Precision Systems AG»), որոնք մատակարարում են հատուկ ռազմական ապրանքներ․ վերջիններս արտադրվել են ռազմական նպատակներով, սակայն որպես այդպիսին զենք չեն համարվում։

Ըստ «WOZ»-ի ունեցած տվյալների՝ 2017-ին «Faulhaber»-ի շվեյցարական դուստր ընկերություններն ստացել են ընդհանուր մոտ 4 մլն շվեյցարական ֆրանկ (շուրջ 4,5 մլն դոլար) արժեքով ռազմական նշանակության հատուկ ապրանքներ արտահանելու լիցենզիա։ Ուշագրավ է եղել հատկապես «MPS Micro Precision Systems AG»-ի ստացած պատվերը։ Խոսքը «ռումբեր, տորպեդներ եւ այլ հրթիռներ» կատեգորիայի ավելի քան 850.000 ֆրանկ (մոտ 960.000 դոլար) արժեքով բաղադրիչներ դեպի Իսրայել մատակարարելու մասին է։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բաղադրիչների մասին է խոսքը։

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցույց է տալիս Շվեյցարիայի դերը զենքի համաշխարհային բիզնեսում․ վերջինս կարեւոր մատակարար է միլիարդներ արժեցող զենքի բիզնեսում։ Մեծաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են ճշգրիտ տեխնոլոգիաներում, շահույթ են ստանում զենքի մատակարարման միլիոններ արժեցող պայմանագրերից,-  գրում է «WOZ»-ը՝ հավելելով, որ այդ արտահանումները պաշտոնական վիճակագրության մեջ չեն երեւում,- ամեն դեպքում, այնպիսի ՓՄՁ-ները, ինչպիսին է «Faulhaber Minimotor SA»-ն, հասարակության կողմից չեն ընկալվում որպես զենք արտադրողներ»։

Անդրադառնալով Իսրայելին՝ շվեյցարական շաբաթաթերթը նշում է, որ սկսած 1970-ականներից ԱԹՍ-ների ստեղծման գործում այդ երկիրը պիոներ է ու ԱՄՆ-ի հետ մեկտեղ համարվում է գերտերություն դրոնների ոլորտում։ Հղում անելով Մեծ Բրիտանիայում գործող «Drone Wars» ոչ կառավարական կազմակերպությանը՝ «WOZ»-ը գրում է, որ իսրայելական զենքի արտահանումից ստացված ընդհանուր եկամտի ավելի քան 10 %-ը բաժին է հասնում ԱԹՍ-ներին։

Մեկնաբանություններ (2)

patrick
As a swiss citizen I'taken in a absurd cycle. Ongoing weapon and for weapon used tecnology is developed and exported. Swiss are quite smart and informed so it is for sure thry know where the tecnology goes to and for what killing purposes it is used for. So bye bye neutrality, only left some shiny marketing glamour. The circe closes with the hunanitarien help... My self igive as many swiss do lots of money to ICRC and many other NGOs in the field.. In exact we help killing and than we are so sorry and we help... Two industries working hand in hand. I am sorry for the first part of the cicle, perhaps I'll stop with giving in the second because I feel so idiotic and absurd in these dramma.
Raffi Kevonian
Conditional sale: sold products should not be used on products are for military or with the intention of killing people use.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter