
Սպանելու բիզնես. ֆրանսիական ու շվեյցարական տեխնոլոգիաները՝ Ադրբեջանի կողմից կիրառվող իսրայելական «կամիկաձեներում»
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում «Հետքի» թիմը հընթացս փաստեր է հավաքել թշնամու կողմից Արցախի դեմ կիրառվող զինատեսակների մասին: «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը եւ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը լուսանկարել են տարբեր հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի մնացորդներ:
Հավաքած նյութը թույլ է տվել պարզել, որ Ադրբեջանի կողմից կիրառվող իսրայելական «Harop» տեսակի ԱԹՍ-ները, որոնք հայտնի են որպես «կամիկաձեներ», այսինքն՝ ինքնասպան կամ մահապարտ դրոններ են, օգտագործում են ֆրանսիական եւ շվեյցարական սարքեր:
Կանադական, ամերիկյան ու ավստրիական ընկերությունները հայտնել են իրենց դիրքորոշումը
Մինչ ֆրանսիական ու շվեյցարական սարքերին անդրադառնալը հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում խոցված թուրքական «Bayraktar TB2» դրոնների վրա ապացուցվել էր կանադական «WESCAM» ընկերության տեսախցիկների առկայությունը: «WESCAM»-ն իր հերթին ամերիկյան «L3Harris Technologies»-ի դուստր ընկերությունն է:
Բայց մինչեւ ՊԲ-ի կողմից «Bayraktar»-ների խոցումը՝ դեռ հոկտեմբերի սկզբին, արդեն հաղորդագրություններ էին հայտնվել, որ թուրքական անօդաչուների վրա կիրառվում են կանադական տեխնոլոգիաներ: Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ իրենց արտահանումները չպետք է հակասեն որդեգրված սկզբունքներին ու օրենքներին: Ըստ Կանադայի ներմուծման եւ արտահանման թույլտվության ակտի՝ արգելվում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման նպատակով: Իր հերթին արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը որոշեց սառեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային եւ հետաքննություն սկսել: Սա առաջացրեց Թուրքիայի դժգոհությունը:
Եվ ահա հոկտեմբերի 19-ին Արցախի հակաօդայինների կողմից խոցված թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ի վրա հայտնաբերվեց այս տարվա հունիսին «WESCAM»-ի արտադրած «CMX-15D» մոդելի հեռակառավարվող տեսախցիկը, որը դրոնի վրա տեղադրվել էր սեպտեմբերին (տես լուսանկարում):
Բացի Կանադայից՝ ճնշման տակ հայտնվեցին նաեւ ամերիկյան ընկերությունները: Հոկտեմբերի վերջին ամերիկահայերը բողոքի ցույց անցկացրին ամերիկյան «Viasat» ընկերության դեմ, որը արբանյակային կապ եւ սարքավորումներ է վաճառում Թուրքիային: Ընկերության արտադրանքն ու կապի տեխնոլոգիաները կիրառվում են թուրքական «Bayraktar TB2» եւ «Anka-S» մարտական ԱԹՍ-ների համար: «Viasat»-ը ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ նպատակադրված է դադարեցնել մատակարարումները Թուրքիային եւ մոտ ժամանակները դիմելու է ԱՄՆ պետական կառույցներին՝ պահանջելով քննել, թե ինչպես է Թուրքիան օգտագործում իր տեխնոլոգիաները։ «Viasat»-ի ներկայացուցիչը պնդել էր, թե իրենք տեղյակ չեն, որ իրենց արտադրանքն օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ եւ հիվանդանոցներ ռմբակոծելու համար:
Ամերիկահայերը բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ «Lockheed Martin» ռազմաարդյունաբերական ընկերության առաջ (լուսանկարում), որը «Turkish Aircraft Industries» ընկերության հետ համատեղ «F-16» կործանիչներ է արտադրում թուրքական օդուժի համար: Վերջիններիս առկայությունը Ադրբեջանում պատերազմի օրերին եւս ապացուցվել է, իսկ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ դրանք կիրառվել են նաեւ ռազմաճակատում: Բացի դրանից՝ ամերիկյան ընկերությունն արտադրում է թիրախի հայտնաբերման եւ նույնականացման համակարգեր այս կործանիչների համար, ինչպես նաեւ հրթիռներ «S-70B Seahawk» ուղղաթիռների համար: «Lockheed Martin»-ը ամերիկահայերի ակցիային չէր արձագանքել, փոխարենը ամերիկահայերի գործողությունների շնորհիվ ամերիկյան «DLA Piper» իրավաբանական ընկերությունն ու «The Livingston Group» լոբբիստական կորպորացիան հրաժարվել էին իրենց հաճախորդ Ադրբեջանից:
Շատ չանցած՝ հայտնի դարձավ, որ ավստրիական «Rotax» ընկերությունը «Bayraktar TB2» դրոնների վրա գործածվող շարժիչներ այլեւս չի մատակարարի: «Rotax»-ը կանադական «Bombardier Recreational Products»-ի դուստր ընկերությունն է եւ հենց կանդական ձեռնարկության հրահանգով է դադարեցրել թուրքական կողմի հետ համագործակցությունը: Հարկ է նկատել, որ «Rotax»-ի շարժիչներն արտադրվել են թեթեւ ու գերթեթեւ ինքնաթիռների համար՝ ոչ ռազմական նպատակներով, իսկ դրանց վաճառքն իրականացվել է միջազգային միջնորդների կողմից։ Այս դեպքում Թուրքիային մատակարարումներ է կատարել Իտալիան։
«Քանի որ դրանք ո՛չ հատուկ ռազմական նպատակներով են արտադրվել, ո՛չ էլ ԵՄ-ի՝ պարտադիր թույլտվությամբ ապրանքների չափանիշներին են համապատասխանում, կարող են օրինական, առանց նախնական թույլտվության Թուրքիա արտահանվել»,- նշել էր Ավստրիայի էկոնոմիկայի նախարարության աշխատակից Վոլֆգանգ Շնայդերը։ Այդուհանդերձ, միջազգային տնտեսական իրավունքը նախատեսում է, որ ապրանքների արտահանման համար էկոնոմիկայի նախարարության կողմից թույլտվություն հարկավոր է, եթե դրանք «արտադրվում են կամ փոփոխության ենթարկվում ռազմական նպատակներով կամ կիրառվում են ներքին ճնշումների, մարդու իրավունքների խախտման կամ ահաբեկչական նպատակների համար»:
Ֆրանսիական եւ շվեյցարական սարքավորումներ՝ «Harop» ԱԹՍ-ների վրա
Ադրբեջանի կողմից իսրայելական ԱԹՍ-ների կիրառումը նորություն չէ: Արցախի ՀՕՊ-ն առաջին անգամ դրանց առնչվել է 2011-ի սեպտեմբերին, երբ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում խոցվել էր «Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդը:
«Հետքի» աշխատակիցները, ի թիվս այլ զինատեսակների, պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 18-ին, լուսանկարել են նաեւ «Harop» տեսակի իսրայելական մահապարտ ԱԹՍ-ն, որն ընկել էր Շուշիի մոտակայքում: Ինչպես կարող ենք տեսնել, թշնամու «կամիկաձեն» չի հասել իր նպատակին եւ խոցվել է բնակելի ու ռազմական օբյեկտներից հեռու:
«Israel Aerospace Industries» (IAI) ընկերության կողմից թողարկվող «Harop» դրոնները արցախյան ճակատում սկսեցին կիրառվել 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում: Մեր ձեռքի տակ ունենք հայ հակաօդայինների կողմից այդ պատերազմում խոցված իսրայելական ԱԹՍ-ների տարբեր լուսանկարներ, այդ թվում՝ ոչնչացված «Harop»-ի: Ստորեւ ներկայացվող լուսանկարներն արվել են 2016-ի ապրիլի 7-ին:
Ընդ որում՝ եթե բուն ԱԹՍ-ն արտադրում է «IAI»-ն, ապա դրա մարտագլխիկը, որի ընդհանուր քաշը 15,2 կգ է, իսկ պայթուցիկ զանգվածը՝ 5,7 կգ, արտադրվել է իսրայելական մեկ այլ՝ «Rafael» ընկերության կողմից (տես լուսանկարում):
Այն, որ 2016-ին եւ այս տարվա հոկտեմբերին նկարված ԱԹՍ-ները նույն տեսակի են, ապացուցվում է, մասնավորապես, դրանց ծալովի, կիսաեռանկյունաձեւ թեւերով ու թեւերի տակ առկա ծխնիներով (петля):
Ադրբեջանի զինանոցում կան հետախուզական, հարվածային եւ մահապարտ տիպի տարբեր ԱԹՍ-ներ, սակայն միայն «Harop»-ի թեւերն են նման կառուցվածքով:
«Harop»-ի վրա կիրառվող սարքերից առանձնացրել ենք շվեյցարական «Faulhaber Minimotor SA» ընկերության (գերմանական «Faulhaber»-ի դուստր ձեռնարկությունն է) էլեկտրական շարժիչն ու ֆրանսիական «Eurofarad» ընկերության (ներառված է «Exxelia» խմբի մեջ) թողարկած ռեոստատը:
Սրանք ընդամենը օրինակներ են, թե ինչպես են անմեղ թվացող դետալները կիրառվում մահացու զենքերում, որոնք Ադրբեջանի կողմից առանց խտրականության օգտագործվել են վերջին պատերազմի ընթացքում:
«Հետքի» ձեռքի տակ կան Արցախի ոչ ռազմական օբյեկտների դեմ կիրառված այլ զինատեսակների դետալներ եւս, որոնք արտադրվել են այնպիսի երկրների ձեռնարկություններում, որոնք այս կոնֆլիկտից թե՛ աշխարհագրորեն եւ թե՛ մասնակցություն ունենալու առումով շատ հեռու են: Իրականությունն այն է, որ ներկայում ամենատարբեր ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք ստեղծվում են հիմնականում քաղաքացիական նպատակներով, դրանց արտադրողների կողմից, ի թիվ այլոց, վաճառվում են բիզնես շահեր հետապնդող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ապա հայտնվում վերջիններիս հաճախորդ պետությունների ձեռքում, որոնց գլխին կանգնած են խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական ակտեր իրականացնելուց չխորշող ավտորիտար կամ դիկտատոր ղեկավարներ: Այս ամենի հետեւանքով աշխարհի ինչ-որ անկյունում ստեղծված փոքր դետալը կարեւոր պտուտակ է դառնում անմեղ մարդկային կյանքեր խլող մահացու զենքը գործարկելու մեջ: Սա է զենքի բիզնեսը, սպանելու բիզնեսը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել