
Վախեցեք պարտության աչքերին նայելուց
Պատերազմին մասնակցած տղերքը համարյա բան չեն պատմում: Նրանց փոխարեն ուրիշները զանազան հեքիաթներ են պատմելու ձեզ հիմա եւ առաջիկայում: Դուք տեսե՞լ եք ժամկետային զինծառայողները՝ 18-20 տարեկանները, ինչ-որ բան պատմեն: Նրանք համարյա չեն խոսում: Ու գիտե՞ք, թե ինչու չեն խոսում, որովհետեւ նրանք չեն կարողանում մոռանալ իրենց զոհված ընկերներին, իրենց մեղավոր են զգում իրենց ընկերների զոհվելու համար, անընդհատ մտածում են, որ իրենք կարող էին մի բան անել, որ իրենց ընկերները չզոհվեին, նրանց դիակները չթողնեին: Հավատացեք, նրանք ամեն ինչ արել են, բայց միեւնույնն է՝ ողջ կյանքում այդ զգացումը նրանց հանգիստ չի տալու: Երբեմն նրանք սարսափելի «ընտրության» առաջ են կանգնել:
Նաբիլարում (Զառիսլու գյուղի մոտ) ժամեր շարունակ հակառակորդին հետ մղող տղերքից մեկը՝ Արտակը, հեկեկալով պատմում էր, որ չկարողացավ հորեղբոր դիակը հանել, որովհետեւ պետք է վիրավորներին հանեին: Նրանց օգնություն էին խոստացել, բայց այդպես էլ չէին ուղարկել, ավտոմատներն արդեն չէին կրակում: Տեղանքն իմացողները գիտեն, որ հենց այս հատվածով են ադրբեջանցիները դուրս եկել Շուշի տանող ճանապարհ:
Չգիտեմ ինչու բոլորը ճշմարտություն են համարում այն տեսակետը, որ մենք պարտվելու էինք այս պատերազմում: Ես չեմ ասում, որ մենք կարող էինք հաղթել, բայց մենք կարող էինք թշնամուն կանգնեցնել մեզ համար շատ ավելի նպաստավոր դիրքերում: Իմ այս պնդումը հաստատելու համար պատերազմի 44 օրվա յուրաքանչյուր օրը մանրամասն պետք է հետաքննել, որով էլ պարզ կդառնա, որ բանակն իր տեղում էր եւ խնդիրները հիմնականում կատարում էր: (Նախապատերազմյան շրջանի մասին շատ բաներ չգիտենք, դա առանձին թեմա է, ու շատ էական է նաեւ այդ շրջանը, պետք է պարզել թե ինչու պատերազմը սրընթաց մոտեցրին մեզ): Ամեն մի գործողություն, յուրաքանչյուր դիրքի, գյուղի, քաղաքի հանձնումը մի առեղծվածային պատմություն է: Իսկ Լելե Թեփեի ձախողված գործողությունը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մեզ այլընտրանք չի թողել, ու պարտության անիվն սկսեց հազարավոր զոհերի վրայով շարժվել դեպի Շուշի:
Հիմա առանձնապես գրելու, խոսելու ցանկություն չունեմ, չգիտեմ էլ՝ այդպիսի ժամանակ կլինի՞, թե՞ ոչ: Բայց երբ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, դասակի, վաշտի, գումարտակի, գնդի հրամանատարներն անպայման կխոսեն: Ես նրանցից շատերի հետ հանդիպել եմ, զրուցել: Ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս ենք հայտնվել այս շրջապտույտի մեջ: Ու ամեն հանդիպումից հետո միայն հարցեր էին կուտակվում, որոնց պատասխաններն այդ ժամանակ չէի կարողանում գտնել: Որովհետեւ ինձ կտրել էի ֆեյսբուքից, ինտերնետից ու միակ տեղեկատվությունը մարդիկ էին: Իսկ պարզվում է, որ «պատերազմը» ֆեյսբուքում էր՝ «հաղթելու ենք» հեշթեգով:
Ես Արծրուն Հովհաննիսյանին չէի հետեւում, նախորդ շրջաններից գիտեի, որ նրա ասած ցանկացած միտք պետք է ստուգել: Նույնը եղել է 2016 թ. ապրիլյանի ժամանակ, նույնը եղել է այս տարվա տավուշյան դեպքերի ժամանակ, նույնը՝ այս պատերազմում: Ասեմ, որ նա անմիջապես ղեկավարվում էր Դավիթ Տոնոյանի կողմից, ապրիլյանի, տավուշյան դեպքերի ժամանակ՝ նույնպես: Այս պատերազմում էլ Դավիթ Տոնոյանի հիմնական գործառույթը եղել է հենց քարոզչության կուրացիան: Իսկ գիտե՞ք, թե ինչու, որովհետեւ Դավիթ Տոնոյանը ռազմական գործից առանձնապես բան չի հասկանում, դա կարող են հաստատել նրա թե՛ նախկին, թե՛ ներկա գործընկերները: Նա խրամատում երբեք որեւէ գործողության չի մասնակցել: Իսկ պարտության փաստաթղթի ստորագրումից հետո նա հեռացավ՝ իր զինվորների դիակները թողնելով անհայտության մեջ:
Իսկ մենք չենք կարող պարտության աչքերին նայել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել