HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուստամ Մուրադով․ «Հին Թաղերի և Խծաբերդի շրջանում իրավիճակը կայունացել է»

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը անդրադարձել է վերջին օրերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին։ 

Մուրադովի խոսքերով՝ մարտական գործողությունները հնարավոր են եղել դադարեցնել ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում։

«Այս պահին իրավիճակն այդ շրջանում կայունացել է։ Ռուս խաղաղապահները իրավիճակի մշտադիտարկում են անցկացնում և փոխգործակցում են հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ»,- նշել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունից հետո առաջին անգամ՝ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը խախտել էին հրադադարի ռեժիմը։ Ըստ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20։40-ին, հակառակորդը հարավային ուղղությամբ (Հադրութի շրջան, խմբ․) հարձակման փորձ էր ձեռնարկել, որի ընթացքում երեք հայ պահեստազորայիններ վիրավորվել էին։

Դեկտեմբերի 12-ին էլ՝ ժամը 18։30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղերր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռնարկել են համարժեք քայլեր։

Նշենք, որ Հին Թաղերն և Խծաբերդը Հադրութի շրջանի այն եզակի գյուղերից են, որոնք պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը չեն կարողացել գրավել։

Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերին Հայաստանի անվտանգության խորհրդի այսօրվա արտահերթ նիստին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Аверин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter